Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ գուցե մոտ ապագայում «կառուցողական» նոր ընդդիմադիր քաղաքական ուժի ծնունդ արձանագրվի»

Նոյեմբեր 16,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը՝ Արմեն Գրիգորյանի դիտարկումների մասին

 -ՀՀ-ն զրկվեց ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, թեև իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ՀԱՊԿ-ի հարցով իրենց դիրքորոշումը վաղուց են հայտնել, որ չեն պատկերացնում այդ կառույցում իրենց համագործակցությունը։

-Եթե հարցը դիտարկենք այդ որոշման իրավական ու քաղաքական իրական հետևանքների տեսանկյունից, ապա բավական հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել: Հայաստանի ՀԱՊԿ անդամ գործընկեր-պետությունները պաշտոնական Երևանի՝ այդ կառույցի աշխատանքներին գործնականում չմասնակցելու փաստացի վարքագիծը կամ բոյկոտը ետին թվով հաստատեցին իրենց որոշմամբ՝ հայկական կողմին զրկեցին ձայնի իրավունքից: Այսինքն՝ ասացին, որ պաշտոնական Երևանի կամավոր լռությունն այժմ վերածվում է իրենց կողմից պարտադրված ձայնազրկության: Բայց դրանով էլ պաշտոնապես արձանագրեցին, որ կազմակերպության գործունեության մեջ ճեղքվածք է առաջացել: Սա քաղաքական առումով հատկապես պաշտոնական Մոսկվայի միջազգային վարկն արատավորող տհաճ բիծ է: ՀԱՊԿ-ը բոլորի կողմից դիտարկվում է՝ որպես ռուսական քաղաքական շահերը սպասարկող ռազմական կազմակերպություն, որն ուներ գործունեության երեք հիմնական ուղղություն՝ Կենտրոնական Ասիա, ուր գործում են ռուսական ռազմակայաններ, Հարավային Կովկաս՝ ուր Հայաստանի տարածքում գործող ռուսական ռազմակայանը դեռևս ապահովում է ՌԴ ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում և Բելառուս, որն ամբողջությամբ վերցված մի մեծ ռուսական ռազմակայան է: ՀԱՊԿ երեկվա նիստն, ըստ էության, արձանագրեց, որ Հարավային Կովկասում գոնե քաղաքական մակարդակում առաջացել է սողանցք: Կա նաև հարցի իրավական կողմը, որը վերաբերվում է պաշտոնապես ՀԱՊԿ անդամ մնացող, բայց ձայնազրկված Հայաստանի կողմից ՀԱՊԿ մյուս անդամների կայացրած որոշումների կատարմանը: Եթե Հայաստանն այլևս իրավունք չունի լիարժեքորեն մասնակցել որոշումների ընդունման գործընթացին, ապա պարտավորված էլ չի լինելու կատարել այդ որոշումները: Սրանից կազմակերպության համար մի շարք հետևանքներ են բխելու: Չմտնեմ մանրամասների մեջ, բայց օրինակ, այս ամենի հետևանքով ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերը հնարավորություն չեն ունենա Հարավային Կովկասի/Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնել: Չեմ էլ կարծում, որ, օրինակ, Ադրբեջանը մինչ Ուկրաինայում պատերազմի ավարտը ցանկություն կունենա անդամագրվել ՀԱՊԿ-ին ու լրացնել այդ բացը:

-ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում ԵՄ անդամակցության հեռանկարն անիրատեսական է համարում՝ նշելով, որ ԵՄ անդամակցության ճանապարհով արված յուրաքանչյուր նոր քայլ ոչ թե նվազեցնում, այլ ավելի է խորացնում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Համամի՞տ եք այս դիտարկումների հետ։ Ըստ Ձեզ՝ այս ամենի մասին ինչո՞ւ է Արմեն Գրիգորյանը միայն պաշտոնանկությունից հետո խոսում։

-Ես ավելի հակված եմ այս մոտեցումները դիտարկել Հայաստանում քաղաքական մի թարմ օրակարգ ներմուծելու դիտավորությամբ, քաղաքական ուժերի առկա ներքին հարաբերակցությունը փոխելու պոտենցիալ ներուժի տեսանկյունից: Առաջարկվող մոտեցումն, ըստ էության, մի նոր «իրական Հայաստանի» հայտ է, որը, չափավոր կերպով հարմարեցված լինելով տարածաշրջանային պետությունների ու Ռուսաստանի ընթացիկ պահանջներին ու շահերին, կարող է շարժել նրանց հետաքրքրությունը: Այստեղ կարևորն այն է, որ այս նոր օրակարգի ներմուծումը ունակ է ստվերելու, ետնապահի դիրքեր մղելու սեփական օրակարգով համախմբման ձգտող ընդդիմադիր ուժերին: Չեմ բացառում, որ գուցե մոտ ապագայում «կառուցողական» նոր ընդդիմադիր քաղաքական ուժի ծնունդ արձանագրվի:

-Սահմանադրական խորհուրդը քննարկում է «Հանրապետություն» կուսակցության առաջարկով Սահմանադրության նախագծում ներառել Հայաստանի ԵՄ անդամակցության դրույթը։ Սա ձեզ համար ընդունելի՞ է, թե՝ այն կարող է վտանգավոր լինել։

-Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերվող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում: Մեծ հաշվով, Սահմանադրությունը պետք է արտացոլի այն հիմնարար սկզբունքները, որոնցով իր գոյության ընթացքում առաջնորդվելու է պետությունը և այն մեխանիզմները, որոնց միջոցով այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն, միս ու արյուն ստանան: Մինչդեռ ընթացիկ արտաքին քաղաքական նպատակները կարող են փոփոխական լինել, հընթացս վերագնահատվել:

-Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում հանդիպման ժամանակ քննարկել են ԹՐԻՓՓ երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը։ Ի՞նչ եք կարծում՝ ԱՄՆ-ում վերջերս կայացած ընտրություններից հետո հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ի իրականացումը կասկածի տակ դրվի։

– ԱՄՆ-ում ԹՐԻՓՓ-ի ճակատագրի հանդեպ վերաբերմունքը, հավանաբար, կախված է լինելու Իրանի հետ առկա հակամարտության ընթացքից ու հանգուցալուծումից: Գոնե առաջիկա մեկ-երկու տարիներին նախագահ Թրամփի վարչակազմը հազիվ թե այս հարցում կտրուկ փոփոխություններ նախաձեռնի վերը նշված խնդրի տրամաբանությունից դուրս: Սակայն, անշուշտ, մենք պետք է նկատի ունենանք, որ աշխարհում ապակայունացնող գործոնները գնալով շատանում են, դրանց աշխարհագրությունն է ավելի ընդգրկուն դառնում և ինչ-որ մի պահի սա կարող է ներազդել նաև մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների ընթացքի վրա՝ անգամ անկախ ԱՄՆ գործող վարչակազմի կամքից:

-Մոսկվան և Բաքուն ստորագրել են ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտների կառուցման և արդիականացման ծրագիր։ Սա ի՞նչ նոր մարտահրավերներ կարող է ստեղծել ՀՀ-ի համար։

-Գաղտնիք չէ, որ ադրբեջանական բանակի սպառազինությունների ծանրակշիռ մասը արտադրված են Ռուսաստանում: Եթե տվյալ դեպքում խոսքը գնում է Ադրբեջանի տարածքում ռուսական ռազմական տեխնիկան արդիականացնելու և վերանորոգելու համար նախատեսված արտադրական հզորությունների ստեղծմանը, ապա դա կարող ենք գնահատել որպես ռուսական ռազմատեխնիկական աջակցությունից կախումը նվազեցնելուն ուղղված պաշտոնական Բաքվի մոտեցման գործնական իրականացում: Հավանաբար կան նաև պակաս կարևոր այլ դրդապատճառներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել