Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասում քոչվոր տնտեսաձևի և «թյուրք-ադրբեջանական էթնիկական» ներկայության մասին ադրբեջանական վերջին հայտարարությունների շուրջ

Ապրիլ 11,2024 21:55

Ադրբեջանական CBC հեռուստաալիքի պատրաստած «Հին Աղդամ. Ոչնչացված քոչվորական ժառանգություն» տեսանյութում  Արցախի հնագույն մշակույթի վերաբերյալ արվում են մի շարք ինքնահնար հայտարարություններ, որոնք աղավաղում և կեղծում են հնագիտական ժառանգության հետազոտության իրական պատկերը։

Մասնավորաբար, խոսելով ուշ բրոնզի և երկաթի դարերում Արցախում տնտեսական կենցաղավարման քոչվոր և կիսաքոչվոր տիպի մասին, մեջ են բերվում առանձին հնագետների հրատարակություններից՝ կոնտեքստից կտրված հատվածներ, փորձում այդ տնտեսաձևը կապել տարածաշրջանում թյուրքական ցեղերի՝ «ադրբեջանցիների» հետ։ Իհարկե սա խիստ ոչ գիտական պնդում է։ Նախ՝ խոսել Կովկասում բնակվող ժամանակակից ժողովուրդների և մ.թ.ա. 2-1-ին հազարամյակի նույն գոտիներում էթնիկ խմբերի նույնականացման մասին աբսուրդ է։ Հնարավոր չէ հղել գեթ մեկ գիտական հրատարակություն, որտեղ նման զուգահեռներ տարվեն։ Երկրորդ, դա մի ժամանակաշրջան էր, երբ, կլիմայական կտրուկ տատանումներով պայմանավորված, ողջ Առաջավոր Ասիայում, Միջերկրածովի շրջակայքում, Հյուսիսային Միջագետքում և այլուր, մշտական բնակությունը դարձել էր անբարենպաստ, և նստակյաց բնակչությանը զուգահեռ հայտնվում են քոչվոր կենսակերպ վարող ցեղեր (նկ. 1)։ Այդ ճգնաժամի արդյունքում ձևավորված հանրույթներին կապել միջնադարում այստեղ հայտնված քոչվոր կենսակերպ վարող ցեղերի հետ, տարօրինակ և գիտական մշակումներին անտեղյակ լինելու արդյունք է։

Մյուս խնդիրը Արցախի տափաստաններում հայտնաբերված, մ.թ.ա. 8-6-րդ դարերով թվագրվող քարե մարդակերպ կոթողների ներկայացումն է (նկ. 2)։ Նորություն չէ, որ ադրբեջանցի հետազոտողներն Արցախի տարածքում գտնվող ժառանգության բոլոր շերտերը փորձել են «աղվանականացնել»։ Մարդակերպ կոթողների «աղվանականացման» առաջին փորձն արել է ադրբեջանցի հնագետ Մ. Խալիլովը՝ կոթողները թվագրելով մ.թ. 4-7-րդ դարերով և դրանց առկայությունը համարելով Աղվանքում կռապաշտության դրսևորումներ (Халилов 2004, 104): Հավանաբար այս և այլ հետազոտողների համար, ովքեր այս կոթողները համարում են աղվանական, հիմք է ծառայել Մովսես Դասխուրանցու (Կաղանկատվացու)  «Աղվանից պատմության» այն հատվածները, որտեղ նկարագրվում են խազարական արշավանքներն ու խազարների ռազմիկների արտաքինը՝ ըստ որի այդ ցեղերը լայնադեմ էին, անարտևանունք, կանացի կերպարանքով (Մովսես Կաղանկատվացի 1969, 103-104)։

Սակայն ինչպես ցույց են տվել մեր հետազոտությունները (Yeranyan 2021, 248-254; Պետրոսյան, Երանյան 2022, 10-15),  այս կոթողները որևէ կապ չունեն աղվանների և ընդհանրապես կովկասյան բնիկ հանրույթների հետ։ Մեր բոլոր հետազոտություններում մենք զերծ ենք մնացել նաև դրանք հայկական մշակույթի հետ կապելու որևէ փորձից։

Եվ ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր խորհրդային տարիներին հայտնաբերված կոթողների զգալի մասը տեղաշարժել են իրենց նախնական վայրից,  այդ պատճառով որոշների գտնվելու վայրն այժմ անհայտ է, հայ հնագետները դրանցից որևէ մեկը չեն տեղաշարժել։ Դրանում կարող են համոզվել նաև ադրբեջանցիները՝ այցելելով օկուպացված տարածքների հուշարձանները։

Խորհուրդ ենք տալիս ադրբեջանցի հետազոտողներին, իրենց կիսագրագիտությունը այդքան չտարփողել և ավելի շատ հետևել այն հնագիտական հետազոտություններին, որոնք փաստագրում են երևույթները և ոչ թե տարածքում քաղաքականացված հայտարարություններ։

 

Գրականություն

  1. Մովսես Կաղանկատվացի 1969 – Պատմություն Աղվանից Աշխարհի, Երևան:
  2. Պետրոսյան, Երանյան 2022 – Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Երևան:
  3. Yeranyan 2021 – Yeranyan N., Main Results of the Study of Anthropomorphic Stelae in Artsakh, Archaeology of Armenia in regional context, Yerevan, p. 248-254.
  4. Халилов 2004 – Халилов М. Антропоморфные каменные изваяния Карабаха, “Азербайджанская археология”, № 1-4, с. 100-104.

 

MONUMENT WATCH

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930