«Վայրագություն վերապրելը չի նշանակում, որ տառապանքն ավարտվել է, տառապանքը սկսվում է վայրագությունը վերապրելուց հետո։ Զոհը ոչ միայն ակնկալում է մարդասիրական վերաբերմունք, այլ ուզում է արդարադատություն, ուզում է, որ այլևս չկրկնվի։ Երկրորդ սերունդն եմ, որ վերապրել եմ այս տառապանքը։ Իմ մայրիկն Ադրբեջանի Սումգայիթից է։ Ադրբեջանի տարբեր մարզերում ապրել են ավելի քան 1,5 միլիոն մարդ, ամենաշատը՝ Բաքվում և Սումգայիթում։ 1988-ին ևս հայերը բռնի տեղահանվել են զուտ նրա համար, որ հայեր են։ Մայրիկիս ընտանիքի կյանքը փրկվել է, քանի որ լավ ադրբեջանցի հարևաններ ունեին։ Մայրիկս տեսել է, երբ եկեղեցիներում հավաքել, մարդկանց են այրել։ Ես տեսել եմ այդ ցավը, բայց չեմ ուզում, որ այլևս որևէ մեկը տեսնի այդ ցավը։ Ես չեմ ուզում որևէ մեկը հասկանա այն ցավը, որի մասին մենք խոսում ենք»,- Երևանում «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվող «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովի ընթացքում հիշեց Արցախից տեղահանված Սվետլանա Հարությունյանը։
Սվետլանան Արցախում անհետաձգելի բուժօգնության մասնագետ էր, իսկ այժմ իրեն ոչ բժշկական լեզվով բնութագրում է՝ զոհ։ Հայաստան է եկել 2023-ի սեպտեմբերի 29-ին՝ Ստեփանակերտի հիվանդանոցի վերջին վիրավորին տեղափոխելուց հետո․ «Կորցրել եմ ինձ, որ դեռևս չեմ վերագտնում, կորցրել եմ հայրենիքս, եկեղեցիներս, տունս, իմ ամբողջ մանկության հիշողությունները։ Ուզում եմ, որ տեղահանված անձինք ունենան իրենց իրավունքը վերադարձի, բայց ապահովության և անվտանգության պայմաններում»։
Կարդացեք նաև
Հարցին՝ հիմա ունե՞ք իրավունք վերադառնալու, Ադրբեջանը կթողնի՞, Սվետլանա Հարությունյանը պատասխանեց․ «Իրենք ասում են՝ այո, բայց ես վստահ չեմ։ Այս պահին պատրաստ չեմ մենակ ես այդ պայմաններում վերադառնալ, տեսել եմ, որ հայ մարդուն, քրիստոնյային հայ լինելու համար ինչպես են սպանում, դաժանաբար տանջում։ Հիվանդանոցում տեսել եմ խեղված, անդամահատված մարմիններ, ճանապարհին ցեղասպանություն հիշեցնող դրվագներ եմ տեսել»։
Քենիայից Էլիզաբեթ Ատիենո Տավոն պատմեց իր դեմ կատարվածը, երբ ենթարկվել է խմբակային բռնաբարության, որից հետո իրեն նետել են գետը․ «Հղիացա բռնաբարության հետևանքով։ Եվ այդ պահից սկսած սկսեցի իմ ուղին։ Իմ գործերը ներկայացրի միջազգային քրեական դատարան։ Այնուհետև այլ կանանց հետ հիմնեցի ազատագրման ֆորում, որի շրջանակներում բազմաթիվ հարցերի ենք անդրադառնում և ուզում ենք հասնել արդարադատության»։
Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանից դոկտոր Սարկավտ Ջալիլը ցավով նշեց՝ ոչ ոք չի ցանկանում, որ քրդերի իրավունքների մասին խոսենք․ «ՄՔԴ հայց ներկայացնելու համար լուրջ փուլեր պիտի անցնենք։ Մենք ունենք պետություն, բայց երբևէ չենք կարողացել դա ձևավորել, մենք չենք ունեցել միջազգային հանրության աջակցությունն այս առումով։ Սա մեծ տրավմա է մեզ համար»։
Խոսելով հայերի հետ նմանությունների մասին՝ նա ասաց․ «Մեր մշակույթները նման են հայերի հետ․ հազարավոր տարիներով ներկայիս Թուրքիայում ապրել ենք, որն անվանում ենք Հյուսիսային Քրդստան»։
Զայնուլ Մուստաֆան ծնվել, ապրել է Մյանմայում, այժմ ապրում է Բեռլինում։ Պատմեց ռոհինգյաների դեմ կատարվածի մասին․ «Մյանմայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ իրականացրին ռոհինգյաների գյուղերի վրա՝ թիրախավորելով բոլորին առանց տարբերության՝ երեխաների, տղամարդկանց, կանանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով սեռական բռնություն։ 400 գյուղ գետնին հավասարեցրին, 1 միլիոն մարդ ստիպված էր փախչել Բանգլադեշ, այդ թվում՝ ես ու եղբայրս։ Տատերս, պապերս դարերով ապրել են Մյանմայում, բայց ես երբեք անձնագիր չեմ ունեցել, ինչը ազդել է կյանքիս որակի վրա։ Մայրաքաղաք կամ որևէ այլ քաղաք գնալու համար, նույնիսկ հարևան գյուղ գնալու համար պետք է վճարեի և թույլտվություն ստանայի իշխանություններից։ 1 միլիոն ռոհինգյա այս պահին սարսափելի պայմաններում ապրում են Բանգլադեշում։ 2017-ից սկսած գրեթե տասնամյակ է սպասում ենք արդարադատության, բայց, ցավոք, խնդիրը բարդանում է»։
«Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































