Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հակոբյան. «Երեսուն տարի առաջ խոսելով մեր նախնիների երկրի մասին՝ ստեղծեցինք իրական Անկախ պետություն»

Ապրիլ 13,2024 14:38

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանը, «Հայելի» ակումբում խոսելով վերջին շրջանում Հայաստանի զինված ուժերում հաճախակի դարձած նաեւ ոչ մարտական պայմաններում զոհերի եւ վիրավորումների մասին, ասաց. «Գուցե, ասածս վատ հնչի, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին նորմալ է դարձել, որ մենք զինվորներ ենք կորցնում, որովհետեւ պետության պաշտպանական գլխավոր միավորը հայ զինվորն է, իսկ նրա գլխավոր նպատակը մեր պաշտպանական բոլոր ֆունկցիաները անջատելն է: Դրա համար նա պաշտպանության նախարար նշանակել է մի մարդու, որը ռազմական արվեստի, անգամ բանակում ծառայելու հետ առանձնապես կապ չունի, բայց այսօր ղեկավարում է գեներալների: Եվ ինչքան էլ վատ ու տխուր լինի, տրամաբանական է, որ մեր բանակում տիրում է այս քաոսը»:

Իսկ թե այսքան զոհերից ու վիրավորներից հետո ինչի հրաժարական չկա, մասնավորապես, պաշտպանության նախարարի, Սամվել Հակոբյանը ասաց. «Որովհետեւ այսօրվա ընդդիմությունը չունի մանիպուլացնելու այն մակարդակը, որն ունի Փաշինյանը: Սա նրա արդյունքն է, որ այս տարիների ընթացքում այնքան կորուստ, զոհ ենք ունեցել, որ կորստի մասին լուրը  երբ լրահոսում պտտվում է, նոր զոհը իրեն երկար սպասել չի տալիս, եւ նախորդը մոռացվում է: Եթե հիշենք նախահեղափոխական Հայաստանը, երբ մեկ կամ երկու զինվոր էր զոհվում, մեկ դիրք էինք տալիս, նույն Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ այդպես չի կարելի, սա մեր բանակն է, սա մեր դիրքերն է, ո՞վ իրավունք տվել նախագահներին ու նախարարներին դիրք տալ:

Ստույգ փաստ է, որ այն ժամանակ կորուստները քիչ են եղել, դրա համար էլ հանրությունը ադեկվատ, նաեւ ագրեսիվ  ռեակցիա է տվել: Նիկոլ Փաշինյանը կարողացել է էմոցիա  գողանալով , ճիշտ բառեր գտնելով խոսել, դրա հաշվին մանիպուլացնել հանրությանը եւ մեղադրել իշխանություններին»,- ասաց բանախոսը:

Այսօրվա իրավիճակի մասին ավագանու անդամն ասաց, որ ունենք մի ղեկավարություն, որն ամեն օր փորձում է ներշնչել, որ մենք պետք է ստորանանք, կորցնենք ազգային արժանապատվությունը: «Նա բերում է մեկը մյուսից ավելի կեղծ օրակարգեր: Օրինակ,  Նիկոլ Փաշինյանը փորձում է կոնֆլիկտ սարքել պատմական եւ իրական Հայաստանների միջեւ: Դա աբսուրդ է, հատկապես որ պետության ղեկավարն է դրա մասին խոսում: Նա ասում է, որ եթե իրեն ստիպենք խոսել պատմական Հայաստանից, չենք ունենա նաեւ իրական Հայաստանը: Դա սուտ է: Հենց 30 տարի առաջ խոսելով մեր նախնիների երկրի  մասին՝ ստեղծեցինք իրական Անկախ պետություն»,-ասաց Սամվել Հակոբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930