Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական պատմությունից, հիշողությունից և ինքնության բաղադրիչներից հրաժարվելու այս կործանարար ճանապարհը ամենևին չի երաշխավորում անգամ այն պետության անվտանգությունը, որը փորձ է արվում հակադրել ազգային ինքնությանը․ «Փաստ»

Նոյեմբեր 14,2026 09:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետևողականորեն շրջանառության մեջ դրվող «գաղափարախոսական» թեզերը, որոնք փաթեթավորվում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, իրականում ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը։

Այդ քաղաքական գծի ամենավառ դրսևորումներից մեկը հնչեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» կոչվող միջոցառման ժամանակ, որտեղ Նիկոլ Փաշինյանը, փորձելով գաղափարական հիմքեր ստեղծել և «գովազդել» իր հեղինակած, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտը, հանդես եկավ պատմափիլիսոփայական հավակնություններ ունեցող հետևյալ հայտարարությամբ. «301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ ոչ, ակնհայտորեն եղել ենք, բայց 301 թվականից առաջ չի եղել քրիստոնեություն, չեն եղել գրերը, չի եղել Եկեղեցին, բա մենք ինչի՞ հաշվին ենք հայ եղել, հայ կոչվել։ Ակնհայտ է պատասխանը, մենք հայեր ենք կոչվել, որովհետև մեր թագավորներն են հայեր եղել, սա ապացուցում է այն թեզը, որ մեր պետությունը մեր ինքնությունն է, և մեր ինքնությունը մեր պետությունն է, և սա ֆունդամենտալ նշանակություն ունեցող արձանագրում է մեր հետագա ընկալումների և գործողությունների համար»։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք պետականակենտրոն, խորիմաստ և շատ խելոք միտք արտահայտող ձևակերպման հետ, որն իբրև թե բարձրացնում է պետության արժեքը հայ մարդու գիտակցության մեջ, սակայն դա՝ միայն մակերեսային մտածողության դեպքում. խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականում պատկերը ճիշտ հակառակն է, և մենք առերեսվում ենք պատմական իրողությունների գլխիվայր շրջման հետ։ Պարզագույն տրամաբանությունը հուշում է հարցնել՝ իսկ ինչի՞ հաշվին այդ թագավորները հայ կկոչվեին 301 թվականից առաջ, եթե գոյություն չունենար հայ ժողովուրդը՝ իր լեզվով, մշակույթով, կենսատարածքով, հավատալիքներով, հավաքական հիշողությամբ և ազգային ինքնագիտակցությամբ։ Թագավորները կամ պետական ինստիտուտները օդից չեն հայտնվում և իրենք չեն ստեղծում էթնոսը։ Ճիշտ հակառակը՝ հազարամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհում կազմավորված հայ ժողովուրդն է իր քաղաքակրթական հասունության որոշակի փուլում ձևավորել պետականություն, ստեղծել թագավորություններ և իր ինքնությամբ օժտել իր իշխանության կրողներին։

Անկասկած, պետականությունը հայ ժողովրդի բազմադարյա պատմության կարևորագույն, բարձրագույն քաղաքական ձեռքբերումն ու մասն է կազմում, ազգային գոյության կազմակերպման ամենաարդյունավետ ձևը, բայց այն ամենևին ամբողջը չէ և չի կարող նույնացվել ու սահմանափակվել բացառապես վարչաքաղաքական ապարատի գոյությամբ։

Պետությունը և ինքնությունը մեխանիկորեն նույնացնելու փաշինյանական արհեստական թեզը փշրվում է հենց հայ ժողովրդի պատմական անցյալի անհերքելի փաստերի առջև։ Պատմական դաժան իրողությունների բերումով հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել սեփական պետականությունից, ունեցել է թագավորությունների անկման երկարատև ժամանակաշրջաններ և գտնվել է օտար կայսրությունների ու բռնակալությունների տիրապետության տակ։

Եթե առաջնորդվելու լինենք այն կեղծ բանաձևով, թե հայկական ինքնությունը բացառապես պետությունն է, ապա պետականության կորստից հետո հայ ժողովուրդը պետք է անմիջապես կորցներ իր ինքնությունը, ձուլվեր և պատմության թատերաբեմից հեռանար այնպես, ինչպես հեռացան հին աշխարհի բազմաթիվ այլ ժողովուրդներ։ Մինչդեռ պատմությունն ապացուցում է ճիշտ հակառակը, որ նույնիսկ պետականության իսպառ բացակայության և օտար լծի ծանրագույն պայմաններում հայությունը ոչ միայն չի կորցրել իր ազգային դիմագիծն ու ինքնությունը, այլև պարբերաբար ապրել է ինքնության հզոր զարթոնքներ։

Եվ հենց այդ չմարող ազգային ինքնության, պատմական հիշողության և արժանապատվության զարթոնքի արդյունքում էլ ծավալվել են ազգային-ազատագրական պայքարները, որոնք, ի վերջո, դարերի ընդմիջումից հետո հայ ժողովրդին բերեցին պետականության վերականգնմանը։ Այսինքն՝ ոչ թե պետությունն է պահպանել ինքնությունը, այլ հենց կենսունակ ազգային ինքնությունն է պետականության բացակայության պայմաններում պահպանել ազգը և վերստին ծնունդ տվել պետությանը։

Ավելին, հայ ժողովրդի համախմբման ու հարատևման գործում անուրանալի, բացառիկ ներդրում են ունեցել հենց քրիստոնեությունը, մեսրոպյան գրերը և Հայ առաքելական եկեղեցին, որոնց դերը 301 թվականից առաջվա ժամանակաշրջանի վկայակոչմամբ փորձ է արվում նսեմացնել ու երկրորդական պլան մղել։ Երբ հայոց թագավորությունները կործանվեցին, և հայ ժողովուրդը զրկվեց քաղաքական իշխանության ինստիտուտներից, հենց Հայոց Եկեղեցին, քրիստոնեական հավատքը և հայոց լեզուն ու գրականությունը ստանձնեցին պետականությանը փոխարինող այն հոգևոր-մշակութային և կազմակերպչական ամրոցի դերը, որի ներսում պահպանվեց հայ տեսակը։ Առանց քրիստոնեական արժեհամակարգի, ազգային եկեղեցու համախմբող առաքելության և մեսրոպյան տառերի կերտած մշակութային ինքնաբավության՝ օտար տիրապետությունների քաղաքական ու կրոնական ձուլման մեքենան պարզապես կլանելու էր պետականությունից զրկված հայությանը։ Հետևաբար, հակադրել նախաքրիստոնեական թագավորական շրջանը քրիստոնեության, գրերի և Եկեղեցու պատմական առաքելությանը՝ նշանակում է արհեստականորեն մասնատել հայոց պատմության անքակտելի շղթան և հարվածել այն հիմնասյուներին, որոնց վրա կանգուն է մնացել հայ ազգային ինքնությունը։

Սակայն ամենամեծ ողբերգությունն ու վտանգն այն է, որ սեփական պատմությունից, հիշողությունից և ինքնության բաղադրիչներից հրաժարվելու այս կործանարար ճանապարհը ամենևին չի երաշխավորում անգամ այն պետության անվտանգությունը, որը փորձ է արվում հակադրել ազգային ինքնությանը։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30