Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը և Ղազախստանը հանդես են գալիս հակամարտությունների՝ բացառապես խաղաղ միջոցներով շուտափույթ լուծման օգտին». երկու երկրների միջև փաստաթղթեր են ստորագրվել

Ապրիլ 15,2024 14:11

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:

Ղազախստանի Հանրապետության նախագահի ՀՀ կատարած պաշտոնական այցի արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարությունում նշված է.

«Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևը Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հրավերով 2024 թվականի ապրիլի 14-15-ը պաշտոնական այց է կատարել Հայաստանի Հանրապետությունում։

 Հայաստանի Հանրապետության Վարչապետը և Ղազախստանի Հանրապետության Նախագահը՝

 համակողմանիորեն ուսումնասիրելով հայ-ղազախական հարաբերությունների ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները,

 հիմնվելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պատմական կապերի, երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամուր կապերի և փոխգործակցության վրա,

 հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի անքակտելիության վրա, 

ղեկավարվելով 1945 թվականի հոկտեմբերի 24-ի՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի` Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով,  

վստահ լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին,

 ընդգծելով տարածաշրջանային ձևաչափերի շրջանակում և, ընդհանրապես, միջազգային ասպարեզում հետագա սերտ համագործակցության կարևորությունը, 

ձգտելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացմանը, կատարելագործմանը և բովանդակային համալրմանը, 

հայտարարում են ներքոնշյալի մասին. 

Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը (հաջորդիվ՝ Կողմերը) շարունակելու են կառուցել իրենց հարաբերություններն ապագային միտված ռազմավարական համագործակցության հիման վրա՝ փոխադարձ վստահության ոգով, առաջնորդվելով ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով, 

Կողմերը կզարգացնեն կառուցողական և արգասաբեր փոխգործակցությունը երկկողմ հիմունքներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ երկու երկրների բարգավաճման և զարգացման, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման և ամրապնդման, 

Կողմերը կշարունակեն ջանքերը՝ ի շահ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործընկերության խթանման և Անկախ Պետությունների Համագործակցության՝ արդի իրողություններին ադապտացման ուղղությամբ,  

Կողմերը, հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովմամբ երկու պետությունների հետաքրքրվածությունը, շարունակելու են փոխգործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը պաշտպանության ոլորտում, 

Կողմերը համոզված են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության փոխգործակցության խորացումը՝ հիմնված փոխադարձ շահերի հաշվառման, իրավահավասարության և ներքին գործերին չմիջամտելու վրա, ունի հիմնարար բնույթ, 

Կողմերը հաստատում են իրենց փոխադարձ պարտավորությունները՝ զերծ մնալ մյուս Կողմի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ գործողություններին, միջոցառումներին, ինչպես նաև միություններին և դաշինքներին մասնակցելուց, 

Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը հանդես են գալիս բոլոր հակամարտությունների՝ բացառապես խաղաղ միջոցներով շուտափույթ լուծման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների հիման վրա, 

Կողմերը բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումներն՝ ուղղված օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների և սոցիալական արդարության ամրապնդմանն՝ իբրև Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակով կայուն և հաստատուն սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտ պայմաններ: 

Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը գոհունակությամբ նշում են կողմերի ջանքերը տրանսպորտային խոշոր նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ և տրանսպորտային-տարանցիկ համագործակցության մեծ ներուժի առկայությունը, ընդգծում հաղորդակցության հնարավորությունների ընդլայնման և դրանց գործողության անխափանության կարևորությանը՝ համաձայն ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքների և հաշվի առնելով կողմերի իրավազորություն ու օրենսդրությունը, միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի դրույթները: 

Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության ջանքերն՝ միտված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը, այդ թվում՝ նշելով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային փոխշահավետ համագործակցությանը:

 Կողմերը ողջունում են Երևանի և Աստանայի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության շուտափույթ հաստատումը:

 Կողմերը դրական են գնահատում Երևանի պետական համալսարանի Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությունը, ընդգծում Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի համար մշակութային հարթակի հատկացման կարևորությունը: 

Կողմերը լի են վճռականությամբ՝ կենսագործելու Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի սկզբունքները և դրույթներն՝ ի շահ համատեղ բարգավաճման և երկու երկրների քաղաքացիների ներկա և գալիք սերունդների ամուր բարեկամության: 

Այս նպատակով Կողմերը մտադիր են.

պահպանել բարձր և բարձրագույն մակարդակով կանոնավոր շփումները, խորացնել փոխշահավետ համագործակցության ամրապնդման նպատակով՝ միջգերատեսչական գործնական փոխգործակցությունը,

 զարգացնել տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ահաբեկչության դեմ հակազդման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, արդի այլ մարտահրավերների և սպառնալիքների ոլորտներում երկկողմ համագործակցությունն այն միջազգային պայմանագրերի հիմքով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը: Այս նպատակով՝ Կողմերը խորացնելու են փոխգործակցությունն երկու երկրների անվտանգության խորհուրդների, պաշտպանական և իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների գծով, 

հատուկ նշանակություն տալ համագործակցության միջկառավարական խմբերի գործունեությանն, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության խորհրդարանների փոխգործակցությանը,

 առաջնային ուշադրություն տրամադրել տնտեսական փոխշահավետ համագործակցության խորացմանը: Այս նպատակով՝ պատրաստ են ապրանքաշրջանառության ծավալների աճին առավելագույն աջակցություն ցուցաբերելու ճանապարհով նպաստել առկա առևտրատնտեսական ներուժի իրացմանը, վառելիքաէներգետիկ ոլորտում, տրանսպորտի և հաղորդակցության բնագավառում, նորարարությունների և տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լեռնամետալուրգիական և վերամշակող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործակցության խորացմանը, 

շարունակել համակարգային աշխատանքը տնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, այդ թվում՝ ամենամյա նիստերի կազմակերպման և անցկացման միջոցով: Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև 2024-2025թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ, 

ընդլայնել Հայաստանի Հանրապետության մարզերի և Ղազախստանի Հանրապետության շրջանների միջև համագործակցությունը, նպաստել առևտրաարդյունաբերական ու մշակութային և հումանիտար ոլորտներում միջշրջանային համագործակցության զարգացմանը, խթանել տնտեսվարող և այլ սուբյեկտների միջև «հորիզոնական» ուղիղ կապերը, 

դիտարկել բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և թվայնացման այդ թվում՝ արհեստական բանականության ստեղծման, կանոնակարգման և կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման հնարավորությունները,

 համակողմանիորեն նպաստել մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության ոլորտներում շփումների ընդլայնմանը, աջակցել մշակույթի և արվեստի կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվության միջոցների միջև ուղիղ կապերի հաստատմանը, 

անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի օրեր 2024թ. և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի մշակույթի օրեր 2025թ., 

աջակցել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանն, այդ թվում՝ երկու երկրների տարածքում ապրող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և կրոնական ինքնատիպությունը խթանելու միջոցով: Ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին: Նպաստել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների ավանդույթների և հոգևոր արժեքների նկատմամբ հետաքրքրությանը:

 Հայաստանի Հանրապետության Վարչապետը և Ղազախստանի Հանրապետության Նախագահը վստահ են, որ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ներկա շրջափուլը միջպետական փոխգործակցության, բոլոր բնագավառներում կապերի ինտենսիվ խորացման լայն հեռանկար է բացում՝ ի շահ ազգային տնտեսության և մշակույթի համակողմանի զարգացման, ամուր խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման 

Կողմերը վստահություն են հայտնել, որ կայացած բանակցությունները, դրանց ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները և պաշտոնական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը և կծառայեն երկու երկրների ժողովուրդների շահերին: 

Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կ.Կ. Տոկաևն անկեղծ երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն.Վ. Փաշինյանին և ողջ հայ ժողովրդին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և Հայաստանի Հանրապետության Վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ղազախստանի Հանրապետությունում: Հրավերն երախտագիտությամբ ընդունվել է»:

Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև  փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրերը: Այն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն:

Ստորագրվել են «2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի կառավարության և Ղազախստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն, «Հայաստանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր»: Այն ստորագրել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ղազախստանի տրանսպորտի  նախարար Մարատ Կարաբաևը:

«Հայաստանի Հանրապետության Արմավիր և Ղազախստանի Հանրապետության Մանգիստաու մարզերի միջև համագործակցության», «Վանաձոր և Շիմկենտ քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» հուշագրերը ստորագրել են  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են  «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ» ծրագիր:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի  նախարար Արման Շակկալիևը ստորագրել են  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության 2024-2025 թվականների» ճանապարհային քարտեզ:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների ու օդատիեզերական արդյունաբերության նախարար Բագդատ Մուսինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների ու օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի ակիմ Ժենիս Կասիմբեկը ստորագրել են «Երևան և Աստանա քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» համաձայնագիր:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930