Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմում չգրեցիր, կտանք ոստիկանություն»․ Գյումրիում փոստային բաժանմունքի ղեկավարին սպառնում են

Ապրիլ 16,2024 20:30

Գյումրու թիվ 3101 փոստային բաժանմունքի ղեկավար Գագիկ Հարթենյանը դիմել էր Aravot.am-ին՝ բողոքելով, որ իրեն առանց հիմնավոր պատճառի, կամայականորեն հարկադրում են աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։

Մինչդեռ, ըստ նրա, լինելով փոստային համակարգի հին աշխատակից, իր աշխատանքային գործունեության ընթացքում ոչ մի անգամ չի թերացել, ավելին՝ մշտապես աչքի է ընկել բարձր կատարողականով, արժանացել է պատվոգրերի։

Թե ինչո՞ւ են ընկել իր հետևից, Գագիկ Հարթենյանը հստակ պատասխան չունի, ենթադրում է, որ ուզում են իրենց մարդկանց տեղավորել։

«Իմ գլխավորած բաժանմունքը պլանային ցուցանիշներով համարվում է առաջատար ոչ միայն Շիրակի մարզում, այլ հանրապետությունում։ Ունենք պլանային առաջադրանքներ, որոնց կատարմամբ գերազանցում ենք մնացած բոլոր փոստային բաժանմունքներին, այդ թվում մայրաքաղաքայիններին, իսկ դրանով ապահովվում է եկամուտը», -ասում է Գագիկ Հարթենյանը։

Մեր զրուցակցի ներկայացմամբ, իր հետ խնդիրներ առաջացել են այն ժամանակ, երբ ՀԷՑ-ում որպես «արենդատոր» աշխատող Սերյոժա Շահնազարյանին նշանակել են Շիրակի մարզի փոստային բաժանմունքների ցանցի գլխավոր պատասխանատու։ Այսինքն մի անձի, ով, ըստ Հարթենյանի, ողջ կյանքում կոլեկտիվ չի ղեկավարել, Հայփոստի աշխատանքի մասին գաղափար չի ունեցել, օդի միջից՝ հովանավորչությամբ հասել է նման պատասխանատու պաշտոնի։

Նա նշում է՝ բազմաթիվ ղեկավարների հետ է աշխատել, ոչ մի խնդիր չի եղել, Սերյոժա Շահնազարյանի նշանակումից հետո սկսվել է արշավ իր դեմ։ Ընդ որում, այդ արշավին խառնվել են նաև Սերյոժա Շահնազարյանի հովանավորները։

«Իր պաշտոնավարման ընթացքում ընդամենը մեկ քննարկում է տեղի ունեցել ամբողջ քաղաքի փոստային բաժանմունքների ղեկավարների հետ։ Սերյոժա Շահնազարյանը, կառավարման, ղեկավարման փորձ չունենալով, սպառնալիքի լեզվով է խոսում՝ եթե չկատարեք պլանները, կազատվեք բոլորդ աշխատանքից։ Միշտ ես եմ եղել խոսացողը, ներկայացնողը, երևի դա էլ սվիններով ընդունվեց իր կողմից», -ասում է Գագիկ Հարթենյանը։

Նա նշում է՝ իրեն փոստային համակարգում ու առհասարակ Գյումրիում շատ լավ են ճանաչում, այն խնդիրները, որոնք չի կարողացել լուծել Սերյոժա Շահնազարյանը, ինքն է լուծում տվել, որն էլ նրան դուր չի եկել։

Գագիկ Հարթենյանը պատմեց, որ իրեն հրավիրել են Երևան, զրուցել են ու ասել՝ ձեզ կասեք հետագա ընթացքի մասին։

«Հաջորդ օրը զանգ եմ ստանում, ասում են՝ գիտեք ինչ, դուք կստանաք ձեր ազատման հրամանը։ Ասել եմ՝ խնդիր չկա,տվեք հրամանը։ Երկու ժամ հետո զանգում է Շահնազարյանը ու հարցնում՝ Հարթենյան, դիմումդ գրեցի՞ր, ասում եմ՝ լսիր այ ընկեր, ինձ ազատման հրաման պիտի տան, թող տան, ես դիմում ինչի՞ համար պիտի գրեմ, դրա հիմքերը չեմ տեսնում։ Դուք ազատում եք, ազատեք։

Հետո հրավիրվում եմ Երևան՝ նորից Հայփոստ, զրույցին ներկա է լինում մեր իրավաբանական վարչության աշխատակիցներից, ինչպես նաև մեր փոստի ցանցի ղեկավարը, էլի նույն պահանջներով են հանդես գալիս՝ դիմում գրեք և դուրս եկեք ձեր զբաղեցրած պաշտոնից։

Նորից նույն պատասխանն եմ տվել, որ չունեմ դիմում գրելու, եթե ազատելու եք, ազատեք, տվեք իմ ազատման հրամանը։

Դրանից հետո աշխատակիցների են հրավիրում Երևան, զրույցներից պարզ է դառնում՝ինչ են ուզում անել, աշխատակիցներին փորձում են հանել իմ դեմ։ Ասում են՝ էդ ո՞նց որ քո աշխատակիցները քեզ շատ են սիրում, ես ի՞նչ անեմ, որ շատ են սիրում, միայն աշխատողները չեն, այլ ողջ թաղը, ով ճանաչում է ինձ, ով շփվել է, ով առնչվել է փոստային բաժանմունքի հետ, ինձ հարգում, ընդունում են»։

Երկու շաբաթ է՝ ինչ այս պատմությունը խորացել է, Գագիկ Հարթենյանի ասելով՝ գրավոր դիմում է ներկայացրել գլխավոր տնօրենին, սակայն դեռ պատասխան չկա։

Գագիկ Հարթենյանը ՀԷՑ-ում «արենդատոր» աշխատած ու հովանավորչությամբ Հայփոսոտւմ պաշտոնի եկած Սերյոժա Շահնազարյանին խորհուրդ է տալիս հեռանալ՝ այդպիսով փրկելով ռազմավարական նշանակություն ունեցող այս համակարգը։ Ըստ նրա, բարեխիճ, խելահաս կադրերը Սերյոժա Շահանզարյանին ձեռնտու չեն, նա իրեն հարմար մարդիկ է գտնում՝ լավ կադրերին նրանցով փոխարինելու համար։

«Շահնազարյան Սերգեյ, Հայփոստը դժվարին ժամանակներում այսքան հեղինակություն է ձեռք բերել, հիմա դուք արատավորում եք Հայփոստի հեղինակությունը։

Սերգեյ Շահնազարյան, համակարգը լքե՛ք, ճիշտ քայլը դա կլինի, դա կլինի ի օգուտ Հայփոստի, Հայփոստի ղեկավարության, ի օգուտ հասարակության, հանրության և Գյումրի քաղաքի ու Շիրակի մարզի։ Սկսում են հետապնդումներ ճիշտ առաջարկեր ներկայացնող փոստային բաժանմունքի ղեկավարի նկատմամբ»,-ասում է Գագիկ Հարթենյանը։

Ըստ նրա, իրեն սպառնում են․ «Եթե դիմում չտաս, կդիմենք ոստիկանություն, ոստիկանությունն ի՞նչ կապ ունի դիմում տալ-չտալու հետ, ունե՞ք բավարար հիմքեր, տվեք, խնդիր չէ, պատրաստ եմ ցանկացած հարթության մեջ զրուցել, ցանկացած միջավայրում ու ամեն մի խոսքիս համար պատասխանատու եմ», -ասում է Գագիկ Հարթենյանը։

Aravot.am-ը գրավոր պարզաբանում էր խնդրել նաև Հայփոստ ՓԲԸ լրատվական ծառայությունից, որտեղից ուղարկել են հետևյալ պատասխանը․

«Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Հայփոստ ՓԲԸ վերահսկողության բաժնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գյումրիի 3101 փոստային բաժանմունքում կատարվել են անօրինական գործողություններ, ինչի կապակցությամբ Հայփոստ ՓԲԸ-ն դիմել է ոստիկանություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Գագիկ Հարթենյանից որպես 3101 փոստային բաժանմունքի ղեկավար պահանջվել է բացատրագիր՝ տվյալ բաժանմունքում կատարված անօրինական գործողությունների վերաբերյալ: Վերջինս տեղեկացվել է որ եթե հիմնավորվի 3101 փոստային բաժանմունքում կատարված անօրինական գործողությունների մասով իր մասնակցությունը, ապա գործատուն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի համապատասխան դրույթներով իր նախաձեռնությամբ կլուծի վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը»:

Գագիկ Հարթենյանից տեղեկացանք, որ այսօր նորից նամակ է ստացել Հայփոստ ՓԲԸ-ի կադրերի բաժնից, նրան հրավիրում են իրավաբանական ծառայություն՝ առանց նշելու պատճառը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930