Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հայրերն ունեն 5 օր վճարովի արձակուրդի հնարավորություն. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի վարչության պետ

Հունիս 17,2026 12:26 Share

«Մենք իրականացրել ենք մի հետազոտություն, որի նպատակն էր վեր հանել բոլոր այն բացերն ու խնդիրները, որոնց հայրերն առնչվում են երեխայի ծնվելուց հետո արձակուրդ վերցնելիս: Մենք գիտենք, որ 2021-ից սկսած հայրերն ունեն օրենքով սահմանված 5 օր վարձատրվող արձակուրդ, բայց արդյոք դրանից օգտվում են, ինչու են օգտվում այդ արձակուրդից, և չօգտվելու պարագայում ինչ խնդիրներ են առաջանում, կամ ինչի միջով են անցնում հայրերը՝ երեխայի ծնվելուց հետո: Հենց սա ենք ցանկացել վեր հանել մեր հետազոտության արդյունքում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում՝ Հայրերի օրվա առիթով կայացած ասուլիսում նշեց ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը:

«Հետազոտությունն իրականացվել է 2026 թ. մարտ ամսին ՀՀ 4 մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ և Արագածոտն: Հետազոտության հիմնական նպատակն էր գնահատել, թե որքան է հայրության արձակուրդի մասին տեղեկացվածությունը և դրանից օգտվելու մակարդակը, սահմանափակող գործոնները: Հետազոտությունն իրականացվել է 384 աշխատող հայրիկների շրջանում, և ստացվել են հետաքրքիր արդյունքներ: Պարզել ենք, որ հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը մնում է բավականին ցածր, և ըստ հետազոտության՝ հայրերի միայն 11%-ն է օգտվել հայրության արձակուրդից… Որոշ գործոններ կան, որոնք պայմանավորում էին հայրության արձակուրդից չօգտվելը, սահմանափակելը, հիմնականում դա բնակավայրն է, կրթության մակարդակը, զբաղվածության առանձնահատկությունները: Մասնավորապես, գյուղական համայնքներում տեղեկացվածությունը և օգտագործման տոկոսը բավականին ցածր է քաղաքային համայնքների համեմատությամբ»,- փաստեց ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի տնօրեն Արեմ Մկրտչյանը՝ հղում անելով իրականացված հետազոտությանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով, երբ օրենսդրական կարգավորումները մշակվում են, նաև հետադարձ կապն է կարևոր կիրառության տեսակետից. «2021 թ. հունվարի 1-ից մեր հայրերին տրված է հայրության արձակուրդ ունենալու հնարավորություն, որը 5 աշխատանքային օր է, և վճարվում է գործատուի կողմից: Եվ այդ 5 աշխատանքային օրերը տրամադրվում են մինչև երեխայի 30 օրը լրանալը: Եթե դրանից հետո հայրը դիմեց, այլևս գործատուն չի կարող տրամադրել արձակուրդ: Նաև նշեմ, որ այդ 5 օրը գործատուն չի հանելու հայրերի ամենամյա արձակուրդից: Սա էլ է կարևոր ուղերձ, որ մենք փոխանցենք, որովհետև կա տպավորություն, որ եթե մարդիկ հայրության արձակուրդը վերցնեն, ուրեմն հետագայում իրենց արձակուրդի ամենամյա օրերը կնվազեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930