Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ․ «Տեղական արտադրողներն ուղղակի սնանկանում են, դաշտը թողնում են ներկրողներին»

Ապրիլ 17,2024 16:21

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ Հայաստանի ինտեգրումն այս կամ այն ուղղությամբ ինքնանպատակ չպետք է լինի, դա գործիք է տնտեսական զարգացումն ու բարգավաճումն ապահովելու համար։

Տնտեսագետն այսօր «Անվտանգություն եւ տնտեսական զարգացում» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը կարողացել է վերջին տարիներին օգտվել այդ հնարավորությունից, սակայն խնդիրն այն է, որ պետք է այդ հնարավորությունը կարողանալ կապիտալիզացնել եւ երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորություններ ստեղծել․ «Դրա համար մեզ հարկավոր է հատկապես արդյունաբերության եւ գյուղատնտեսության որակը փոխել, դարձնել ավելի մրցունակ»։

Պարսյանի կարծիքով՝ տնտեսական աճի, զարգացման պայմաններում պետությունը, բիզնեսը պետք գնան կտրուկ, հեղափոխական փոփոխությունների․ «Բայց կառավարությունը բավարարվում է եղածով, ցուցանիշներն ուղղակի մոլորեցրել են, հարբեցրել են, նրանք ոչինչ չեն ուզում անել, նրանք գրանցում են ցուցանիշներ եւ անցնում առաջ, այն դեպքում, երբ մենք կարող էինք մեր արդյունաբերության որակն իրոք բարձրացնել, գյուղատնտեսության որակը բարձրացնել եւ դիվերսիֆիկացնեինք մեր շուկաները։ ՀՀ-ն ճիշտ հակառակն է անում»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ վերջին երկու տարիների ընթացքում կախվածությունն է’լ ավելի է մեծացել ՌԴ-ից, ՌԴ-ի վերաարտահանումից․ «Երբ խոսում ենք տնտեսական անվտանգությունից, տարբեր անկախ ուղղություններից, այո, ամեն ինչի համար մենք պետք է վճարենք, նաեւ պետք է փորձենք ամեն ինչից օգտվել։ Բայց այլընտրանք այս պահին մեզ մոտ չկա։ Հայաստանի հնարավորությունն այն է, որ պետք է բացատրի ՌԴ-ին եւ Արեւմուտքին, որ ինքը լինի այս երկու կարեւոր կենտրոններին կապող օղակը, որ սրանից օգտվում է ե՛ւ Մոսկվան՝ վաճառելով իր ոսկին, ադամանդը ՀՀ –ի միջոցով, ե՛ւ արեւմուտքը՝ ՀՀ-ի միջոցով իր ապրանքները՝ ավտոմեքենա, սարքավորումներ, տեխնոլոգիաներ վաճառում է ՌԴ-ին»։

Անդրադառնալով տնտեսական աճին, Պարսյանն ասաց՝ խնդիրը աճի որակն է․ «Արդյունաբերության ոլորտի աճ է գրանցվել, բայց եթե հանում ենք ոսկերչությունը, որը հիմնականում պայմանավորված է ոսկու վերաարտահանմամբ, կտեսնենք, որ մեր մշակող արդյունաբերությունը 3% անկում է գրանցել։ Կաթնամթերքի արտադրության ոլորտը նույնպես անկում է գրանցել, մսամթերքի դեպքում՝ երկնիշ։ Իսկ անկման պատճառն այն է, որ ներկրվող կաթնամթերքը՝ ռուսական, բելառուսական, ավելի էժան է, քան տեղականը։ Տեղական արտադրողներին դուրս են թողնում շուկայից։ Կառավարությունը պետք է հասկանա, որ տեղական արտադրությունն է երկիրը պահում, ոչ թե ներկրողները կամ վերաարտահանողները։ Հիմա տեղական արտադրողներն ուղղակի սնանկանում են, դաշտը թողնում են ներկրողներին»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930