Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացի Վարդանյանի դեպքը պետք է հիմք հանդիսանա ՀՀ իրավապահ մարմինների համար, որպեսզի ոչ միայն ծառայողական քննություն, այլ քրեական հետապնդում սկսեն այն ոստիկանների նկատմամբ, որոնք Վարդանյանին ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել են ՁՊՎ»

Ապրիլ 17,2024 22:11

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խստագույնս դատապարտում է 2024 թվականի ապրիլի 16-ին ձերբակալված անձի կարգավիճակում գտնվող քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացված բռնություններն ու խոշտանգումները, որոնք տեղի են ունեցել նրան ՀՀ քննչական կոմիտեից ձերբակալման պահման վայր (ՁՊՎ) տեղափոխելու ճանապարհին։

Փաստորեն, ՀՀ ոստիկաններն իրենց ծառայությունն իրականացնելու ամենալուրջ և պատասխանատու պահին հանկարծ կարող են որոշել, որ ձեռնաշղթաներով ձերբակալված անձին կարող են միայնակ թողնել ավտոմեքենայի մեջ և հեռանալ՝ իրենց բնական կարիքները հոգալու, և նրանց բացակայության ժամանակ, անպաշտպան վիճակում գտնվող անձը ծեծի ու խոշտանգման ենթարկվի դիմակավորված «անհայտ» անձանց կողմից, իսկ իրենք վերադառնան այն պահին, երբ այդ անձինք իրենց հանցավոր գործողություններն արդեն  կատարել և հեռացել են։ Ոստիկանների այս քայլը խոսում է այն մասին, որ կամ վերջիններս բացարձակ չեն պատկերացնում իրենց ծառայության բնույթն ու լիազորությունների շրջանակը կամ ուղղակի հանցավոր անգործություն են ցուցաբերել՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով քաղաքացի Վարդանյանի ծեծն ու խոշտանգումն այլոց ձեռքերով իրականացնելու համար, կարծելով թե «կփրկվեն» պատասխանատվությունից։

Ազատությունից զրկված անձի նկատմամբ իրականացված ուղղակի և անուղղակի բռնություններն ու խոշտանգումները, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքը ոչ միայն ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի պահանջների անմիջական խախտում է, այլ նաև առերևույթ արհամարհանք միջազգային պայմանագրերով սահմանված մարդասիրական սկզբունքների նկատմամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատությունից զրկված անձը եղել է ձեռնաշղթաներով և գտնվել է ոստիկանների անմիջական հսկողության տակ, նույնիսկ այդ ոստիկանների բնական կարիքները հոգալու ժամանակահատվածը ներառյալ, ուստի վերը նշված նորմերի պահանջների պոզիտիվ պարտավորությունն ու ամբողջական պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իշխանության ներկայացուցիչների։

Հայաստանի Հանրապետությունը պետք է հաշվի առնի, որ ՀՀ Սահմանադրության անմիջական երաշխավորությամբ իր պատասխանատվության տակ գտնվող անձին դաժան բռնության կամ խոշտանգման ենթարկելու յուրաքանչյուր դեպք լրջագույնս թուլացնում է պետության նկատմամբ ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև այլ պետությունների քաղաքացիների վստահությունը։ Հետևապես, նմանատիպ դեպքերի պետական մակարդակով ամենաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը կործանիչ գործոն է հանդիսանում հենց պետության համար։

Այս և նմանատիպ դեպքերի առկայությունն արդեն իսկ չափանիշ են ՀՀ Ոստիկանության համակարգի շարունակական բարեփոխումներն ու այդ համակարգի վրա ահռելի ֆինանսական ռեսուրսներ ծախսելու գործընթացն անարդյունավետ համարելու համար։ Բռնություններն ու խոշտանգումները կարծես օրինաչափություն են դարձել մեր հանրապետությունում, սա ազդելու է պետության վարկանիշի ու այլ գործոնների վրա։

Քաղաքացի Վարդանյանի դեպքը պետք է հիմք հանդիսանա ՀՀ իրավապահ մարմինների համար, որպեսզի ոչ միայն ծառայողական քննություն, այլ քրեական հետապնդում սկսեն այն ոստիկանների նկատմամբ, որոնք այդ օրը, այդ ժամին քաղաքացի Վարդանյանին ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել են ՁՊՎ։

Իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես ՀՀ-ում Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը կրող միակ կառույց, անմիջական ներգրավվածություն պետք է ունենա այս դեպքով գործի քննությանը՝ անձի նկատմամբ վատ վերաբերմունքի հանգամանքներն ու մեղավորներին առավելագույնս  բացահայտելու և արժանի պատժի արժանացնելու համար:

 

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930