Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Աննա Շիլաջյանի նախագահությամբ, այսօր Բագրատ սրբազանն ընդդեմ Civic.am-ի լրագրող Դավիթ Լեւոնյանի հայցի քննությունն էր:
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Դավիթ Լևոնյանին և «ՔՊ» կուսակցությանը՝ հրապարակայնորեն՝ հերքել իր հասցեին հնչած զրպարտիչ տվյալները:
Հայցվոր կողմը զրպարտիչ տեղեկություններ է համարում Բագրատ սրբազանի հասցեին ասված հետեւյալ տվյալները. «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գործակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։
Պատասխանող կողմի պահանջով նիստերն ընթանում են դռնփակ:
Կարդացեք նաև
«Պատասխանողները խուսափում են, որ դատական գործընթացը լուսաբանվի՝ հստակ գիտակցելով, որ ինքնին դատավարությունը, անկախ դատական ակտի բովանդակությունից, ակներեւ է դարձնելու տարածված ապատեղեկատվության եւ դասական պրոպագանդայի բնույթը: Լրատվական գործունեություն իրականացնող պատասխանողներն ամեն կերպ փորձում են հնարավորինս փակ դռների հետեւում իրականացնել այս դատավարությունը, մինչդեռ ենթադրվում է, որ ճիշտ հակառակը պիտի լինի»,-Aravot.am-ին ասաց Բագրատ սրբազանի ներկայացուցիչ՝ փաստաբան Աննա Փիլոսյանը:
Նա պատմեց, որ այսօր դատարանում ներկայացրին իրենց պահանջները, լսեցին պատասխանողների դիրքորոշումները. «Ինչպես եւ կանխատեսում էինք, պնդում են, որ այն բոլոր զրպարտիչ արտահայտությունները, որ ներկայացրել ենք լրագրողի գնահատող դատողություններն են: Հարց ու պատասխանի միջոցով մեզ հաջողվեց ակներեւ դարձնել, որ դրանք չեն կարող որակվել գնահատող դատողություններ, որովհետեւ գնահատող դատողությունների որակման համար անհրաժեշտ է, որ գոնե հիմքում որոշակի փաստական հանգամանքներ ընկած լինեն: Մինչդեռ հարցուպատասխանի արդյունքում պարզ դարձավ, որ այդ եզրահանգումները լրագրողի սուբյեկտիվ, անձնական կարծիքների ու անձնական ասոցիացիաների վրա կառուցված եզրահանգումներ են:
Անցել ենք դատավարության հաջորդ փուլին, ապացույցների ներկայացման փուլում ենք գտնվում, դատարանը երկամսյա ժամկետ է տրամադրել, որ կողմերը ներկայացնեն իրենց ապացույցները»:
Փաստաբանի խոսքով արտադատարանական հաշտության փորձեր պատասխանող կողմը չի արել, դատարանում էլ այսօր քննարկվել է՝ արդյոք հնարավոր է հաշտություն, երկու կողմերն էլ այս պահի դրությամբ բացառել են հաշտության հնարավոր եզրերը. «Պատասխանողները իրենց սկզբնական դիրքորոշումից հետ չեն կանգնում, ավելին՝ պնդում են, որ այդ ամենը ինչ ներկայացրել են՝ ավելի քան իրականություն են՝ գնահատող դատողությունների տեսքով»:
Փաստաբանը մտավախություններ ունի, որ այս գործով զանգովի արդարադատություն կլինի. «Մտավախություն ունեմ այնքանով, որքանով, որ զանգովի արդարադատության ակներեւության ընդհանուր մակարդակը ներկա պահին շատ ավելին է, քան եղել է երբեւէ: Ընդհանուր պատկերը ներկայիս արդարադատության, հատկապես այն գործերով, որտեղ կան քաղաքական տարրեր, առավել քան պարզ է, ամեն ինչ հասել է այնտեղ, որ զանգի անհրաժեշտություն էլ չկա: Մեծ հաշվով բոլորը գիտեն՝ ինչպիսի ակտեր են իրենցից ակնկալվում: Թեեւ ընդհանուր պատկերը տալիս է հնարավոր զարգացումների ակնկալիքներ, այնուամենայնիվ, չեմ շտապի հետեւություններ անել, կսպասեմ դատական ակտին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































