Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ, որ իրենց համար անունն ավելի բարձր է»․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի մասին

Ապրիլ 04,2025 22:15 Share

Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Մեր քաղաքը» դաշինքով մասնակցած Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այսօր հայտարարություն էր տարածել, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։

Նա միաժամանակ նշել էր՝ կայացրել է մի որոշում, որն իր քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ է եկել դրան։

«Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։

Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։

Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ։

Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։

Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը», -գրել էր Մարտուն Գրիգորյանը։

Վարդան Ղուկասյանն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանն, ասաց․ «Ես գիտեմ, որ անունն իրենց համար էլ ավելի բարձր է, իհարկե, դժվար է ասենք էսքան բանի մեջ հեշտ ու հանգիստ գալ, միանալ, բայց թե անունն ամենաբարձն է ու ժողովրդին խոսք տվածը մարդն ավելի բարձր պիտի պահի։ Եվ էսպես, ինչ-որ արվել է, ճիշտ է արվել։ Իր համար շատ ճիշտ է արվել և՛ իր ընտրած ժողովրդի նկատմամբ, և՛ ամբողջ հանրապետությունն էլ սպասում էր դրան՝ ճիշտն ասած, Գյումրին ևս։ Եվ ամբողջ հանրապետությունը, ովքեր իրենց դասում են ընդդիմադիր դասին, բոլորը դրան սպասում էին»։

Դիտարկմանը, թե Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանին համարել է ամենախոցելի թեկնածուն՝ կապված քրեական գործերի հետ՝ մտավախություն հայտնելով, որ Վանաձորի սցենարը կկրկնվի Գյումրիում, Վարդան Ղուկասյանն ասաց․ «Եթե ես մարդկանց բնակարան եմ հատկացրել, տարածք եմ հատկացրել, ու մարդիկ բնակարան են կառուցել, կենցաղ-սպասարկման օբյեկտներ են կառուցել և գտնում են, որ դա խոցելի է, ինչ-որ քրեական գործ դրանով կարելի է հարուցել, ուրեմն չարաչար սխալվում են շատերը։

Ես ընդհանրապես ոչ մի գումարային տեսքով ոչ մի պրոբլեմ չունեմ, կամ որևիցե մեկն ինձ ասի՝ կաշառք են տվել քաղաքապետին կամ քաղաքապետարանի աշխատակիցներին։ Ուղղակի երկրաշարժից հետո 90 տոկոս ավիրված քաղաքը մարդիկ շենք-շինություն են կառուցել և՛ Միքայել Վարդանյանի ժամանակ, և՛ Սամվել Բալասանյանի ժամանակ, և՛ իմ ժամանակ, և՛ դատարանն է օտարել։ Դրա հիման վրա եթե մենք խոցելի ենք, ուրեմն խոցելի են, բայց ես գտնում եմ, առ ոչինչ է, որովհետև էդտեղ իմ մեղքն ընդհանրապես ես չեմ տեսնում։

Հետո ես քննարկել եմ լուրջ իրավաբանների հետ և ինձ հետ կապված ոչ մի խնդիր չկա, եթե հանկարծ մի բան առաջացնեն, ուրեմն փողոցից պիտի վերցնեն անմեղ մարդուն ու տանեն բանտարկեն։

Եթե նմանատիպ քայլ անեն, եթե էս պետությանը, էս երկրին դա ձեռնտու է, ուրեմն թող անեն, կտեսնեն, թե ժողովուրդը ինչ կանի, մնացածն էլ կապրենք, կտեսնենք ինչ կլինի, միանշանակ չեմ հավատում դրան»։

Վարդան Ղուկասյանը նշեց, որ այս օրերին Մարտուն Գրիգորյանի հետ ոչ մի հանդիպում չի եղել, հնարավոր է առաջիկայում լինի։

«Միգուցե լինի առաջիկայում, մեծ հաճույքով, մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ հանդիպելու, խոսելու, դնելու, վերցնելու։ Եվ ես իրենց ինձ թշնամի չեմ ճանաչում, ես թշնամի ճանաչում եմ Ադրբեջանին և Օսմանյան Թուրքիային։ Ես հայ ազգի մեջ թշնամի չունեմ, կարող է խնդիրներ ունեմ իրար մեջ, բայց ես հոգեպես բարի մարդ եմ»։

Հարցին՝ հնարավո՞ր է այս օրերին քննարկվի ու ընդդիմադիր դաշտի համար այլ թեկնածու առաջադրվի, ոչ խոցելի, ինչպես առաջարկում է Մարտուն Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, թե աշխարհում կա մի բան․ ով շատ ձայն է հավաքում, նրան են միանում։ Նոր թեկնածուի հարցը քննարկելը նա ավելորդ համարեց տվյալ դեպքում, քանի որ լրատվությամբ նախապես էր բարձրաձայնել իր ասելիքը։

«Հիմա էսպես է Աստված կամեցել, եթե հանկարծակի լինեին նոր ընտրություններ, ես ավելի ուրախ կլինեին ու կտեսնեին՝ էս անգամ ինչ ձևի կլիներ, որովհետև մենք տեսանք ՔՊ-ն ինչ արեց, շատ-շատ մարդիկ ինչ արեցին, ինչ քրեական գործեր հարուցվեցին, ինչեր արվեցին։ Ես չէիր հավատում, որ էդպես կլինի, որովհետև մինչև նախավերջին օրը քաղաքում սոցհարցումներն այլ բան էին ասում։

Գրիգոր Տաթևացու մեջ էսպես է ասվում՝ դրված է հացը և կողքը դրված է սիրուն աղջիկը, եթե մարդուն բաց թողնես, ուր կգնա, աղջկա մո՞տ, թե՞ հացի, անպայման կվազի հացին։ Շատ շատերը վազեցին հացին, որովհետև սոված են այս քաղաքի ժողովուրդը և Շիրակի դաշտավայրը։ Ես մի քիչ ներողամտությամբ եմ նայում, բայց, իհարկե, մի քիչ վերապահումներով»։

Նա նաև վստահեցնում է, որ Վանաձորի սցենարը չի կարող կրկնվել Գյումրիում։
«Գյումրին ուրիշ է, Վանաձորը ուրիշ է, կտեսնեք, որ Գյումրիում ուրիշ է և լավ է լինելու։

Ես հուսով եմ, որ շատ լավ է լինելու, էդ քրեական-մրեական բաները լոկ խոսակցություններ են, կտեսնեք, որ դա էդպես չէ, ինչպես որ ներկայացրել են»։

Իսկ իրեն վերագրվող ձայնագրության հիմքով հարուցված քրեական վարույթով հնարավո՞ր է գան Վարդան Ղուկասյանի հետևից, նա պատասխանեց․ «Դա եղած-չեղած մի հաշիվ է, ավելի լուրջ խնդիրներ կան, թող մտածեն 388 եկեղեցիները, որ թուրքերին տվել են, թող մտածեն 12 հազար 500 քառակուսի մետր հողերը, որ տվել են թուրքերին, մտածեն 12 քաղաքի, 241 գյուղերի մասին։

Էնքան նմանատիպ խնդիրներ կան, էդ դարդը թողել են, ընկել են էդ ձայնագրության հետևից։ Թող մտածեն, որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ադրբեջանական լեզվով, դրա մասին ինչ են մտածում․ արհեստական բանականություն է կոչվում, դե էդպես թող գնան, խորանան, կտեսնեն որ, դա իմ համար սովորական հարց է, հեքիաթներ են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930