ՀԿԴ-ում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եւ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի գործով դատական նիստը:
Ըստ մեղադրանքի՝ նախկին նախարարը գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված: Սակայն մրցույթի մասնակից «Հարմոնիա» հիմնադրամը մրցույթի արդյունքը բողոքարկել է դատարանում եւ շահել այն:
Այսօրվա դատական նիստում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների հետազոտումը շարունակվեց: Հանրային մեղադրող Գեւորգ Սարգսյանը շարունակեց հրապարակել մեղադրյալների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց միջեւ հեռախոսազրույցների վերծանված սղագրությունները, որոնց պաշտպանական կողմը ներկայացնում էր իր մեկնաբանությունները եւ առարկությունները:
Կարդացեք նաև
Համեմատաբար ակտիվ քննարկում ծավալվեց այն դրվագի շուրջ, երբ Վահան Քերոբյանի եւ Աշոտ Հովհաննիսյանի միջեւ կապը ապացուցելու նպատակով Գեւորգ Սարգսյանը մեջբերեց նրանց զրույցը, որի ժամանակ նախարարը «Սիներջի» ընկերության ղեկավարի հետ քննարկել էր իր տեղակալի պաշտոնում թեկնածու ընտրելու հարցը: «Սա փաստ է: Եվ փաստը մնում է փաստ: Հետեւաբար, ինչքան էլ իրենք դատարանին ներկայացնեն, որ Աշոտ Հովհաննիսյանի եւ Վահան Քերոբյանի միջեւ կապ չկար, այս խոսակցությունից արդեն բխում է, որ այդ ամենը ի չիք է դառնում: Սրանից հետո ինչ ուզում է ասեն: Եթե մարդու հետ քննարկում են նախարարի տեղակալ նշանակելու հարցը, էլ ինչի՞ մասին է խոսքը»,-հայտարարեց հանրային մեղադրողը:
Նրան առաջինը հակադարձեց Աշոտ Հովհաննիսյանը. «2024 թվականի հունվարը նշանակում է, որ մենք արդեն պարտվել ենք, մեր բողոքն էլ դատարանը չի ընդունել եւ այդ հարցը արդեն ավարտված է: Մենք պարոն Քերոբյանի հետ էլ ոչ մի հարց լուծելու չունենք: Բայց մենք էլի մնում ենք ոլորտի լիդերներ: Ես ղեկավարում եմ մի շատ կարեւոր հիմնարկ, անուն ունեմ, պատիվ ունեմ, ասոցիացիաների անդամ եմ:
Այնպես չի, որ ես չեմ ճանաչում պարոն Քերոբյանին: Երբ որ հարցը կար քննարկման, այն ժամանակ պարոն Քերոբյանը պարզ ասաց՝ հիմա չենք կարող խոսել: Բայց ամեն ինչն անցած է արդեն, էլ հարց չկա լուծելու: Սա պետք է հասկանալ: Չի կարելի շիլա-փլավ սարքել, ամեն ինչը խառնել իրար ու միացնել մի ընդհանուր բանի մեջ: Ժամանակի մեջ եթե նայում ես, հասկանում ես, որ 2024 թվի հունվարին գնացքն արդեն գնացել է:
Մենք պարտված վիճակի մեջ ենք: Մենք շատ պատահական հանդիպում ենք, իրար հետ սուրճ ենք խմում: Եվ այդ ժամանակ մարդը խնդիր ունի: Նաեւ գիտի, որ ես շրջապատ, ծանոթներ ունեմ: Ինքը մարդ է ման գալիս ու հարցնում է: Եվ դա մտցնել որպես մեղադրական թեմա ու քննարկել, ես ուղղակի ապշած եմ»:
Վահան Քերոբյանն իր հերթին ասաց. «Նախ ասեմ՝ պարոն Աշոտ Հովհաննիսյանը սխալ է ասում՝ նույն բանի մասին մի քիչ փոփոխված տեսակետ ունի: 2024 թվի հունվարի սկզբին եղել է հանդիպում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ:
Պարոն Աշոտ Հովհաննիսյանը հանդիսացել է Ամերիկյան առեւտրի պալատի խորհրդի անդամ: 2024 թվի սկզբին պալատի հետ հանդիպման ժամանակ տեսել ենք, որ պարոն Հովհաննիսյանը թշնամաբար, շատ սառն է վերաբերվում ինձ: Եվ ես իրեն առաջարկել եմ՝ հանդիպել, բացատրել, որ ոչ մի անձնական բան չկա, որ «Հարմոնիան» հաղթել է:
Եվ այդ խոսակցության ընթացքում ես նաեւ հարցրել եմ կարծիք Լիլիթ Գրիգորյանի մասին, որը եղել է Ամերիկյան առեւտրի պալատի տնօրեն: Ու նրա մասին հարցրել եմ որպես փոխնախարարի հնարավոր թեկնածուի, որովհետեւ փոխնախարար Անի Իսպիրյանը 2024 թվականի սկզբին արդեն ասել էր, որ պետք է արտագաղթի: Ես նրան փոխարինող մարդ էի ման գալիս: Լիլիթ Գրիգորյանի աշխատանքը տեսել էի: Խոսակցության ընթացքում ես նրա մասին եմ հարցրել:
Կարող է Աշոտ Հովհաննիսյանը մտածել է, որ ես իրականում իրեն խնդրում եմ, որ ուրիշ մարդկանց մասին մեզ կարծիք ասի: Ես իրեն չեմ ասել՝ իմ համար փոխնախարար գտիր, հարցրել եմ՝ ի՞նչ կարծիք ունի այս մարդու մասին: Ինքը կարող է որոշել է ինքնագործունեությամբ ուրիշ բան անի: Ես, քավ լիցի, չեմ ուզում իրեն վիրավորել: Բայց ուզում եմ ասել, որ խոսակցությունն իրականում այդպես է եղել: Մեր խոսակցությունը զանգով չի եղել: Ես իրեն ասել եմ՝ այսինչ օրը այսինչ ժամին արի նստենք, ես քեզ բացատրեմ, որ այն, ինչ տեղի է ունեցել, մենք քեզ ոչ մի վատություն չենք փորձել անել, ուղղակի գործընթաց է գնացել: Պայմանագիր ենք կնքել «Հարմոնիայի» հետ, որովհետեւ դա դատարանի որոշումն է եղել: Այնպես որ, ինձանից մի նեղացիր»:
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց: Պաշտպանական կողմը նիստի ավարտից հետո Aravot.am-ին ասաց. «Այսօրվա ասածներից ոչ մեկը մեղադրանքի մեջ չկար, հետազոտված ապացույցներից որեւէ մեկի բովանդակությունը չէր վերաբերվում ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությանը, ավելին, հերքում էր դա: Այսօր փուչ օր էր: Նիստից՝ նիստ համոզվում ենք, որ այս մեղադրանքը ընդամենը մեկ կամ երկու հոգու ֆանտազիայի արդյունք է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































