Այսօր լրագրողները ընդդիմադիր ուժերի Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանու նիստի ժամանակ անակնկալ մատուցի, իր գլխավորած «Կումունիստական կուսակցության» ցանկից ավագանու անդամ տանի՝ ՔՊ-ի թեկնածուին դարձնելով քաղաքապետ։
Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Ինչ անակնկալ պիտի լինի ո՞ր։ Մեզանից մարդ տանի՞, մենք ավելի շատ իրանցից կտանինք, քան իրենք մեզանից, ուրեմն ես էդքան թույլ մարդ եմ, հա՞։ Հլը դու ինձ նայի, ապրածիս նայի, ուրեմն ՔՊ-ան կարող է մեզանից մարդ տանի ու մենք չե՞նք կարող իրենցից տանել։ Ես էդ բաներին չեմ ուզում պատասխանել, կապրենք, կտեսնենք։
Ես գիտեմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, գիտես ինչի՞, որովհետև Աստված ընդ մեզ է, որովհետև ժողովրդի էդքան ձայները՝ մաքուր, անարատ, տվել է մեզ։ 13 տարի աշխատած քաղաքապետի հետևից էդքան ժողովուրդ, հավանական է՝ ոչ մի տեղ չի եղել։
Իմ սարքած քաղաքապետարանը 13 տարի չեմ եղել, և ոչ մեկն էլ աշխատողներից ոչ մի միջոցառման չեն մասնակցել, ոչ մի անգամ չասին՝ որ եկել, ստեղ վեր ենք ընկել, էս տղու կառուցածն էր, մի օր մի բանին հրավիրեինք, չնայած ես չէի էլ գնա, բայց էդ շնորհքն ու չափն էլ չունեին։
Կարդացեք նաև
Ինչ արվել է, իմ օրոք է արվել, ինչ միջոցառումներ, էդքան միջոցառում եմ արել, եկան 70 տոկոսը միջոցառումների վերացրեցին։ Ինչ մայիսմեկյան, հունիսմեկյան տոներ էինք անում, փառատոներ էինք անում, եկան, բոլորը վերացրեցին, մոտավորապես կեսից ավելի քաղաքային միջոցառումները վերացրել էին»։
Նա ասաց, որ հեշտ չի լինելու քաղաքապետի աթոռին վերադառնալը, ծանր աշխատանք է, և լուրջ ծրագրեր է ներկայացրել, կիրագործի Աստծո կամքով։
Հարցին էլ՝ մտավախություն չունե՞ք, որ ձեր պաշտոնավարման ժամանակ հնարավոր է քաղաքում այնպիսի իրավիճակներ ստեղծվեն, որ հետո բարձրաձայնեն, թե կրիմինալը նորից վերադարձավ, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Ինչ ասես պիտի անեն, որովհետև ամեն ինչի սպասում ենք, ամեն ինչ գիտենք, որ պիտի անեն, բայց դա ինձ համար առ ոչինչ է, որովհետև ես տեսել եմ, աշխատել եմ, մինչև էսօր էդ քարկոծությունը տեսել եմ, զգացել եմ կաշվիս վրա։
Դա ինձ համար սովորական բան է, կրիմինալը չի կարող էս քաղաքում վերադառնալ, որովհետև իմ ժամանակ ոստիկանության վիճակագրությունը տվել է, որ քաղաքը 5-րդ, 7-րդ տեղում է եղել։ Երկրորդ քաղաքում պիտի լիներ երկրորդ տեղում, բայց եղել է 5-րդ, 7-րդ տեղում, իսկ ներկայացնողները՝ լրատվական կառույցները, հավանական է, ես իրենց ակնոցները կփոխեմ։
Եվ հետո իրենք տեսան՝ ժողովուրդը ասեց, եթե իրենց ներկայացրածի ձևով լիներ, էս ժողովուրդը ինձ ձայն չէր տա։ Հիմա գոնե լեզուները պահեն, չափի մեջ մնան, ու իրենց բոլոր պատասխանը ժողովուրդը տվել է։ Էդքան կեղծիք անելուց, էնպիսի բաներ են արել, որ էն ժամանակվա ամենաուժեղ կեղծիք անողները գլխները կկախեն իրենց արած կեղծիքների դեմ»։
Նա ասաց, որ ՔՊ-ական իշխանության հետ կպահի սուբորդինացիան, սակայն ինչ ձևի նրանք պահեցին, նույն ձևի ինքը կպահի։
«Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ իրենց քաղաքականությունը չի կիսում, իրենց հետ համամիտ չէ, դեմ է նրանց, սակայն քաղաքի ու պետության շահերի տեսանկյունից՝ եթե խնդիր կլինի, իրեն ճիշտ կպահի։
Սակայն, ըստ Վարդան Ղուկասյանի, եթե նրանք սխալ պահեն իրենց, կբարձրաձայնի, թող ամբողջ երկիրն իմանա, թե ինչպես են նրանք պահում ընդդիմադիր քաղաքապետի ու քաղաքի նկատմամբ։
Ընտրությունների արդյունքներից զայրացած ՔՊ-ականներին էլ խորհուրդ տվեց սրտները լայն պահել։
«Ոչինչ, թող սրտները լեն պահեն․ մեկը կգա, մյուսը կերթա, մեկը մյուսին կփոխանցե, էնպես որ հեչ վատ չզգան։ Հասկանալի է, էն, ինչ-որ իրենք արել են, ժողովուրդը ըստ այդմ իրենց գնահատականը տվել է։
Ամբողջ Հայաստանի ՔՊ-ականներով որ լցվել էին՝ մարզպետներով, պատգամավորներով, պետական կառույցներով, էստեղ քանի հոգի վարորդներ եկան, ասացին՝ 67 հոգի էս ինչ քաղաքից էինք բերել, 67 հոգի էն ինչ քաղաքից, բերել ենք ընտրության ու գնացել ենք։
Հիմա շենքեր կան, որոնք գրված են ցուցակների մեջ, բայց էդ շենքերը չկան։ Ինչ ասեմ, ամոթ է ուղղակի, էսքան բանից հետո, որ էդքան ձայն են հավաքել, ձայները կտրեն, խելոք մնան։ Իրենց մի բան եմ ասում՝ քանի աշխատում են, աշխատեն՝ ի շահ ժողովրդի, որպեսզի ինչ որ խոսք էին տվել, այ, էդ խոսքերը կատարեն, ուրիշ ոչ մի բան», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































