Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք կլինի՞ արդյոք ստեղծել «հայ-հայկական հաշտեցման հանձնաժողով»

Մայիս 21,2025 13:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպես են վերացվելու նիկոլիզմի պատճառած ավերածությունների հետեւանքները

2000-ականների սկզբին ստեղծվել էր «հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով», որի մեջ մտնում էին երկու երկրների գիտնականները, մտավորականները, փորձագետները: Որեւէ պաշտոնական լիազորություն չունենալով իրենց կառավարություններից՝ այդ հանձնաժողովի անդամները քննարկում էին երկու պետությունների, երկու ժողովուրդների ամենախրթին պրոբլեմները: Հայաստանում պաշտոնական շրջանակներն այդ գործընթացին վերաբերվում էին խիստ վերապահումներով, իսկ իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն այդ նախագիծը սուր քննադատության էր ենթարկում:

Քաղաքագիտական լեզվով այդ ուղղությունը կոչվում է 3rd track diplomacy՝ դիվանագիտության երրորդ ուղղություն, որը տարբերվում է պետական (թիվ 1) եւ ժողովրդական (թիվ 2) դիվանագիտությունից: Թիվ 3-ը փորձագիտական մակարդակի դիվանագիտությունն է: Ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա ես կարծում եմ, որ պետք է աշխատել բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եւ այդ առումով երեք ուղիներն էլ կիրառելի են: Դա չի նշանակում, սակայն, որ պետք է զգաստ կանգնել եւ գլուխը տմբտմբացնել ի պատասխան Ալիեւի եւ Էրդողանի ամեն մի քմահաճույքի:

Սակայն «հաշտեցման հանձնաժողովներ» կամ համանման մարմիններ ստեղծվում են ոչ միայն խնդիրներ ունեցող ազգերի մեջ, այլեւ պառակտված հասարակություններում: Նման փորձ գոյություն ունի բազմաթիվ երկրներում՝ Իսպանիայում (Ֆրանկոյի մահվանից՝ 1975 թվականից հետո իսպանացիներն անդրադարձան 1936-39 թվականների քաղաքացիական պատերազմին), Գերմանիայում (ֆաշիզմի տապալումից հետո), բազմաթիվ հետսոցիալիստական եւ հետխորհրդային երկրներում: Տպավորիչ էր Հարավ-Աֆրիկյան Հանրապետության փորձը, երբ ապարտեիդից հետո այդ երկրի նախագահ Նելսոն Մանդելան չսկսեց վրեժ լուծել սպիտակ փոքրամասնությունից, այլ նպաստեց «հարավ-աֆրիկացի» քաղաքական ազգի շինարարությանը:

Հայաստանի երրորդ հանրապետությունում, բարեբախտաբար, չի եղել քաղաքացիական պատերազմ, չի եղել նաեւ ֆաշիզմ կամ ապարտեիդ: Մեր աղետը կոչվում է «նիկոլիզմ», եւ դրա թողած ավերածությունների հետեւանքները մենք պարտավոր կլինենք վերացնել Փաշինյանի՝ պաշտոնից հեռանալուց հետո՝ թերեւս  5-10 տարիների ընթացքում:

Նիկոլիզմն առաջացել էր «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի ներսում 2008-ին (չշփոթել 2013 թվականին ստեղծված ՀԱԿ կուսակցության հետ), այնուհետեւ զարգացել էր որպես ընդդիմադիր ՔՊ: Այդ փուլում նիկոլիզմն այնքան վտանգավոր եւ պառակտիչ չէր, որքան 2018 թվականից հետո, երբ այդ մտածողության մարդիկ եկան իշխանության:

Ո՞րն է նիկոլիզմի գլխավոր առանձնահատկությունը: Դա այն համոզմունքն է, որ կա «ժողովուրդ», որն անվերապահորեն պաշտպանում է Փաշինյանին, եւ կան մնացածները: Այդ՝ երկրորդ խմբի մեջ մտնում են «նախկին թալանչիները» եւ նրանց կողմնակիցները, «ռսաստրուկները» եւ արցախցիների մեծ մասը (արցախցիների շրջանում իշխանությունը նույնպես փորձում է պառակտում մտցնել եւ ստեղծել նիկոլամետ ակտիվիստների խմբակ): Ըստ այդմ՝ «ժողովրդի» նպատակն է ոչնչացնել «թալանչիներին» եւ «ռսաստրուկներին», որի դեպքում Հայաստանը կդառնա կատարելապես ինքնիշխան երկիր եւ կբարգավաճի:

Այսպիսով, նիկոլիզմն իր մեջ կրում է ե՛ւ ֆաշիզմի, ե՛ւ ապարտեիդի գծեր, որոնք ավելի պարզորոշ են դառնում ոչ միայն քարոզչության, այլեւ իրավապահ մարմինների գործողությունների մեջ՝ դրանք, մասնավորապես, արտահայտվում են «թալանածը ժողովրդին վերադարձնելու» PR բեմադրությունների մեջ:

Նիկոլիզմի հիմնական գործիքն է շանտաժը, որն, ինչ խոսք, քաղաքականության մեջ կիրառվում է հազարամյակներ շարունակ: Պարզապես այս պարագայում գործ ունենք չափազանց մանր, ճղճիմ, լակոտական շանտաժի հետ, որն ուղեկցվում է պսիխոպատիայի եւ պարանոյայի դրսեւորումներով:

Բայց ամենաաղետալին այն է, որ նիկոլիզմը ծնում է հականիկոլիզմ, որը նիկոլիզմից ոչ մի բանով, ըստ էության, չի տարբերվում: Օրինակ՝ երբ իշխանության բոլոր կողմնակիցներին համարում են կա՛մ «զոմբի», կա՛մ «ծախված»: Այդ սարսափելի պառակտվածությունը, կրկնեմ, պահպանվելու է Փաշինյանի հեռանալուց հետո, եթե գործուն քայլեր չձեռնարկվեն:

Ամենակարեւոր հարցը՝ ովքեր կարող են զբաղվել «հայ-հայկական հաշտեցմամբ»: Պարզ է, որ պետական դիվանագիտությունն այստեղ կիրառելի չէ, ժողովրդականը՝ նույնպես, որովհետեւ հենց «ժողովրդի» ներկայացուցիչներն են իրար հետ թշնամություն անում: Մնում է որեւէ անձնական շահագրգռվածություն չունեցող վերնախավը, պայմանականորեն ասած` 3rd track -ը՝ մարդիկ, որոնք կարող են որեւէ կողմին համակրել կամ որեւէ մեկին չհամակրել, բայց որոնց համար ավելի կարեւոր է պետության հիմքը հանդիսացող հասարակական համերաշխությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սահակ says:

    Փայլուն վերլուծություն։
    Հարգանքս

  2. Հ.Շ. says:

    «Հայ-թուրքական հաշտեցման» այդ մօտեցումին, մտայնութեան, հոգեբանութեան եւ աշխատանքներու ուղղակի ծնունդն է՝ փաշինյանիզմը: Իր բերած բոլոր անասելի աւերներով, անդառնալի վնասներով, Հայ Ազգին համար:

    Սակայն այդ ընթացքը սկսաւ 2000 թուականէն շա՜տ առաջ: 1970ական թուականներուն ծայր տուած հայկական ահաբեկչութիւնը կը միտէր նաեւ ձուին մէջ խեղդելու այդ գործընթացը, զորս ակնյայտ ծուղակ մըն էր, որու մէջ կ’ուզէին թաղել Հայկական Հարցը: Ինչ որ յաջողեցան վերջապէս անել, բայց վերջին տարիներին միայն: Այսինքն, այդ մարտական շարժումը գոնէ մի քիչ դանդաղեցուց… թաղումը:

    Իսկ, որ պետական որեւէ կապ չկար յատկապէս վերեւ նշուած յանձնախումբի պարագային, մեղմ ասած, շատ վիճելի հաստատում մըն է:

    Դրա հիմնադիրներէն մէկը՝ ՀՀ առաջին նախագահի արտգործ նախարարը եղած էր: Ապա ՀՀ ներկայացուցիչ ՄԱԿում: Ապա ՀՀ դեսպան ԱՄՆում: Իսկ մինչեւ հիմա էլ, տակաւին ՀՀ դեսպան Տենմարքում: Նշանակուած երկրորդ նախագահին կողմէ, եւ իր այդ պաշտօնին վրայ պահուած, Փաշինյանի կողմէ:

    «Հայաստան»ը վերջին մեխը հանդիսացաւ, Հայկական Հարցի դագաղին կափարիչին մէջ խփուած:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031