Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում թաքնված, չբացահատված մի հարստություն կա, որը դեռևս լուռ է, բայց այն կա․ Մխիթար Հայրապետյան

Հուլիս 05,2025 10:20

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 4-ին  Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մասնակցել է «Tech Week 2025» տեխնոլոգիական միջոցառման բացման արարողությանը և հանդես եկել բացման խոսքով:

Նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որոնց ջանքերի շնորհիվ Վանաձորը «Tech Week 2025»-ի երեք օրերի ընթացքում կվերածվի տեխնոլոգիական մայրաքաղաքի: «Սա իսկապես կարևոր ձեռքբերում է Վանաձորի համար և այսօրինակ միջոցառումները պետք է ավելի ու ավելի հաճախ անցկացվեն այս հրաշալի քաղաքում։ Սա  մի միջոցառում է, որի արդյունքները բոլորս պարտավոր ենք առավելագույնս կապիտալիզացնել, և Վանաձորը ժամանակի ընթացքում դարձնել տեխնոլոգիական կլաստեր։ Վանաձորը Հայաստանի այն մի քանի քաղաքներից մեկն է, որն ունի այդ ներուժը», – ասել է Մխիթար Հայրապետյանը։

Այնուհետև նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Մարզում զարգանալու տեղ չունենալը որպես համակարգային խնդիր. պետության և բիզնեսի իրական քայլերը՝ ՏՏ  թվային ներուժը համայնքներում պահելու,  զարգացնելու ուղղությամբ» թեմայով, որի ընթացքում նախարար Հայրապետյանն անդրադարձել է բոլոր առումներով ամենամեծ մարտահրավերին՝ մարդկային կապիտալի սահմանափակ ռեսուրսների թեմային՝ ընդգծելով այն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև մարզերում տեխնոլոգիաների զարգացման կարևորության թեմային. «Մարզերում թաքնված, չբացահատված մի հարստություն կա, որը դեռևս լուռ է, բայց այն կա։ Հետևաբար  պետության և մասնավոր հատվածի գերխնդիրն է գտնել տաղանդներին, բացահայտել, կատարել թիրախային ներդրումներ  և նրանց ներգրավել այս գործընթացների մեջ»,-ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ մարզերը տեխնոլոգիական զարգացման տեսլականի առանցքում են։

«Tech Week 2025»-ի շրջանակներում տրվել է նաև Layerswap ընկերության կողմից կազմակերպված ԴևHacks տեխնոլոգիական հաքաթոնի մեկնարկը, որի շրջանակում 3-5 անդամներից բաղկացած թիմերը 48 ժամվա ընթացքում տեղում կփորձեն կյանքի կոչել նորարարական իրենց գաղափարները։

Հաքաթոնի մասնակիցներին ողջունել, բարի երթ և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը. «Ոգևորիչ է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ տարիներ շարունակ կազմակերպվել է Ինժեներական շաբաթը։ Ինձ համար շատ տպավորիչ է տեսնել վառվող աչքերով այսքան շատ երիտասարդներ, պատրաստ դեպի պայքար։ Հաքաթոնները հետաքրքիր հարթակ են ստեղծում համագործակցելու և պայքարելու, ինչպես նաև տեսական գիտելիքները պրակտիկ կիրառելու առումով»,- ասել է Ռուբեն Սիմոնյանը, կարևորել նման միջոցառումների անցկացումը մարզերում, դրանց ընդլայնումը դեպի Հայաստանի այլ մարզեր ևս։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, խոսել է հաքաթոնների մասնակցությանն ունեցած իր փորձից, կարևորել նման միջոցառումների անցկացումը, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին և հաջողություն է մաղթել մասնակիցներին։

«Tech Week2025»-ի շրջանակներում կանցկացվի նաև «Wings» գաղափարների մրցույթ՝ ի նպաստ Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Մրցույթն ուղղված է տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագիտական թիմերին՝ տեխնոլոգիաներից մինչև ագրոբիզնես ու տուրիզմ։ Առաջին փուլում ընտրվելու են 7 թիմեր, որոնք մենթորների աջակցությամբ կնախապատրաստեն իրենց նախագծերը։

«Tech Week2025»-ի շրջանակում կայանալիք աշխատարաններին՝ ավելի քան 300 մասնակից է գրանցվել։

Tech Week 2025-ը «հայթեք» Հայաստանի օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկն է, որը հուլիսի 4-6-ը Վանաձորը կհյուրընկալի հայկական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին, կմիավորի ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին,  փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով։

Երեք օրերի ընթացքում կոնֆերանսի շրջանակում հանդես կգա ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031