ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլի ու Աննայի կողմից տևական ժամանակ տիրաժավորվող «Կրթվելը նորաձև է» հակահայկական ձևաչափին նոր ամպլուա է հաղորդվելու՝ այն հեռարձակվելու է նաև հեռուստատեսային տարբերակով։ Թերևս կասկած չկա, որ թեման «խուրդելու» են հանրային կոչվող գրպանային դարձած եթերով՝ քարոզելով իրենց հակապետական նարատիվները։
Փորձենք հասկանալ, թե ինչ խնդիր է լուծում Նիկոլը։ Նախ տևական ժամանակ, գոնե ինձ համար անհասկանալի, այդ խայտառակությունը դարձել է իշխանական քարոզչամեքենային «մաքուր ձեռքերը», որով նրանք ինչ-որ էսթետ դիսկուրսների միջոցով փորձում են մարդկանց ուղեղը լվանալու դասական գործընթաց ծավալել։ Այստեղ խնդիրն ու առաջնայինը բովանդակայինը չէ, բնավ, այլ այն սեգմենտը, ում վրա սրանք փորձում են կառուցել իրենց ապագա «քաղաքական ճարտարապետությունը»։ Նիկոլի համար կա մի բանաձև՝ ինչքան նաիվ ու IQ միջինից ցածր՝ այնքան իր համար ավելի հարմար՝ իր դատարկաբանություններն ու իրականության հետ ոչ մի աղերս չունեցող պնդումները շատ ավելի լավ կընկալվեն որպես փիլիսոփայական բացարձակ ճշմարտություններ։
Խնդիրն այստեղ այն է, որ այդ հանդիպումների ընթացքում ամեն ինչ ներկայացվում է ձևախեղված, կոնտեքստից կտրված, զույգերը փորձում են մի քանի գրքեր ձեռքներին մարդկանց ցույց տան, թե իրենք խորամուխ են եղել Խորենացում «Պատմություն Հայոց»-ի, Հայ եկեղեցու «Կանոնագրքի», և նմանօրինակ մի քանի անկյունաքարային աշխատությունների վրա, սակայն դրանք ծխածածկույթ են՝ իրենց նարատիվը գեներացնելու համար, իսկ երբ հրապարակավ նրանց հակադարձում ես, բարձրաձայնում բացահայտ սուտն ու կեղծիքը, ամբողջ ֆեյքապետական ապարատը միանում է՝ ընդհուպ մանդատակիրները։
Կարդացեք նաև
Այս ամենը խոսում է նրա մասին, որ Նիկոլն ամբողջ արսենալը դրել է թեմայի մեջ նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Փաստացի Նիկոլը հերթական ընտրություններից դեռևս 8-9 ամիս առաջ իրականացնում է քարոզարշավ․ գրեթե բոլոր մարզերում լայնամասշտաբ ասֆալտապատում, ջրագծի անցկացում, ավտոբուսներ են տրամադրում տարբեր համայնքների։ Ասեմ ավելին, ըստ օդում կախված լուրերի՝ առաջիկա ամիսներին ֆիննախը մի ծրագիր է մշակում, ըստ որի՝ իջեցվելու է նպաստ ստացող հանրության նպաստ ստանալու շեմը, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ կարողանան նպաստներ ստանան՝ այդ կերպ փաստացի բաժանելով օրինական ընտրակաշառք։
Այսպիսով, «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը ոչ թե կրթական, այլ մանիպուլյատիվ քաղաքական նախագիծ է՝ ուղղված հասարակական գիտակցության վերակազմակերպմանն ու իշխանության համար նպաստավոր սոցիալական բազայի ձևավորմանը։ Իրական կրթության հետ այն ոչ մի առնչություն չունի․ դրա միջոցով սիմուլացվում է արժեքային դիսկուրս, որի բուն նպատակը գաղափարական դատարկությունը փաթեթավորելն է։ Եվ հենց այդպես էլ ձևավորվում է Նիկոլ Փաշինյանի ընտրական ինժեներիան՝ ոչ թե հանրային վստահության, այլ մեթոդիկ կառավարման, կախվածության ու տարրալուծման հաշվին։