«Սյունիքի միջանցքի դեպքում խոսքը ոչ թե ինչ-որ բիզնես մոդելի կամ բիզնես կառավարիչի ընտրությունն է, այլ երկրի սուվերենության զիջումն է, ինչպես ժամանակին Յունաթեդ Ֆրութն էր իր բանանների համար տիրապետում Հոնդուրասին, Գվատեմալային եւ այլ բանանային երկրների»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
– Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սյունիքի ճանապարհով հետաքրքրված են եւ ԱՄՆ-ը, եւ ԵՄ-ն, եւ ՌԴ-ն ու հիմա քննարկումների մեջ են, ՀՀ-ն ոչ մեկի համար խնդիրներ չի ստեղծում եւ ընտրելու է այն առաջարկը, որը ՀՀ շահերն ամենալավը կպաշտպանի։ Նա նաեւ այդ ռազմավարական ճանապարհի արտապատվիրակումը համեմատեց «Հարավկովկասյան երկաթուղիների», «Զվարթնոց» օդանավակայանի եւ համանման այլ ձեռնարկությունների արտապատվիրակման հետ. ի՞նչ տպավորություն է թողնում այս ամենը։
– Իհարկե, բոլորն էլ հետաքրքրված են Սյունիքի ճանապարհով։ Նիկոլը շատ խոսեց ինքնիշխանության եւ նման բաների մասին, սակայն, թերեւս, նա չի հասկանում, որ ՀՀ շահերը ամենալավը պաշտպանում է հենց Հայաստանը, եւ եթե խոսենք ՀՀ շահերից, ապա լավագույն լուծումը կլինի ոչ թե արտապատվիրակումը ինչ-որ երկրի կամ կազմակերպության, այլ Հայաստանի ինքնիշխանության եւ իրավասության տակ պահելը։ Այնպես որ, լավագույն առաջարկին սպասելը դառնում է նման լավագույն գաղութարարին սպասելուն։
Ինչ վերաբերում է «Զվարթնոցի» կամ երկաթգծի հետ համեմատությանը, ապա Սյունիքի միջանցքի դեպքում խոսքը ոչ թե ինչ-որ բիզնես մոդելի կամ բիզնես կառավարիչի ընտրությունն է, այլ երկրի սուվերենության զիջումն է, ինչպես ժամանակին Յունաթեդ Ֆրութն էր իր բանանների համար տիրապետում Հոնդուրասին, Գվատեմալային եւ այլ բանանային երկրների։
Կարդացեք նաև
– Ի դեպ, Փաշինյանը իր լրագրողական գործուներությունից սկսած` ամենաջերմեռանդն է քննադատել Ռոբերտ Քոչարյանին` Մեղրիի տարբերակը բանակցելու համար։ Այն դեպքում սահմանվում էր Լաչինի միջանցքի վերահսկողությունը ՀՀ-ի կողմից, որը ՀՀ-ն կապում էր Արցախի հետ։ Նաեւ, ըստ Քոչարյանի, ճանապարհը լինելու էր էստակադա։ Փաշինյանի տարբերակով` ստացվում է` Մեղրին հանձնում ենք հանուն ոչնչի՞։
– Եթե ուզում ենք համեմատել, թե ի՞նչ էր անում լրագրող Նիկոլը եւ վարչապետ Նիկոլը, ապա պետք է հասկանալ, որ Նիկոլն այդ երկու դեպքերում տարբեր խնդիրներ է իրականացնում։ Լրագրող Նիկոլի խնդիրը իշխանության գալն էր, իսկ վարչապետ Նիկոլի նպատակը իշխանությունը պահպանելն է։ Սակայն նրա բնավորությունը չի փոխվել. ինչպես իշխանության գալու համար լրագրող Նիկոլն էր պատրաստ տարբեր մանիպուլյացիաների, այնպես էլ վարչապետ Նիկոլն է ձեռնածություններ անում իշխանությունը պահպանելու համար. տարբերությունն այն է, որ հիմա այդ շուստրիության զոհ է դառնում ողջ Հայաստանն ու հայությունը։
– Ձեզ համար հասկանալի՞ է` ո՞ւր է գնում ՀՀ-ն։ Փաշինյանը վստահ է` 20 տարի անց Հայաստանը ԵՄ անդամ է լինելու։
– Նիկոլի առաջնորդությամբ Հայաստանը գնում է դեպի բանանային հանրապետություն։ Եթե նա եւս 20 տարի մնա երկրի ղեկավար՝ ինչը չի բացառվում քաղաքական եւ հասարակական ներկա կառույցների դիրքորոշումների դեպքում, որն արդեն 7 տարի է՝ էապես չի փոխվում, ապա 20 տարի անց Հայաստանը պետք է փնտրի, թե ով է ուզում իր «բանանները» եւ դառնա նրա գաղութը։ Դժվար է կանխատեսումներ անել, թե 20 տարի անց կլինի՞ այդ երկիրը. դա կարող է լինել ինչպես ԵՄ-ն, այնպես էլ Մոսկովյան, Նեոօսմանյան կայսրությունը կամ Կոմունիստական Չինաստանը։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
19.07.2025