«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հանրային քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
«Երկու տարի շարունակ եռամսյակը մեկ մենք իրականացնում ենք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք ներառում են ամբողջ հայ հասարակությունը, ամբողջ Հայաստանը՝ ներառելով բոլոր մարզերը, քաղաքային եւ գյուղական բնակավայրերը ըստ տարիքային խմբի, ըստ կրթական բաշխվածության, համաչափորեն, համաձայն իրական վիճակագրական կոմիտեի տրված տվյալների:
Այս հետազոտությունն անցկացվել է հոկտեմբերի 5-ից 25-ը, հարցմանը մասնակցել է 1123-ը: Տվել ենք հիմնականում այն հարցերը, որոնք սովորաբար տալիս ենք, որպեսզի հասկանանք ինչ դինամիկա է եղել:
Ակնհայտ, ճչացող փաստերից մեկն այն է, որ շատերն ասում են, թե խաղաղության պայմանագրի եւ խաղաղության հաստատման դեպքում Ադրբեջանի պահանջով մենք կարող ենք որոշակիորեն կրճատել մեր բանակի թվակազմն ու ռազմական տեխնիկան: Այս հարցը տվել ենք եւ արդյունքում շուրջ 80 %-ը չի ցանկանում որեւէ կերպ որեւէ թվաքանակ կրճատել, ընդհուպ մինչեւ խաղաղության հասնելու պարագայում:
Կարդացեք նաև
Հետաքրքրական է եկեղեցու եւ կառավարության վարկանիշը, որ չնայած այսքան հալածանքի ֆոնին, Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշը շարունակում է նույնը մնալ: Ու պատկերացրեք, որ մինչեւ 28 տարեկանների ընդամենը 3,6 %-ն է, որ դժգոհ է եկեղեցուց: Փաստացի, եկեղեցու հեղինակությունը բավականին բարձր է՝ մինչեւ 70 %, եկեղեցու եւ զինված ուժերի վարկանիշը բարձր է:
Կառավարության վարկանիշը շարունակում է նույնը մնալ, շատ մեծ տատանում չի եղել: Ընդհանուր առմամբ կառավարության գործունեությունից բարձր գոհունակություն ունի շուրջ 40 %-ը, ինչը վերջին մի քանի ամսում անփոփոխ է: Ոստիկանությունից բավականին բարձր գոհունակություն կա՝ շուրջ 54,6 %»,-ասաց Արմեն Խաչիկյանը: Սակայն ներկաները կասկած հայտնեցին, որ հարցվածները, թերեւս, ամբողջությամբ չեն ընկալել հարցի բովանդակությունը:
Արմեն Խաչիկյանին զարմացրել է, որ Թրամփի միջնորդությամբ խաղաղության պայմանագիրը արդյո՞ք կբերի իրական խաղաղություն հարցին ի պատասխան, շուրջ 65 %-ը ասել է ոչ՝ չի հավատացել: Իսկ հավատացել է 3,7 %-ը:
«Մի կարեւոր հարց էլ ունեինք: Հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչող քննադատությունները՝ արդյո՞ք դուք կմիանաք եկեղեցու կողմից համախմբման կոչին: Հատկանշական է, որ շուրջ 49 %-ը նշել է՝ այո: Եվ մինչեւ 18 տարեկանների շուրջ 64 %-ն ասել է, որ կմիանա, եթե եկեղեցին համազգային միավորման կոչ անի: Սա եւս կարեւոր արձանագրում է:
Ում հետ կցանկանան ռազմադաշնակցային հարաբերություններ կնքելու մասին հարցը մեր հիմնական հարցերից մեկն էր: Ռուսաստանի տոկոսն է բավականին բարձրանում: Այս պահին շուրջ 37,8 %-ը նշել է Ռուսաստանին, շուրջ 18,3 %-ը՝ ԱՄՆ-ի: Իսկ ԵՄ-ն զգալի անկում է ապրել: Եթե հուլիսին շուրջ 22 % էր, հոկտեմբերի հետազոտությամբ շուրջ 16 %-ն է հավատում ԵՄ-ին»,- ասաց Արմեն Խաչիկյանը:
Aravot.am-ի հարցին, այդ ցուցակում Թուրքիան եւ Ադրբեջանը կա՞ն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թուրքիայի անունը կա: 0,5 % է: Մենք դա չենք ներկայացնում, որովհետեւ վիճակագրորեն նշանակալի չէ: Ադրբեջանի մասով մենք միշտ հարց տալիս ենք, թե հնարավո՞ր է բանակցությունների միջոցով կայուն, երկարատեւ խաղաղության հասնել: Վերջին հետազոտությամբ 30,5 %-ը նշել է, որ հնարավոր է, եւ շուրջ 70 %-ն ասել է, որ հնարավոր չէ: Մոտավորապես 65-70 % մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է խաղաղության հասնել: Ու շատ կարեւոր է, որ այստեղ էլ երիտասարդները դրան ամենաքիչն են հավատում:
Կուզեմ ասել այս առումով իմ անձնական, մասնագիտական դիրքորոշումը: Շատերը մեղադրում են երիտասարդներին, որ, որ նրանք չեն տիրապետում ազգային խնդիրներին, չեն տիրապետում, թե ինչ է կատարվում երկրում եւ այլ պատկերացումներ ունեն: Բայց մեր հետազոտությունները արդեն երրորդ անգամ ցույց են տալիս, որ երիտասարդները շատ են գնահատում եկեղեցին, կարեւորում են ազգային հիմնահարցերը, մի շարք խնդիրներ ու անտարբեր, անհաղորդ չեն տեղի ունեցող իրադարձություններին: Պարզապես, քաղաքականությունը որպես այդպիսին իրենց համար շատ մեծ հետաքրքրություն չունի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































