Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պայմաններում մասնավոր կազմակերպությունն էլ չի համարձակվի ներդրում կատարել ՀԷՑ-ում՝ հաշվի առնելով, որ կա արբիտրաժային վեճ, քաղաքական լարվածություն. Սուրեն Պարսյան. «Փաստ»

Հուլիս 31,2025 10:36

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ Հայաստանը միջազգային հանրության մաս է և պետք է շարժվի ընդհանուր խաղի կանոններով, որին միացել է։

Ընդգծում է՝ վերջին շրջանում կառավարության քայլերն ավելի շատ քաղաքական են և ոչ թե իրավական ու տնտեսական։

Հավելում է՝ այս բոլոր գործընթացները պետք է հեռու մնան քաղաքական շահարկումներից, քանի որ էներգետիկ համակարգը մեզ համար ռազմավարական ոլորտ է, և դրանում ցանկացած փոքր ճգնաժամ երկարաժամկետ հետևանք է թողնելու տնտեսության վրա։ «Ունենք բազմաթիվ խնդիրներ այս համակարգում, և այդ խնդիրները պետք է փորձենք միասնաբար լուծել՝ և՛ պետության, և՛ մասնավորի, և՛ օտարերկրյա տարբեր ներդրողների համատեղ ջանքերով։ Մոտակա տարիների համար մեկ միլիարդ դոլարի չափով ներդրումներ պետք է արվեն ՀԷՑ-ում, որը թույլ կտա համակարգը արդիականացնել, զարգացնել, որակը բարձրացնել։ Եթե այս իրավիճակը շարունակվի, այդ մեկ միլիարդ դոլարը սեփականատերը չի ներդնելու, որովհետև ոչ մի սեփականատեր ներդրում չի կատարում մի կազմակերպությունում, որի ղեկավարումը կորցրել է։ Իսկ Հայաստանի կառավարությունն այդքան ազատ միջոցներ չունի և ոչ էլ միջազգային որևէ ինստիտուտ պարտք կտրամադրի Հայաստանին, որ այդ գործընթացն իրականացնեն։ Այս պայմաններում մասնավոր կազմակերպությունն էլ չի համարձակվի ներդրում կատարել՝ հաշվի առնելով, որ կա արբիտրաժային վեճ, բավականին լուրջ քաղաքական լարվածություն և այլն։ Այսինքն՝ երկարաժամկետ պետք է նայենք այս հարցին և փորձենք արդյունավետ լուծումներ գտնել հնարավորինս մասնագիտական դաշտում»,-ասում է տնտեսագետը։

Այս բոլոր գործընթացներն ուղղակի հարված են մեր քաղաքացիներին, նրանց սոցիալական վիճակին։ Պարսյանի խոսքով, ՀԷՑ-ի գործունեությունից ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտվում կամ տուժում են հազարավոր քաղաքացիներ։ «ՀԷՑ-ում կա մոտ 7000 աշխատող, որոնք աշխատավարձ են ստանում։ Հիմա ղեկավարության փոփոխության հետևանքով որոշակի փոփոխություն է լինում նաև աշխատողների ցուցակներում։ ՀԷՑ-ի նոր ղեկավարությունը, վստահության բացակայության հիմքով, աշխատողներին աջ ու ձախ ազատում է աշխատանքից։ Իրավական տեսանկյունից դա բավականին թույլ հիմք է և դատարանում շատ դժվար հիմնավորվող։ Վստահ եմ՝ ապագայում աշխատակիցներից շատերը դատարան են դիմելու, հաղթելու են, և ՀԷՑ-ը ստիպված է լինելու այդ աշխատակիցների պարապուրդի գումարները վճարել։ Այս դեպքում և՛ աշխատակցի, և՛ կազմակերպության համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում։ Շատ է շահարկվում նաև սակագնի հարցը։ Նշեմ, որ սակագինը հաստատում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սակագնի բարձրացումը, իջեցումն իրենք են իրականացնում, բոլոր ծախսերը հաշվարկում, ընդունում է այս հանձնաժողովը։ Մեր իրականության մեջ հաճախ ենք տեսնում մանիպուլյացիաներ, որ ՀԷՑ-ն իրեն թույլ է տալիս միլիարդավոր դրամների ծախսեր կատարել, տնօրինությանը բարձր աշխատավարձեր է տալիս և այլն։ Եթե համարենք անգամ, որ դա տեղի է ունենում, դա անում է ոչ թե շարքային սպառողների սակագնի, այլ իր շահույթի հաշվին։ Արձանագրենք, որ եթե կա որևէ շռայլություն, դա նշանակում է՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է դա։ Սրա հետ կապված՝ մեր հարցերի հասցեատերը հանձնաժողովն է, ոչ թե ՀԷՑ-ի սեփականատերը կամ տնօրինությունը։ Վերջին տարիների ընթացքում գործող իշխանություններն ամբողջությամբ փոխեցին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների կազմը, ամբողջովին իրենց մարդիկ են։ Այս պայմաններում խոսել շռայլ ծախսերի, գերշահույթի մասին, նշանակում է՝ դու դա թույլ ես տվել, այդ ամենի մեջ «փայ» կամ մասնակցություն ես ունեցել»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031