Սեպտեմբերի 15-ին կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։ Այս տոնական համերգաշրջանը կներկայանա բացառիկ համերգներով և նախագծերով:
Համերգաշրջանը կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնով, որի ընթացքում դասական երաժշտության սիրահարներին կներկայացվի սիմֆոնիկ համերգների շարք։ Երաժշտական այս տոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
«Արմենիա» փառատոնի առաջին համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Արամ Խաչատրյանի փառահեղ Ջութակի կոնցերտը` ջութակահար Դարիուս Պրոյսի մենակատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, ինչպես նաև՝ Խաչատրյանի այլ ստեղծագործություններ։ Կհնչեն նաև անվանի հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։
Փառատոնային երեկոների ընթացքում կներկայացվեն նաև հայ, ռուս, եվրոպացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ։
Կարդացեք նաև
Համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա ունկնդիրների կողմից շատ սիրված իր ավանդական փառատոներով։
Նախատեսված են նոր ձայնագրությունների թողարկումներ և նոր հետաքրքիր համագործակցություններ, համերգային հյուրախաղեր։ Մասնավորապես, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 20-րդ համերգաշրջանը կնշանավորվի դեպի Գերմանիա աննախադեպ շրջագայությամբ։ Նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 2-ը, Գերմանիայի 15 քաղաքների հայտնի համերգասրահների հրավերով, նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հանդես կգա անվանի արտիստների հետ՝ ներկայացնելով հայ կատարողական և կոմպոզիտորական արվեստն ու դասական երաժշտության գլուխգործոցները։