Արցախյան հաղթանակը կորցրել ենք, իսկ մեր ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, որովհետեւ բոլոր տեղերից ենթարկվում է պասիվ հարձակումների․ «Մեր ձեւով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա հիշեցրեց մի հարցազրույցում բարերար, այժմ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի խոսքը, որ «հարուստի եւ աղքատի» պատերազմ էր։ Ըստ Նարեկ Կարապետյանի, ոչ ոք իրավունք չունի ասելու, որ հայ ժողովուրդը փախել է պատերազմից, քանի որ այդ օրերին 5 հազար կամավորականներ են մեկնել ռազմաճակատ, այլ հարց, որ Հայաստանն աղքատ երկիր է եւ նրանց պատշաճ չեն զինել եւ համակարգել։ Իր համոզմամբ, Հայաստանն ամուր տնտեսություն պետք է ունենա, որպեսզի զինի իր բանակը եւ ապահովի իր խաղաղությունը։
«Պաշտոնապես չեն ասում, բայց մենք տեսնում ենք, որ վերանում են մեր ազգային սիմվոլները։ 44-օրյա պատերազմը մեր 30 տարվա պատմության մեջ, մի կարեւոր դաս է, որ պետք է սերտենք, որ հետագայում այդ խնդիրներին չառնչվենք․ մեր ազգի վատ գծերից մեկն է՝ հաղթում ենք եւ «արխային ենք ընկնում»։ Քաջաբար, դժվար, Ստեփանակերտի պադվալներում տարիներով կռվում ենք, հաղթում ենք եւ «արխային ենք ընկնում»։ Իսկ մեր հակառակորդը՝ լինելով ավելի հեռանկարային, 30 տարի ուժեղանում է։ Յուրաքանչյուր ուժ, ով իշխանության գալու հավակնություն ունի, պետք է մի բան անի՝ իշխանությունը վերցնելուց հետո «արխային չպիտի ընկնի», ամեն օր մի ոտք պետք է առաջ լինեն, քան հարեւանները»,- ասաց Նարեկ Կարապետյանը
Նա խոսեց նաեւ այն մասին, որ Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ։
Կարդացեք նաև
«Որովհետեւ փոքր խմբակին դուր չի եկել, որ նա պաշտպանել է Եկեղեցուն, նա հայտարարել է, որ անգամ բանտախցում ավելի ազատ է, քան ժողովրդից մեկուսացված փոքրիկ խմբակը»։
Նարեկ Կարապետյանը հստակեցրեց՝ ինքը ԽՍՀՄ վերականգնման քարոզ չի անում, ինչպես իր մեկ խոսքից շատերը թյուրընկալում են ունեցել։ Հստակեցնում է՝ ԽՍՀՄ-ը կազմաքանդվել է եւ այդ գործում մեծ դեր է ունեցել նաեւ արցախյան շարժումը։ Բայց 21-րդ դարն իր համոզմամբ, ազգային պետությունների դար է եւ Հայաստանն այդ պետությունների շարքում իր ուրույն տեղը պետք է ունենա։ Իր գնահատմամբ, անկախ Հայաստանը երկու մեծ ձեռքբերում է ունեցել․ լավ կազմակերպվածության արդյունքում հաղթել է հակառակորդին, ազատագրել մեր տարածքների 30 տոկոսը եւ ձեռք ենք բերել ազգային ինքնագիտակցության բարձր աստիճան։
Մանրամասները՝ տեսանյութում՝
Տնտեսական հարցերի լուծմամբ, Նարեկ Կարապետյանի համոզմամբ, լուծվելու է Հայաստանի խնդիրների հիմնական մասը, ու այդ է պատճառը, որ իրենց թիմը լծվել է Հայաստանում տնտեսության զարգացման գործին։
Նա մանրամասնեց, որ 1,5 ամսվա իրենց հանդիպումների ժամանակ գյուղական բնակավայրերում տեսել են մեծ հակազդեցություն գործող իշխանությանը եւ բազում տնտեսական գաղափարներ․ անգամ այնպիսինները, որ որոնցով շարժման տնտեսական թիմը դեռ չի հասցրել զբաղվել։ Խոստացավ՝ բոլոր առաջարկները քննարկելու են, դրանց մեծ մասն օգտագործելու։ Ըստ նրա, բոլոր երկրներում քաղաքական իշխանության հավակնողների հիմնական բանավեճը տնտեսության զարգացման շուրջ է, իսկ Հայաստանում՝ քաղաքական թիմերը, դրանց ղեկավարները միմյանց մասին են խոսում։ Կարծում է, որ մեր երկրի ղեկավարներն իրենց ժամանակի 80 տոկոսը պետք է ծախսեն տնտեսության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կարապետյանը նաեւ հայտարարեց՝ մենք ատելություն չենք քարոզում, մենք սիրով շարվելու ենք առաջ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ