Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ամրապնդում է միջտարածաշրջանային համագործակցությունը Սեւծովյան, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկրների հետ

Հոկտեմբեր 24,2025 17:24

Հոկտեմբերի 20-ին ԵՄ-ն հավաքել էր ԵՄ անդամ պետությունների, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Կենտրոնական Ասիայի գործընկեր երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) արտաքին գործերի նախարարներին եւ ներկայացուցիչներին՝ քննարկելու միջտարածաշրջանային միակցվածության օրակարգը։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ԵՄ-ն կապել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ՝ Թուրքիայի եւ Հարավային Կովկասի միջոցով։ Այն կհամակարգի առեւտրի եւ սոցիալ – տնտեսական զարգացման խթանմանն ուղղված ռազմավարական ներդրումները դիմակայուն եւ արդյունավետ տրանսպորտային, էներգետիկ եւ թվային կապերի միջոցով՝ որպես հիմք ընդունելով կայունությունն ու կանաչ անցումը։

Եվրամիության կողմից քննարկումներին մասնակցել են ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, Ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը եւ Միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Ժոզեֆ Սիկելան։

ԵՄ-ը ներկայացնող կողմը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը կաշխատի համակարգման շրջանակի առաջարկի ուղղությամբ՝ հիմնվելով առկա գործելակերպի վրա եւ միավորելով մասնակից երկրներին, միջազգային ֆինանսական հաստատություններին, մասնավոր ներդրողներին եւ շահագրգիռ երրորդ կողմերին: Շրջանակը կներկայացվի եւ ավելի մանրամասն կմշակվի 2025 թվականի նոյեմբերի 27-ին Տաշքենդում (Ուզբեկստան) կայանալիք Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի (ՏԿՏՄ) ներդրողների եւ միակցվածության ֆորումի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում ԵՄ անդամ պետությունները եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրները հերթական անգամ հաստատեցին միջտարածաշրջանային անվտանգության կարեւորությունը, այդ թվում՝ ծովային անվտանգությունը: ԵՄ-ն հայտնեց իր պատրաստակամությունը՝ ընդլայնելու ծովային կարողությունների զարգացման գործում անդամ պետություններին եւ գործընկերներին աջակցությունը, ներառյալ մոնիթորինգի, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության եւ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ոլորտներում:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանում ափամերձ պահպանության համագործակցության ընդլայնման, ականազերծման նախաձեռնություններին աջակցելու եւ ստվերային նավատորմի հետ կապված ռիսկերը հաղթահարելու նախաձեռնությունները: Այս գործողությունները Ուկրաինայի անվտանգությանն ու Սեւծովյան տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ջանքերի մաս են կազմում։

«Սեւծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ԵՄ-ի համար։ Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմը վտանգավոր հետեւանքներ ունի ամբողջ տարածաշրջանի համար։ Մոսկվայի ռազմական կուտակումները, նրա ստվերային նավատորմը, լողացող ականները եւ նավային տվյալների համակարգերի խափանումները հավաքական անվտանգության մարտահրավերներ են, որոնք պահանջում են հավաքական արձագանք», – նշել է Կայա Կալլասը։

Մասնակիցները որոշեցին կրկին անգամ հանդիպել մեկ տարի անց։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031