Ժամանակին Նիկոլ Փաշինյանը երբեմն-երբեմն հրապարակում էր «100 փաստ Հայաստանի մասին»՝ աղքատության մակարդակը նվազել է, ճանապարհային ոստիկանը տուգանեց Աննա Հակոբյանին, ընձառյուծը հասավ եսիմ ուր, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Ազգային ժողովի այգին բաց է քաղաքացիների համար, ելակը հասավ բանակ, և այլն։ Արդեն վաղուց չի հրապարակում։ Որովհետև աղքատության մակարդակն աճել է, ճանապարհային ոստիկանները դարձել են նորաձև կրթված պարեկներ և Աննա Հակոբյանին այլևս չեն տուգանում, բանտերը լի են քաղբանտարկյալներով, Ազգային ժողովի այգին փակ է, ելակն էլ հայ զինվորներին կհասնի, թե ոչ՝ կախված է նրանից, թե ի՞նչ քվոտաներ կսահմանի Ադրբեջանը։
Բայց սա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հաջողություններ չի արձանագրում, ընդ որում՝ սա ասում ենք բացարձակապես առանց հեգնանքի։ Պարզապես այդ հաջողությունները վերաբերում են միայն սեփական իշխանության ամրապնդմանն ու վերարտադրվելու հավանականության բարձրացմանը։ Թվարկենք այն 4 հիմնական հաջողությունները, որոնք արձանագրել է Նիկոլ Փաշինյանը՝ անկախ նրանից, ընդդիմությունը խոստովանո՞ւմ է դա, թե՞ ոչ։
1․ Նրան այնուամենայնիվ հաջողվեց պառակտել Եկեղեցին։ Դա արեց փողո՞վ, շանտաժո՞վ, թե՞ համոզելով ու խոստումներ տալով՝ էական չէ, բայց փաստն այն է, որ «ցեցն արդեն ընկել է բարձրաստիճան հոգևորականների մեջ», և հետագա քայքայումը կասեցնելը շատ բարդ է լինելու։ Ավելին՝ պառակտվել է նաև հասարակությունը, որովհետև հիմա որևէ եկեղեցի մտնելուց ու որևէ արարողության մասնակցելուց առաջ մարդն անկախ իրենից կասկածների մեջ է ընկնելու՝ տեսնես քահանան իսկակա՞ն է, թե՞ նիկոլական, հետևաբար՝ արժե՞ մտնել, թե՞ ոչ․․․
2․ Նրան հաջողվեց «պետական հիմնարկների աշխատակիցներին» վերածել հլու-հնազանդ զանգվածի և որպես ռեկվիզիտ օգտագործել քարոզչական նպատակներով։ Մարզահամերգային համալիրում կազմակերպված թամաշան, իհարկե, արտաքնապես տարբերվում էր խորհրդային տարիների «պլենումներից», որտեղ անպայման ներկա էին լինում նաև առաջավոր կթվորուհիներ ու հմուտ կոմբայնավարներ, մեծ առաջնորդի ելույթը դիմավորում էին բուռն-երկարատև ծափահարություններով, իսկ ընդմիջմանը երգում էր որևէ պայմանական Լյուդմիլա Զիկինա կամ Ռոզա Ռըմբաևա, բայց իմաստը նույնն էր․ «Անշեղորեն կենսագործելով մեծ առաջնորդ Նիկոլ Վովաևիչի պատգամները՝ առա՛ջ դեպի Իրական Հայաստան»։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում


















































