Թեոդոսիայում հոգեւոր ծառայություն մատուցող տեր Զարեհ քահանա Աշուրյանը մինչ Թեոդոսիա մեկնելը Մասյացոտն թեմի քահանան է եղել: «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Տեր Էդգարի կողմից պատարագի կարգի փոփոխությանը ասաց․ «Եթե պատարագի սուրբ խորհուրդը կատարվում է ինչ-որ ակցիայի իմաստով, ինչ-որ քաղաքական նպատակով կամ պատվերով, այդ դեպքում քահանան միանշանակ աստվածային շնորհներից զրկվում է: Այսինքն, իր կատարած պատարագն այլեւս այն զորությունն ու իմաստն ունենալ չի կարող, քանի որ իր կողմից կատարված պատարագի նպատակը ոչ թե Քրիստոսի արյունն ու մարմինը՝ հացն ու գինին միջոց դարձնելն է հավատացյալների՝ Քրիստոսին հաղորդակցության համար, այլ ընդամենը ուզում է դրա միջոցով կամ այդ ճանապարհով իր քաղաքական դժգոհությունը կամ դիրքորոշումն արտահայտել: Դա այլեւս պատարագի սուրբ խորհրդին չի կարող առնչվել: Դրա համար նման քահանայի հարցը միանշանակ է, որ պետք է կարգալույծ արվի, եթե չի ունեցել զղջում, չի ապաշխարում իր արածի համար, ինչը որ կսահմանի կարգապահական խորհուրդը կամ եպիսկոպոսների խորհուրդը, կամ թեկուզ թեմական առաջնորդը»։
Հայրապետին հեռացնելու ցանկությունը կամ նրան ճնշելու միտումն անիմաստ է՝ շեշտում է Տեր Զարեհն ու հավելում, որ Ամենայն հայոց հայրապետը շատ հաստատուն ու շատ վստահ կանգնած է իր դիրքերում: «Ինքը չի պատրաստվում որեւէ ճնշումների ազդեցության տակ հրաժարվել իրեն վստահված այն կարեւոր եւ սրբազան պարտավորություններից, որոնք ամրագրված են հենց իր ձեռնադրության պահից սկսած: Աստծո օծյալ, Աստծո ընտրյալ, ինչպես Քրիստոսի շուրջ, այնպես էլ Եկեղեցին եպիսկոպոսապետի շուրջ պիտի լինի, իսկ եթե որեւէ եպիսկոպոս իրեն եպիսկոպոսապետից բարձր է դասում, ինքն արդեն ընկնում է: Հիմա շատ եպիսկոպոսներ կամ հոգեւորականներ էլ իշխանության խոստումներից կամ կոմպրոմատների, շանտաժների պատճառով կարող են փորձել երեւալ եպիսկոպոսից բարձր, բայց արդեն իսկ իրենք իրենց ըմբոստությամբ, իրենց հակառակությամբ զրկվում են Աստծո շնորհներից: Պետք չէ, որ այդ մարդուն հռչակեն կարգալույծ, թող բոլորն իմանան, որ նման հոգեւորականի օրհնությունն օրհնություն չէ՝ անեծք է: Որեւիցե մեկը՝ կլինի եպիսկոպոս, թե քահանա»,- նկատեց Տեր Զարեհը: Իսկ Վեհափառի դեմ ըմբոստացող եպիսկոպոսները, ըստ Տեր Զարեհի, կլինեն նաեւ այնպիսիք, որոնք կամք ու վճռականություն չեն ունենա՝ դժվարին պահին Եկեղեցու կողքը կանգնելու համար՝ ամեն ինչ էլ հնարավոր է։ «Քրիստոսի 12 առաքյալների մեջ էր Հուդան, եւ նրան էին վստահված բոլոր ֆինանսական միջոցները: Հուդան հնարավորություն ուներ այդ գանձանակից 30 արծաթից էլ ավելին վերցնելու, բայց նա ի՞նչ արեց, գնաց եւ այդ 30 արծաթը վերցրեց ուրիշներից ու իր վարդապետին մատնեց։ Այնպես որ, հուդաներ Եկեղեցում, ցավ ի սիրտ, միշտ էլ կլինեն, եւ կարեւոր չէ, թե հոգեւոր ինչ աստիճանի վրա է այդ մարդը գտնվում, եթե ինքը դավաճանում է հոգեւոր սկզբունքները, իր կյանքի խոստումը եւ ուխտը, ուրեմն ինքը հուդա է։ Թող Աստված ինձ ների, բայց ես այլ կերպ մեկնաբանել չեմ կարող»,- եզրափակեց տեր Զարեհ քահանա Աշուրյանը։


















































