Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսությունը հայտնվել է արտաքին և ներքին պահանջարկի կրճատման երկակի ճնշման տակ. «Փաստ»

Նոյեմբեր 27,2025 10:30

Տնտեսական աճի տեմպերի նվազման միտումը առավել արտահայտիչ է առևտրի ոլորտում, որտեղ տարեկան աճը կտրուկ նվազել է՝ 14,2 %-ից մինչև ընդամենը 1,5 %։ Սա վկայում է գնողունակության, ներքին սպառման շուկայի հագեցվածության նվազման և արտաքին տնտեսական կապերի թուլացման մասին։ Առևտրի ոլորտի դանդաղումը հաճախ տնտեսական ակտիվության ընդհանուր թուլացմանը նպաստող լրացուցիչ գործոն է, քանի որ այս ոլորտը կապված է ինչպես ներմուծման և արտահանման, այնպես էլ ծառայությունների ու արտադրության շրջանառության հետ։ Նույնքան մտահոգիչ է ֆինանսական հատվածի կողմից մատուցվող ծառայությունների աճի տեմպի զգալի թուլացումը՝ 23,7 %-ից մինչև 10,5 %։ Չնայած ֆինանսական ոլորտում դեռևս պահպանվում է որոշակի ակտիվություն, սակայն արդեն ակնհայտ է, որ տնտեսական աճի ներուժը սպառվում է, իսկ ֆինանսական ծառայությունների շուկան բախվում է նոր ռիսկերի և սահմանափակումների։

Արդյունաբերության ոլորտում արձանագրված դինամիկան ևս վկայում է կառուցվածքային խնդիրների խորացման մասին։ Այս ոլորտի խնդիրները հատկապես վտանգավոր են երկարաժամկետ տեսանկյունից։ Առանց նորարարական արտադրության, տեխնոլոգիական վերազինման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի՝ Հայաստանը դժվարությամբ կարող է պահպանել նույնիսկ ներկայիս տնտեսական աճի տեմպերը։

Միևնույն ժամանակ, տեղեկատվության և կապի ոլորտում արձանագրված որոշ աճը (16,3 %-ից մինչև 17,6 %) կարելի է գնահատել որպես դրական միտում, սակայն այդ ոլորտի ընդհանուր մասնաբաժինը տնտեսության կառուցվածքում փոքր է և չի կարող փոխհատուցել մյուս ոլորտների դանդաղումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, չնայած որոշակի դրական ազդեցություն ունի տնտեսության արդիականացման վրա, դեռևս չի դարձել զանգվածային տնտեսական աճի շարժիչ, ինչը պայմանավորված է ինչպես մասնագիտական ռեսուրսների սահմանափակությամբ, այնպես էլ ներդրումային ու ինովացիոն միջավայրի անհավասարությամբ։

Արտահանման և ներմուծման ցուցանիշների կտրուկ նվազումը՝ համապատասխանաբար 25,8 % և 27,1 % մեկ տարվա կտրվածքով, վկայում է արտաքին տնտեսական ակտիվության զգալի թուլացման մասին։ Եթե մեկ տարի առաջ այս ոլորտներում դիտվում էր երկնիշ աճ, այժմ արտահանման ու ներմուծման կրճատումը բացահայտում է թե՛ արտաքին պահանջարկի անկման, թե՛ ներքին արտադրական կարողությունների սահմանափակման և թե՛ միջազգային տնտեսական միջավայրի անորոշության գործոնները։ Արտահանման նվազումը հատկապես վտանգավոր է, քանի որ այն ազդում է ոչ միայն արտարժույթի հոսքերի, այլև ներմուծման ֆինանսավորման կարողության, աշխատատեղերի պահպանման և տեխնոլոգիական արդիականացման վրա։ Ներմուծման նվազումը ևս բացասական ազդակ է, քանի որ մեծամասամբ պայմանավորված է ներքին սպառման թուլացմամբ և ներդրումային ծախսերի կրճատմամբ։ Ու այս ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է արտաքին և ներքին պահանջարկի կրճատման երկակի ճնշման տակ։

Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքային խնդիրներից առանձնապես կարևոր է աճի արդյունքների անհավասար բաշխումը։ Չնայած միջին տարեկան աճի ցուցանիշներին, հասարակության լայն շերտերը չեն զգում այդ աճի դրական ազդեցությունը իրենց կենսամակարդակի վրա։ Աճի պտուղները հիմնականում կենտրոնացած են որոշակի ոլորտների, խոշոր ձեռնարկությունների և կապիտալի տեր խմբերի ձեռքում, մինչդեռ բնակչության մեծ մասը շարունակում է բախվել գնաճի բարձր տեմպերին, աշխատավարձերի դանդաղ աճին և սոցիալական պաշտպանվածության պակասին։ Գնաճի տեմպերը վերջին տարիներին այնքան բարձր են, որ բացասաբար են ազդում բնակչության գնողունակության վրա, ինչն իր հերթին կրճատում է ներքին սպառումը և խոչընդոտում տնտեսության զարգացման կայունությունը։ Այս իրավիճակը վտանգավոր է նաև սոցիալական անհավասարության և աղքատության մակարդակի աճի տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել սոցիալ-քաղաքական լարվածության բարձրացման։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930