Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետին ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ՝ հարված Եկեղեցու հիմքին. Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Դեկտեմբեր 01,2025 20:15

Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ևս հանդես է եկել հայտարարությամբ

 

Միանում եմ իմ հոգևոր եղբայրներին՝ Գերաշնորհ Տ․ Միքայել և Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոսներին՝ դատապարտելով վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները, որոնք պառակտիչ և զրպարտելի են։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե հոգևոր սթափության կամ «բարենորոգչության» նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության և ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի ու եկեղեցական հավատարմության կորստյան։ Եկեղեցին հաստատված է ոչ թե մարդկային շահերի, այլ աստվածային կարգերի վրա. «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. ԺԲ. 25)։

Սույն հոգևորականները, օգտվելով Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի զսպվածությունից և եղբայրական հանդուրժողականությունից, փորձում են սեփական դիրքն ամրապնդել՝ կասկածի տակ դնելով այն Գահը, որի շնորհիվ տարիներ շարունակ բարիքի ու առաջընթացի են հասել։

Մոռացվել է, որ Վեհափառ Հայրապետը ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդն է, այլ նաև հայ ժողովրդի հավատքի միասնության պահապանը։ Նրան ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ՝ հարված Եկեղեցու հիմքին։

Եկեղեցին ոչ թե քաղաքական ճնշումներին հպատակվող կառույց է, այլ՝ աստվածահիմն սուրբ մարմին։ Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը։ Եկեղեցին որևէ մեկի գործիքը չէ, ոչ էլ՝  իշխանահաճո շահերի սպասարկու։

Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից՝ վերադառնալով եղբայրասիրությանը, հնազանդությանն ու հոգևոր խոհեմությանը։ Եկեղեցին պահվում է ոչ թե ինչ-որ հայտարարությունների ստորագրությամբ, այլ՝ հավատքի, կանոնականության, հավատարմության և ճշմարտության միջոցով։

Սթափվե՛ք և հիշե՛ք, որ այս վարքագիծը համահունչ չէ ո՛չ ավետարանական եղբայրասիրությանը, ո՛չ եկեղեցական կանոնականությանը․ այն վտանգում է մեր Սուրբ Եկեղեցու հեղինակությունն ու հավատացյալների վստահությունը։ Գիտակցելով այս՝ հարկ է հիշեցնել. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկնաքար կախվեր, և ծովը գցվեր» (Ղուկ. ԺԷ․1-2)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031