Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման օրը (ընդունել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին) ոչ միայն պատմական փաստի հիշեցում է, այլ նաև միջազգային հանրության՝ սեփական պարտավորությունները չկատարելու մասին խիստ արձանագրություն։ Այս օրն ստիպում է հերթական անգամ գնահատել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված կազմակերպված հայաթափումը, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և հայկական մշակութային ժառանգության նպատակային ոչնչացումը, որոնց վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքը շարունակում է մնալ ուշացած, անորոշ կամ ընդամենը ձևական։
2023 թ. սեպտեմբերի հարձակումը, դրան նախորդած ամիսների անօրինական շրջափակումը և Արցախի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանումը միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ միայն լուրջ ահազանգ էին, այլև փաստերի այն ամբողջությունը, որը բացահայտորեն համընկնում է ցեղասպանության նախապատրաստման և իրագործման փուլերի հետ։ Այնուամենայնիվ, միջազգային հանրության մեծ մասը սահմանափակվեց դիվանագիտական դատապարտումներով, որոնք գործնականում ավելի շատ ծառայեցին Ադրբեջանի համար որպես լռելյայն թողտվություն, քան իրական զսպող մեխանիզմ։
Այս լռությունն ու անգործությունը դարձել են վտանգավոր նախադրյալ՝ հնարավորություն տալով Բաքվին ոչ միայն արդարացնել սեփական ռեպրեսիվ քաղաքականությունը, այլև վերաշարադրել պատմական ճշմարտությունը։ Արցախի բռնազավթումը ներկայացվում է որպես «նորմալացում», իսկ միջազգային կազմակերպությունների անվճռականությունը՝ որպես թույլատրություն։ Սա վտանգավոր նախադեպ է, որն ապագայում կարող է խաթարել ցեղասպանությունների կանխարգելման ամբողջ համակարգը՝ այն վերածելով արարողակարգային բնույթի փաստաթղթի։
Ավելին, հայկական մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի, խաչքարերի և այլ արժեքների համակարգված ոչնչացման ու յուրացման քաղաքականությունը փաստում է մշակութային ներկայության վերջնական վերացման ծրագիրը։ Սակայն միջազգային կառույցները, որոնք պարտավոր են պաշտպանել մշակութային ժառանգությունը, շարունակում են գործել դանդաղ, խուսափելով իրավիճակին տալ իրավական հստակ գնահատական և պահանջել իրական պատասխանատվություն։
Կարդացեք նաև
Այսօր ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի ընդունման օրը դարձել է հեգնական խորհրդանիշ։ Այն հիշեցնում է, որ միջազգային հանրությունը հաճախ արձագանքում է ցեղասպանության փաստին միայն այն կատարվելուց հետո՝ սարսափելիորեն ձախողելով կանխարգելումը հենց այն պահին, երբ սպառնալիքը կանգնած է մարդկանց և ամբողջ ժողովուրդների առջև։
Արցախի բռնազավթումը և արցախահայության բռնի տեղահանումը չեն կարող դիտարկվել միայն որպես Ադրբեջանի քաղաքականության արդյունք․ դրանք նաև միջազգային կառույցների անբավարար կամքի և հետևողականության հետևանք են։
Եթե միջազգային իրավունքը պետք է շարունակի ունենալ արժեք և հեղինակություն, ապա այս անգործության շրջանը պետք է ավարտվի՝ հստակ գնահատականներով, իրական պատասխանատվությամբ և կոնկրետ գործողություններով։ Հակառակ դեպքում, ցեղասպանության կանխարգելման մասին բոլոր հայտարարությունները կդառնան հերթական «անատամ» ձևակերպումներ։
Հովիկ Ավանեսով
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ


















































