Ermenihaber. Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանում ստեղծված վերջին իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանի հետ շուրջ 560 կիլոմետր երկարությամբ սահմանային գիծը պահպանվում է բարձր պատրաստվածությամբ և շուրջօրյա ռեժիմով։ Հայտարարության մեջ նշվում է, որ սահմանային ստորաբաժանումները գործում են «Սահմանը պատիվ է» սկզբունքով՝ անկախ եղանակային և տեղագրական պայմաններից։
Նշվում է, որ ներկայում Թուրքիայի սահմանների ուղղությամբ զանգվածային միգրացիայի որևէ փաստ չի արձանագրվել, սակայն հնարավոր զարգացումների դեպքում լրացուցիչ միջոցառումներ մշակված են և անհրաժեշտության դեպքում կկիրառվեն։
Նախարարությունը նաև հայտնել է, որ սահմանային անվտանգությունը ուժեղացվում է տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ դիտարկման աշտարակներով, խրամատներով, անօդաչու թռչող սարքերով և շուրջօրյա վերահսկողությամբ։
Լուսանկարը՝ «Ամերիկայի ձայն»-ի


















































