«Իմ հայրը լավագույն օրինակն է ինձ համար եղել, թե ինչպես կարելի է սիրել հայրենիքն անմնացորդ, առանց շատ խոսելու և լուռ ու զուսպ անելով հայրենանվեր աշխատանք»,- «Ելակետ» տեղեկատվական կենտրոնի տաղավարում հաղորդավար Անուշ Զոհրաբյանի հետ փոդքասթի ընթացքում ասել է «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, Բաբկեն Արարքցյանի դուստր՝ Վանանե Արարքցյանը։ Խոսելով իր արմատների և ստանձնած պատասխանատվության մասին՝ նա ընդգծել է, որ հենց այս արժեքներն են ընկած հիմնադրամի յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում։
Օրերս Աֆրիկյանների առանձնատանն իր դռները բացեց «Կերոն»-ի «Վերնատունը», որի նպատակն է նոր շունչ տալ հայ ակումբային ավանդույթներին։
«Այդ մեծ պատասխանատվությունը ինձ վրա չեմ վերցնի՝ ասելով, որ մենք կրկնելու ենք Թումանյանի «Վերնատունը», բայց մեծ ոգեշնչում ենք ստացել հենց թումանյանական օրինակից։ Մեր նպատակն է ստեղծել նույն արժեքները կիսող, ոչ անտարբեր մարդկանց համայնք, որի ստեղծարար քննարկումները կարող են արժեք ստեղծել մեր ապագայի համար»,- նշել է Վանանե Արարքցյանը։
Նախագծի համար խորհրդանշական քայլ է կատարել Մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Նա հատուկ «Վերնատան» համար գրել է ստեղծագործություն (որը մաեստրոն անվանում է «Վերնատան մուտք»), որտեղ համադրել է Թումանյանի պոեզիան և Կոմիտասի երաժշտությունը։
Կարդացեք նաև
Հիմնադրամի կարևորագույն ուղղություններից է Երևանի պատմական դիմագծի վերականգնումը։ Վանանե Արարքցյանը հայտնել է, որ շուտով կսկսվեն ԱՕԿՍ-ի շենքի լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքները։ Արխիվային փաստաթղթերի հիման վրա վերականգնվելու է շենքի արտաքին և ներքին տեսքը, այդ թվում՝ ամբողջովին վնասված գմբեթները։ Ակնկալվում է, որ մեկ տարի անց այս եզակի պատմական շենքը կրկին կբացի իր դռները հանրության առջև։
Կրթական ոլորտում հիմնադրամի խոշորագույն նախագծերից է Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերակառուցումը։
«Բժշկական համալսարանը, լինելով առաջատար բուհերից մեկը, ունի շուրջ 8-10 հազար ուսանող, որոնց 30%-ը միջազգային ուսանողներ են։ Սակայն ներկայիս գրադարանն իր չափանիշներով հնարավորություն չէր տալիս 21-րդ դարի ուսանողին մնալ, սովորել և ժամանակ անցկացնել այնտեղ»,- ասել է նա։
Նա հպարտությամբ նշել է, որ մոտ մեկ տարի անց համալսարանը կունենա միջազգային լավագույն ճարտարապետական ընկերություններից մեկի կողմից նախագծված, 3000 քառակուսի մետր զբաղեցնող ժամանակակից գրադարանային տարածք։
Անդրադառնալով հանրային արձագանքներին՝ Վանանեն նշել է, որ թիմը քննադատությանը վերաբերվում է կառուցողականորեն. «Դա ևս մեկ պահ կանգնելու և մտածելու առիթ է տալիս»։
Զրույցի վերջում նա կիսվել է իր անձնական տեսլականով. «Իմ երազանքն է, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որտեղ բոլորս ուզենք ապրել, մեծացնել մեր երեխաներին և ցանկացած ճամփորդությունից հետո կարոտով ու սիրով վերադառնալ մեր հայրենիք»։
Մամուլի հաղորդագրություն


















































