ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրեց ՀՀԿ ԳՄ հայտարարությունը։
«ՀՀԿ-ն խորապես մտահոգված է վերջին շրջանում մեր երկրում արձանագրվող բացասական զարգացումների նոր դրսեւորումներով։ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ չդադարող հակասահմանադրական հարձակումները, աշխարհաքաղաքական միջավայրի շարունակվող վատթարացումը եւ այդ իրավիճակում ՀՀ գործող կառավարիչների անհամարժեք վարքագիծը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսների բացահայտ չարաշահումը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների համակարգային քայքայումն ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության եւ սահմանադրական կարգի համար։
Մենք հստակ հայտարարում ենք՝ եթե առկա միտումները շարունակվեն, ապա 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ, արդար եւ ժողովրդավարական։ Դրանք ռիսկ են պարունակում դառնալու հերթական ձեւականություն, որի միջոցով արտաքին խաղացողները կփորձեն լեգիտիմացնել հակաժողովրդական եւ հակապետական վարքագիծ դրսեւորած ռեժիմին։ Կարեւորելով գալիք հերթական ընտրական գործընթացների վերահսկողության եւ քաղաքացիների բարձր մասնակցության ապահովման անհրաժեշտությունը՝ միաժամանակ վերահաստատում ենք, որ գործող իշխանության հեռացումն իրավական ճանապարհով այսօր ազգային անհրաժեշտություն է՝ հայկական պետականության վերջնական փլուզումը կանխելու համար։ Ելնելով դրանից՝ ՀՀԿ-ն կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ յուրաքանչյուր քաղաքացու՝ վեր կանգնել կուսակցական եւ խմբային նեղ շահերից եւ միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ։
Հիմք ընդունելով խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի՝ մեզ ուղղված դիմումը՝ մենք հայտարարում ենք քաղաքական երկխոսություն եւ կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին։ Մենք բաց ենք բոլոր այն ուժերի համար, որոնք պատրաստ ենք համատեղ ջանքերով ձեւավորել անցումային կառավարություն, ներառյալ համաձայնություն նոր միասնական վարչապետի թեկնածուի շուրջ, որը կկարողանա վերականգնել ժողովրդավարական արժեքները, ապահովել իսկապես ազատ ընտրություններ և կասեցնել ներկայիս ոչ ինքնիշխան արտաքին քաղաքականությունը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ պատրաստ են քննարկել ցանկացած թեկնածություն, այս գործընթացը միասնության մասին է։ Քննարկումները եւ կոնսուլտացիաները ՀՀԿ-ի կողմից լինելու են մեկ հարցի շուրջ՝ իշխանափոխության։ «Քննարկման ուրիշ օրակարգ մեր կողմից չկա։ Այնպես որ, կարծում եմ, ավելի պարզ ու հստակ ներկայացված ծրագիր այս պահին չկա։ Խոսքը վերաբերում է թե փողոցային պայքարին, թե մյուս բոլոր բաղադրիչներին, առաջարկվող ցանկացած տարբերակ քննարկելի է։ Մենք առաջարկում ենք այս օրակարգը, որը վեր է եւ զուրկ է ցանկացած խմբային, կուսակցական ու անձնական ամբիցիայից։ Եվ նույնն ակնկալում ենք մեր գործընկերներից»,- հավելեց նա։
Հայկ Մամիջանյանն ասաց, որ այս գործընթացն ուղղված չէ ոչ որեւէ այլ անձի դեմ, բացի Նիկոլ Փաշինյանից, ոչ էլ որեւէ սահմանադրական գործընթացի դեմ։ «Իմպիչմենտի գործընթացն ընտրություններին հակասող չէ, իսկ իմ նշած սցենարի դեպքում, կարծում եմ, նաեւ զգալի ուժեղացնող եւ ընտրությունների ժամանակ կեղծիքներն ինչ-որ չափով զսպող մեխանիզմ է»,- ասաց նա։
«Մենք ասում ենք՝ եկեք բոլորս միասին կպնենք, որպեսզի հասնենք արդյունքի։ Այստեղ թաքնված օրակարգ չկա, այստեղ մեկ օրակարգ ու առաջարկ կա՝ եկեք անենք իշխանափոխություն։ Այն, ինչ մենք բոլորս անխտիր խոստացել ենք, Հանրապետականն իր խոստմանը տեր է»,- հայտարարեց Մամիջանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































