Էջմիածնի հրապարակում տեղադրված սյունը՝ Արցախի դրոշով, քաղաքաշինական նորմերին չի համապատասխանել: Այն տեղադրվել էր ոչ սահմանված վայրում ու դրա ապամոնտաժումը Նիկոլ Փաշինյանի՝ Վաղարշապատ կատարած վերջին այցով պայմանավորված չէ: Այս մասին Aravot.am-ին ասաց Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի մամուլի քարտուղար Ռոզա Կարապետյանը:
«Այն տեղադրվել էր ոչ սահմանված վայրում, ինչ-որ մեկի անձնական նախաձեռնությամբ ու ինչ-որ մեկի անձնական ամբիցիաներից ելնելով: Տեղադրված սյունը վտանգ է իրենից ներկայացրել, որովհետեւ թեթեւ քամուց ճոճվել է: Հենց վտանգավոր լինելու պատճառով էլ հանվել է: Վտանգն է վերացվել»,- ասաց Ռոզա Կարապետյանը:
Նրանից հետաքրքրվեցինք՝ համայնքապետարանը քննարկո՞ւմ է հրապարակից Արցախի հանված դրոշը սահմանված վայրում, անվտանգ ու քաղաքաշինական նորմերին համապատասխանող մեկ այլ վայրում տեղադրել: Ի պատասխան Ռոզա Կարապետյանն ասաց՝ ոչ:
Նրա խոսքով՝ համայնքապետարանն այսուհետեւ հետամուտ է լինելու, որ որեւէ մեկը ինքնակամ, առանց սահմանված ընթացակարգի որեւէ բան չտեղադրի համայնքում. «Ինքնաբուխ որոշումներ չկայացնեն ու առանց համայնքապետարանի հետ համագործակցելու ու առանց սահմանված ընթացակարգերի ոչինչ չտեղադրեն համայնքում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Էջմիածին քաղաքում Արցախի պետական դրոշը տեղադրվել էր 2022-ի ապրիլին՝ «Սրբազան պայքարի» աջակից, բլոգեր Արմեն Ալեքսանյանի նախաձեռնությամբ: Ներկա էին Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամները, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Արամ Վարդևանյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը և այլ քաղաքացիներ։
«Արցախի դրոշը բարձրացվեց Մայր տաճարի դիմաց։ Արցախն այն խորհրդանիշն է, որ միշտ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ միասնականության հիմքն է եղել։ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանն ինքը չի ցանկանում Հայաստանի և Արցախի հետ խաղաղ համակեցությամբ ապրել»,- ասել է Սեյրան Օհանյանը։
Դրոշը մեկ անգամ էին հանել՝ 2025-ի փետրվարին, սակայն Արմեն Ալեքսանյանը վերստին տեղադրել էր այն: Նաեւ պատմել էր, որ պարզաբանումների համար քաղաքապետարան է գնացել, այնտեղից ասել են՝ «հրաման են տվել»։

















































