«Թեքեյան» կենտրոնում երեկ կայացավ վիրաբույժ, «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին նվիրված հուշ-երեկո, որի ընթացքում Թեքեյան մշակութային միությունը «Մարմնի ճարտարապետ» տիտղոսի տիրակալ ականավոր բժշկին մահվան 100-րդ օրը հետմահու շնորհեց իր բարձրագույն պարգեւը՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը։
Հուշ-երեկոն սկսվեց Արցախի Հանրապետության «Հայացք ներսից» հաղորդաշարին Արտավազդ Սահակյանի տված հարցազրույցի ցուցադրումով, որտեղից փորձել ենք առանձնացնել նրա ամենահետաքրքիր ու արդիական մտքերը։
Ժողովրդայնությունը երբեմն ինձ կաշկանդում է
Կարդացեք նաև
«Ժողովրդայնությունն զգում եմ իրոք։ Դա, իհարկե, երբեմն ինձ կաշկանդում է։ Այն տարիքին չեմ, որ դրանից շատ ուրախանամ։ Ավելի շատ դա հուշում է, որ ավելի զգոն լինեմ, ավելի պատասխանատու, ավելին տամ իմ ժողովրդին»։
Բժիշկն ինձ համար եւ մասնագիտություն է եւ կոչում
«Բժիշկը պիտի լինի նախ գիտելիքներով հարուստ, պետք է լինի տոկուն։ Եվ անսահման ազնիվ ու նվիրված պետք է լինի։ Ոչ միայն հայրենիքին, ոչ միայն հայերին, այլեւ բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից։ Կարծում եմ՝ ճիշտ մոտեցումը դա է։
Ինչպե՞ս ստացվեց, որ տաղանդավոր բժիշկը հայտնվեց Արցախյան շարժման առաջամարտիկների շարքում
«Ուղղակի մտածում էի, որ պատերազմի ժամանակ պետք է օգտակար լինել մեր զինվորներին, որովհետեւ բժիշկներից է կախված, թե կռվող ուժը ինչ որակի եւ ինչ քանակի է լինելու։
Ո՞րն է մեր ամենամեծ կորուստը, որ մենք ունեցել ենք
«Իմ կարծիքով այն, որ մեր իրար հաջորդող ղեկավարները մեղքը իրար վրա գցելով՝ չկարողացան կայուն խաղաղության պայմանագիր ժամանակին կնքել։ Այս առումով ես խորապես ցավում եմ։ Գոնե կպահպանվեր լայն միջանցք եւ Արցախի Հանրապետության տարածքը։ Սա իմ խորը ցավն է։
Կարծում եմ՝ ժամանակը միշտ չէ, որ թուրքի օգտին է աշխատելու։ Ժամանակը պարուրաձեւ է գնում։ Եվ մեր ժողովրդի հատկապես արցախյան հատվածի կամքը կոտրելն այդքան հեշտ չէ։ Ժամանակները վերջ ի վերջո փոխվում են։ Ես լավատես եմ եւ կարծում եմ՝ մի օր նորից համազգային զարթոնք կլինի»։
Յուրաքանչյուր հիվանդի հետ մեռնում եմ, յուրաքանչյուր հիվանդի հետ ապրում
«Դրանք իմ խոսքերն են։ Իրոք, պետք է հիվանդի ցավն ընկալել, հասկանալ, որ կարողանաս ամոքել։ Իսկ եթե անտարբեր լինես… Ես ճանաչում եմ լավ վիրաբույժներ, բայց երբեմն՝ ոչ լավ մարդկանց, չար մարդկանց։ Մեջդ պետք է լինի լավ կերտվածքը, հոգեխառնվածքը, որ կիսես ուրիշի ցավը, այլ ոչ թե աշխատես միայն փառքի եւ փողի համար։ Սա շատ կարեւոր է»։
Արցախցիներին վիրավորողներին պատասխանում եմ շատ կոպիտ ձեւով
«Լավ եմ անում։ 2018 թե 2019 թվին իմ կողմից շատ հարգված արվեստագետը փորձեց իր ատելությունը տարածել բոլոր արցախցիների վրա։ Ասաց. ղարաբաղցիներին պետք է քշել այստեղից։ Ես հրապարակավ ելույթ ունեցա եւ բացատրեցի։ Ինչո՞ւ Սարդարապատի ժամանակ չէիք քշում, երբ հիմնական, վճռող կռվող ուժը Շուշվա գունդն էր։ Երբեք ես արցախցուն ոչ գերադասել եմ, ոչ ստորադասել։ Համարել եմ, որ արցախցին հայ ժողովրդի մի հատվածն է ու պանծալի հատվածը»։
Անիմաստ է պայքարել, երբ նախօրոք գիտես, որ որոշումը վերադասների կողմից կանխորոշված է
«2018 թվականի իրադարձություններից հետո իմ անվան եւ իմ ղեկավարած բաժանմունքի շուրջ էլ աղմուկ բարձրացավ։ Ես մտածում եմ, որ անիմաստ է պայքարել, երբ նախօրոք գիտես, որ որոշումը վերադասների կողմից կանխորոշված է։ Դրա համար փորձում եմ ամբողջ էներգիաս մեր հիվանդներին նվիրել, իմ աշակերտներին։ Ունենք հրաշալի սերունդ։ Պատերազմի ժամանակ աղջիկները տղաներից ավելի ակտիվ էին ու ավելի սրտացավ։ Շատ զարմանալի էր։ Այդպիսի բան Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ստեփանակերտում էի տեսնում։ Այս պատերազմի ժամանակ Երեւանում նույնն էր կատարվում»։
Ես մեծ հույսեր եմ կապում երիտասարդության հետ
«Երիտասարդությունը իրեն լավ պահեց թե պատերազմի, թե հետպատերազմյան ժամանակ։ Պետք է խելամիտ լինել, որ Հայաստանը չհայաթափվի։ Լուծումը միայն հայ ազգի միասնության էջ է։ Ոչ մեկը մեզ չի օգնելու, եթե մենք խելացի չլինենք»։
Ինձ համար անհասկանալի է 44-օրյա պատերազմը տանուլ տալը։
«Այս նույն ժողովուրդը այն ժամանակ շատ ավելի ծանր պայմաններում կարողացավ ծնկի բերել մի ամբողջ Ադրբեջան։ Եվ այս նույն ժողովուրդը 44-օրյա պատերազմը այսպիսի խայտառակ ձեւով տանուլ տվեց։ Կազմակերպվածություն չկար, իմ կարծիքով»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































