Այսօր Գյումրի էր այցելել Եվրոպական Միության ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը, որը ելույթ ունեցավ Շիրակի պետական համալսարանում՝ մեկնաբանելով Եվրամիությունն ու Հայաստանը միմյանց կապող իրողությունները։
«Ի՞նչն է միավորում Եվրոպական Միությունը և Հայաստանը, ինչո՞ւ են հարյուրավոր կիլոմետրերով բաժանված հասարակությունները հաճախ իրենց ապագան տեսնում միասին։ Ի՞նչ կարող են սովորել միմյանց փորձից՝ կառուցելու համար ամուր գործընկերություն՝ խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության համար։
Հայաստանը և Եվրոպան կապված են բազմաթիվ մակարդակներով․ հայերը դարեր շարունակ ձևավորել են եվրոպական կյանքը, հայկական համայնքները ծաղկել են Ամստերդամից մինչև Վիեննա, Լիոնից մինչև Մարսել։ Հայ գիտնականները, արվեստագետները իրենց ներդրումն են ունեցել եվրոպական մշակութային կյանքի մեջ, իսկ հայ վաճառականները օգնել են միացնել առևտրային ուղիները։ Հայերը մեր ընտանիքն են, և մեզանից շատերի համար մեծ ուրախություն է, որ մեր հարաբերություններն այսօր ավելի լավ են, քան երբևէ եղել են եվրոպական պատմության վերջին շրջանում»,- ասաց Մարթա Կոսը։
Նա նշեց՝ ցանկանում են լինել Հայաստանի բարեկամն ու գործընկերը այս տարածաշրջանում, խոսեց վիզայի ազատականացման մասին, շեշտեց՝ կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները Եվրոպա մեկնեն առանց վիզայի։ Պաշտոնյան նաև հիշեցրեց, որ ԵՄ-ն ՀՀ կառավարությանն աջակցում է հակակոռուպցիոն բարեփոխումների ու կազմակերպված հանցագործության դեմ պայքարելու համար։
Կարդացեք նաև
«Այսօր, նայելով Հայաստանին ու Հարավային Կովկասին, տեսնում ենք պատմական նշանակության փոփոխություններ․ տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը բնութագրվում էր փակ սահմաններով և սառեցված հակամարտություններով»,- ասաց Մարթա Կոսը։
Նա անդրադարձ կատարեց նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ ասելով, թե այս երկու երկրների միջև խաղաղությունը մեծ առաջընթաց է, և իրենք այս տարածաշրջանին նայում են հույսով՝ հնարավորությունների տեսանկյունից։
Ըստ Մարթա Կոսի՝ պատմական հնարավորություններ են բացվում Հայաստանի և Ադրբեջանի համար՝ խաղաղության համաձայնագրի հեռանկար, սահմանների բացում, տրանսպորտային և առևտրային ուղիների վերականգնում։ Նա կարևորեց, որ 90-ական թվականներից ի վեր անցած տարի առաջին անգամ գնացք շարժվեց Ադրբեջանից դեպի Հայաստան։
Բանախոսը խոսեց անցած շաբաթ Ստամբուլից Երևան կատարված առաջին չվերթի մասին, կարևորեց տարածաշրջանում տնտեսական, էներգետիկ համագործակցության ձևավորումը՝ ասելով, որ եվրոպական արտադրանքների համար կարող են բացվել նոր շուկաներ։
«Կարող ենք աջակցել այս զարգացումներին»,- ասաց պաշտոնյան։
«75 տարի առաջ Եվրոպան նոր էր դուրս եկել պատերազմից, այդ ժամանակ մեր հեռատես առաջնորդները հասկացան, որ խաղաղությունը պահպանելու ու բարեկեցություն կառուցելու համար պետք է միասին աշխատեն՝ ռազմավարական ոլորտներում, տնտեսական համագործակցությամբ և հասարակությունների միջև առօրյա կապերի միջոցով։
Եվրոպայում ամեն ինչ սկսվեց ածխից և պողպատից։ Դա պահանջում էր հսկայական աշխատանք, դա հեշտ գործընթաց չէր, նախկին թշնամիների միջև խաղաղությունը փխրուն էր, սակայն ժամանակի ընթացքում տնտեսական համագործակցությունն ու ընդհանուր շահերը ստեղծեցին քաղաքական վստահություն։ Համատեղ բարեկեցությունն ամրապնդեց կայունությունը, և վերջում դա դարձավ տևական խաղաղության հիմք»,- ասաց բանախոսը՝ նշելով, որ Հարավային Կովկասում տեսնում են նմանատիպ խոստում։
Մարթա Կոսը նշեց, որ այս տարածաշրջանում տեսնում են խաղաղություն, որ կառուցված է ընդհանուր բարեկեցության վրա ու աջակցվում է տրանսպորտային կապերով։ Ըստ նրա՝ սա իրատեսական է, քանի որ հիմնված է իրական շահերի վրա, և ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև։
«Այս ընդհանուր շահը վերջերս նկարագրեց եվրոպական տրանսպորտային ընկերության ղեկավարը։ Նա ասաց, որ նախկինում բեռները Չինաստանից Եվրոպա էին ուղարկում Ռուսաստանի միջոցով, սակայն այսօր այդ ճանապարհը փակ է, այժմ մենք նաև տեսնում ենք առկայություն Մերձավոր Արևելքում․ բիզնեսի ուղերձը պարզ է՝ տվեք մեզ վստահելի այլընտրանքային միջանցք Եվրոպայի և Ասիայի միջև, և առևտուրը կգա։
Հայաստանը կարող է լինել այդ այլընտրանքների մի մասը։ Սա է ենթակառուցվածքների նկատմամբ մեր աջակցության նպատակը։ Ահա թե ինչու ենք աշխատում Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանային անցակետերի արդիականացման վրա, ահա թե ինչու ենք վերանորոգում էլեկտրական ցանցերը և ամրապնդում էներգետիկ կապերը տարածաշրջանում։ Սա օգտակար է մեզ՝ եվրոպացիներիս համար, և մենք փնտրում ենք այլընտրանքներ բաց աշխարհում։
Եվ սա օգտակար է Հայաստանի համար, այն բերում է ներդրումներ, ստեղծում է աշխատատեղեր և ամրապնդում տնտեսական կայունությունը»։
Ըստ Մարթա Կոսի՝ ԵՄ-ն և Հայաստանը միայն տնտեսական կապերով չեն կապվում, այլ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ուղին, որն ավելի է Հայաստանը մոտեցնում Եվրոպային։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրոպայում ժողովրդավարությունը ենթարկվում աճող ճնշման, ավտորիտար ռեժիմները շահագործում են մեր բաց լինելը, մեր բաց լինելը օգտագործում ապատեղեկատվության համար և մեծ գումարներ ծախսում արտաքին միջամտության համար։ Դուք այս երևույթը տեսել եք ձեր տարածաշրջանում, դա այն է, ինչ Ռուսաստանը փորձեց անել Մոլդովայում՝ հարյուրավոր ձայներ գնելով և կիբերհարձակումներով ընտրական համակարգը խափանելու համար, սակայն ապարդյուն։
Իմ կոչը ձեզ հետևյալն է․ ներգրավվեք ձեր ժողովրդավարությանը, թե ում եք ընտրում՝ ձեր ընտրությունն է, բայց ընտրությունների օրինավորությունը պահպանելը, ձեր ժողովրդավարության և ձեր ապագան ինքնուրույն որոշելու ազատության պաշտպանությունը մի բան է, որի համար արժե պայքարել»։
Նա ասաց, որ այս նպատակով է ԵՄ-ն աջակցում քաղհասարակությանը, խորհուրդներ տալիս ապօրինի ֆինանսավորումը բացահայտելու, ձայների գնման սխեմաները կանխելու հարցում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































