«Պաչիկներ ու սրտիկներ ամեն օր շաղ տվող մարդը, որը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, պատռեց իր դիմակը։ Երևանի մետրոյում այսօր տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ սա է նրա իրական դեմքը։ Մինչև ատամները պաշտպանված լինելով «ախրաննիկներով», իր թիմակիցների ներկայությամբ Երևանի մետրոյի մեջ գոռում է հայ կնոջ, հայ մոր վրա նրա երեխայի ներկայությամբ, փորձում է նվաստացնել հայ կնոջը, հայ մորը և նրա երեխային։ Հետո էլ ասում են՝ տղամարդկություն։ Այսինքն, ո՞ւր է այստեղ տղամարդկություն։ Գնում է Ալիևի մոտ՝ ժպտում է, սուրճ է առաջարկում, սուրճ է հյուրասիրում, կուռկուռի ձագ է դառնում, Ալիևի «տասովշչիկն» է դառնում, շատ լավ, պատվով էլ կատարում է այդ դերը։ Հետո հետ է գալիս երկիր՝ ներսում առյուծ է կտրում։ Փոխանակ պայքարի Ալիևի տարածած ատելության դեմ, ավելի մեծ ջանքով է տարածում այդ ատելությունը։
Այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ սրտիկներն ու պաչիկները հորինվել են հանուն պաշտոնի, որ դրանք կեղծիք են, որ դրանք արվել են օգուտ ստանալու համար։ Ճիշտ են ասում, որ բնավորությունն է որոշում ճակատագիրը, որ այս արտաքին խաբեությունները անմիջապես երևում են, երբ ցուցադրվում է իրական բնավորությունը, վերաբերմունքը»,-ասել է «Միասնության թևեր» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ Youtube-ում արձագանքելով Նիկոլ Փաշինյանին արդեն իսկ նրա սկսած իր քարոզարշավի ժամանակ մետրոյում արցախցի կնոջը վիրավորանքներ հասցնելու համար։
«Ես դրա համար եմ ասում, որ մեզ պետք է միավորում։ Ես որպես երկրի ղեկավար թույլ չեմ տալու երբեք, որ նման մարդիկ խաղան մեր վերքերի վրա։ Մենք պետք է միավորված բուժենք մեր վերքերը։ Ես որպես ղեկավար երբեք չեմ տարածելու ատելություն, միշտ լինելու եմ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կարծիքը ու մոտեցումը հարգող։ Այնտեղ, որտեղ բաժանում են, ես միավորելու եմ: Այնտեղ, որտեղ պառակտում են, ես միավորելու եմ»,-եզրափակել է Արման Թաթոյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































