Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգանվան վրա մի ֆիքսվեք, երկուսն էլ ակտիվ քաղաքական գործիչներ են»․ Գառնիկ Դանիելյանը՝ հայր և որդի Քոչարյանների՝ «Հայաստան դաշինքի» ցուցակի առաջին տասնյակում հայտնվելու առիթով

Ապրիլ 14,2026 15:41 Share

«Ինչի՞ց ենթադրեցիք, որ ինձ համար անակնկալ է եղել կամ ինձ համար կարևոր է ցուցակում այս կամ այն տեղը զբաղեցնելը։ Թե 2018-ի վարկանիշային ընտրությունների ժամանակ, թե 2021-ի ընտրություններին երբեք ցուցակում իմ տեղի հետ կապված դժգոհություն չեմ ունեցել»,-հարցին՝ անակնկա՞լ էր, որ «Հայաստան դաշինքի» ցուցակի 14-րդ տեղում եք, անելիք չունեի՞ք, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա վստահեցրեց՝ իրենց թիմում ցուցակի տեղի համար պայքար չկա, մարտեր առանց կանոնների չկան․ «Ես ինքս ասել եմ իմ ընկերներին, որ ինձ համար միևնույն է՝ ցուցակում կլինեմ, չեմ լինի, որ տեղում կլինեմ։ Իմ պայքարը ոչ մանդատի, ոչ պատգամավոր լինելու համար չէ»։

Նա վստահեցրեց՝ բացի իշխանություններից՝ որևէ այլ թիրախ չունեն․ «Նոր խորհրդարանը ձևավորվելուց հետո բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է այդ հարցը տան՝ եթե իրար հետ չեն համագործակցում, իշխանություններին հեռացնելու՝ իրենց օրակարգը ո՞րն է։ Մենք համագործակցում ենք ընդդիմադիր ուժերի հետ գործող իշխանություններին հեռացնելու համար»։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ որևէ ուժ միայնակ չի կարողանա ձևավորել մեծամասնություն՝ 50+1 ձայների հարաբերակցություն․ «Կարծում եմ՝ հավաքական ընդդիմությունը հնարավորություն ունի ճիշտ աշխատանքի դեպքում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել»։

Լրագրողների փաստմանը՝ «Հայաստան դաշինքի» ցուցակի առաջին տասնյակում երկու Քոչարյան կա, դա նորմա՞լ է ներքին ժողովրդավարության տեսանկյունից, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Ամեն ինչ նորմալ է, ազգանվան վրա մի ֆիքսվեք։ Երկուսն էլ ակտիվ քաղաքական գործիչներ են»։

Գառնիկ Դանիելյանը նաև նշեց՝ ժամանակ է եղել, որ ինքն անգամ մանդատը վայր դնելու ցանկություն է ունեցել։

Փաստմանը՝ GALLUP International Association-ի հարցումներով՝ «Հայաստան դաշինքը» չի հաղթահարի ութ տոկոսի շեմը, Գառնիկ Դանիելյանն այսպես արձագանքեց․ «Մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում իմ կարծիքն այն է, որ այդպես չէ։ Եթե իմանայինք՝ ութ տոկոսը հաղթահարելու հնարավորություն չունենք, կգնայինք կուսակցական ցուցակով։ Ուրեմն մտածել ենք, չէ՞, որ նման խնդիր չկա։ Բայց չեմ էլ ուզում մեծամտորեն ասել, որ ընտրությունները գան, 50+1 կունենանք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930