ԱՆԻ կենտրոնի տնօրեն Թաթուլ Հակոբյանի մեկնաբանությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ռուս դիտորդների մասնակցության մասին.
Հայաստանի պատմության ընթացքում միշտ եղել են եւ արեւմտյան դիտորդներ, ԵԱՀԿ դիտորդական առաքելություն է եղել, ԵԽ դիտորդական առաքելություն է եղել կամ համատեղ են եղել, եղել է ԱՊՀ դիտորդական առաքելություն, որ ավելի շատ մենք ռուսական ենք ընկալել։
Այստեղ ուշագրավն այն է, թե մենք ինչ կարող ենք սովորել մասնավորապես հետխորհրդային տարածքի դիտորդական առաքելություններից, որովհետեւ այդ երկրներն այդքան էլ ընտրություններ կազմակերպելու, ընտրություններ առանց խախտումների անցկացնելու, մրցակցային հավասար պայմանների ընտրություններ անցկացնելու պատմություն եւ փորձ չունեն։ Հետեւաբար, երբ խոսում ենք Ռուսաստանի մասին, պետք է հասկանանք, որ այդքան էլ սովորելու բան այս հարցում Հայաստանը Ռուսաստանից եւ հետխորհրդային ավտորիտար այլ երկրներից չունի։
Դիտորդական առաքելությունների բազմազանությունը կարող է միայն օգտակար լինել։ Սրա հետ մեկտեղ պետք է նշենք մի մտահոգիչ իրականություն, երբ ընտրությունները վերածվում են աշխարհաքաղաքական մրցակցության, երբ արեւմտյան դիտորդական առաքելությունը մի բան է ասում, ԱՊՀ դիտորդական առաքելությունը բոլորովին այլ բան է ասում։
Ես ուզում եմ հիշեցնել, որն 90-ականների վերջերից 2000-ականներին, երբ Հայաստանի ընտրությունները դիտարկվել են եւ ԱՊՀ դիտորդական առաքելությունների կողմից եւ ԵԱՀԿ արեւմտյան դիտորդների կողմից, միշտ էլ նրանց տեսակետները գրեթե 180 աստիճանով տարբեր է եղել։ ԱՊՀ դիտորդները սովորաբար իրենց աջակցությունն են հայտնել գործող իշխանություններին, որոնք ինչպես հայտնի է, ինչպես գիտենք, ընտրությունները կեղծել են։ Եղել են տարբեր բռնաճնշումներ, ոչ հավասար պայմաններ եւ հակառակը՝ արեւմտյան դիտորդները փորձել են ավելի օբյեկտիվ գնահատական տալ։
Կարդացեք նաև
Հետաքրքրական է այս դեպքում, այս ընտրություններում, որ կա հայ-ռուսական լարված հարաբերություններ, եւ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Պամֆիլովան հայտնում է Հայաստան դիտորդական առաքելության մասին, առաքելություն ուղարկելու մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նշանակում է արդյոք, որ նրանք ավանդույթը պահելու են եւ էլի աջակցելու են գործող իշխանություններին, ինչպես արել են նախկինում, թե այս անգամ նրանք ավելի շատ աջակցելու են ընդդիմությանը։
Եւ այս դիրքից ես ուզում եմ նաեւ արեւմտյան դիտորդների հետ կապված հարց տալ՝ արդյոք ԵԱՀԿ արեւմտյան դիտորդները նույն այն հետեւողականությամբ, նույն նախանձախնդրությամբ դիտարկելո՞ւ են ընտրությունները եւ չեզոք գնահատական են տալու, ինչպես տվել են նախորդ ընտրությունների ժամանակ։ Երբ միշտ նրանց գնահատականներն ավելի շատ եղել են ընդդիմության օգտին՝ հասկանալի պատճառով, որովհետեւ այդ ընտրություններից մի քանիսում առնվազն նաեւ կարող ենք ասել ընդդիմությունը հաղթել է, հաղթել է, բայց իշխանության չի հասել։ Եվ այս դեպքում, երբ Արեւմուտքի աջակցությունն ամբողջությամբ գործող իշխանությունների կողմն է։
Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակ


















































