Շիրակի մարզի 5 գյուղական՝ Աշոցքի Թավշուտ, Ամասիայի Մեղրաշատ, Ախուրյանի Փոքրաշեն, Գետք և Կրաշեն բնակավայրերի բնակիչներն՝ ի նշան բողոքի՝ ստորագրահավաք են սկսել իրենց համայնքների դպրոցների փակման դեմ։ Նրանք «Ազգային կրթություն» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կոլեկտիվ հանրագրերով դիմել են կառավարությանը՝ պահանջելով չեղարկել գործընթացը։
Այս մասին «Կանգնի՛ր, գյուղը մի դատարկիր» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին «Ազգային կրթության» Շիրակի մարզային խորհրդի ներկայացուցիչները։
Արմեն Ներսիսյանը բարձրաձայնեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում 229 դպրոց է փակվելու, որից 48-ը՝ Շիրակի մարզում։ Ընդ որում՝ փակում են գյուղական համայնքների միակ դպրոցները, ավելին, համայնքներից շատերը սահմանամերձ են։
«Տրամաբանությունն այն է, որ «ցեխից հանեն գյուղի երեխաներին», որպեսզի ցեխից հանեն երեխային, գյուղն են փակում, որովհետև միակ դպրոցի փակումը գյուղում ենթադրում է կարճաժամկետ հեռանկարում գյուղի դատարկում»,- ասաց Արմեն Ներսիսյանը։
Կարդացեք նաև
Բանախոսը ուշադրություն հրավիրեց Ամասիա խոշորացված համայնքին, որտեղ 26 բնակավայր կա, 19 դպրոց է գործում, որից 15-ը փակում են, նախատեսել են թողնել ընդամենը 4 դպրոց։
«Ես չգիտեմ՝ ինչ հաշվարկով ու ինչ տրամաբանությամբ են սա անում, հատկապես, որ Ամասիան տիպիկ լեռնային, ցուրտ բնակլիմայական պայմաններով է առանձնանում, ինչպե՞ս են աշակերտների տեղափոխումն ապահովելու։ Սրա հետևանքը լինելու է գյուղերի դատարկումը, Աշոցքում և Ախուրյանում 11 միակ դպրոցներ են փակվելու»,- տեղեկացրեց Արմեն Ներսիսյանը։
Նա ուշադրություն հրավիրեց նաև կեղծ, մանիպուլյացիոն թեզերին, որոնց շրջանառմամբ էլ փակելու են դպրոցները։
«Դրանցից մեկն այն է, որ գյուղացիները դժգոհ չեն այս գործընթացից, շատ լավ է, որովհետև նոր դպրոցներ են կառուցվում, այսպես կոչված կլաստերային դպրոցներ։ Բայց մեր շփումները ցույց են տալիս, որ գյուղերում բավական մեծ դժգոհություններ կան, հստակ հասկանում են, որ գյուղում դպրոց փակելը նշանակում է գյուղի դատարկում։
Հաջորդ կեղծ թեզն այն է, որ ավերակ դպրոցներ են փակվում, այդպես չէ, ոչ միայն Շիրակի մարզում,այլ ամբողջ հանրապետությունում բազմաթիվ նորակառույց դպրոցներ են ներառված այս տխրահռչակ ցուցակում։
Եվ հաջորդ կեղծ թեզը, թե իբր փակում են մի քանի հոգանոց դպրոցները։ Այդպես չէ, 50 եւ ավելի աշակերտներ ունեցող բազմաթիվ դպրոցներ են փակում, ցուցակում են Շիրակի մարզի Բայանդուր համայնքի դպրոցն է, որն ունի 113 աշակերտ, փակում են սահմանամերձ բնակավայրերի դպրոցները»,- ասաց Արմեն Ներսիսյանը։
Նա շեշտում է՝ խնդիրը միայն կրթության տիրույթում չէ, սա ուղիղ սպառնալիք է պետականությանը, ազգային անվտանգության հարց է։
Գետք գյուղի բնակչուհի, երեք անչափահաս երեխաների մայր Վարդուհի Ցոլակյանն էլ փաստեց, որ գյուղի դպրոցը վերանորոգված է, 72 աշակերտ ունի, սակայն չգիտես ինչու միավորման ծրագրի մեջ է։ Այն ծրագրի մեջ է ներառվել՝ առանց գյուղի բնակիչների կարծիքը հաշվի առնելու։
Ըստ բանախոսի՝ իր երեք երեխաները տարբեր դասաժամերի են դասերի գնում, ինչպե՞ս են տանելու հարևան համայնք և ինչ տրանսպորտով։
Սահմանամերձ Մեղրաշատ գյուղի դպրոցի ուսուցչուհի Անահիտ Նահապետյանն էլ լաց եղավ՝ խոսելով դպրոցների փակման մասին։ Նա հիշեց Արցախը, որտեղ դաս էր տալիս։ Միավորելու են Մեղրաշատի, Բյուրակնի ու Ողջիի դպրոցները։ Ուսուցչուհին պնդում է՝ շենքային պայմանները պարտադիր չեն որակյալ կրթության համար, նպաստող են, սակայն որակյալ կրթության հիմք չեն կարող հանդիսանալ։
Ուսուցչուհին ասում է՝ Բյուրակն հասնելու համար սարերով-ձորերով, ցեխերի միջով են գնում, վախենում են՝ մեքենաները կողաշրջվեն։Վերջերս բողոքել են Մեղրաշատ-Բյուրակն ճանապարհի անանցանելիությունից, կավ են լցրել՝ այն դարձնելով ավելի անանցանելի։ Երբեմն մեքենաները թաղվում են, ուսուցիչներն են մեքենաները հրում, դուրս բերում, եւ այդ ճանապարհն է առաջարկվում սահմանամերձ Մեղրաշատի դպրոցի երեխաներին։
Դպրոցների միավորմամբ կրճտվում է նաև ուսուցիչների ու վարչական աշխատակիցների թիվը։
Հնչեց կարծիք, որ դպրոցների փակումն ուղիղ կապ ունի «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի հետ։
«Եթե դուրս գանք այն ճոռոմ բառերից, ինչը կառավարությունը ներկայացնում է որպես որակյալ կրթության հասանելիության ապահովման ծրագիր, այս քողարկված ծխածածկույթից դուրս գանք և փորձենք տեսնել քաղաքական նպատակը, այն նույնիսկ իրենց բերանով արտաբերած «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտն է։ Այսինքն, որպեսզի 300-400 հազար ադրբեջանցիներ բնակեցվեն Հայաստանում, ոչ միայն Ադրբեջանն է հայտարարում, որ քայլելով են գալիս, այլ ավելին՝ մեր իշխանավորներն են ասում, որ գրկաբաց էլ ընդունելու են»,-ասաց Էդգար Մակարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































