Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, օրերս անդրադառնալով Գյումրու քաղաքային կառավարմանը, հայտարարել էր, որ այն տապալված է։ Ըստ նրա, այդպես բնութագրելու պատճառը քաղաքում տիրող պատկերն է՝ կապված փոսալցման, ասֆալտապատման աշխատանքների, աղբահանության հետ։
«Քաղաքով քայլելով արդեն պարզ է, թե կառավարման մոդելը ինչ ձևով է ընթանում, դա միայն իմ դժգոհությունը չէ, այլ գյումրեցիների դժգոհությունն է»,- ասել էր մարզպետը։
Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ Վարդան Ղուկասյանի փեսան, այսօր «Կոմունիստական կուսակցության»՝ քաղաքային իշխանության ղեկը ստանձնելու մեկ տարվա առթիվ հաշվետվություն ներկայացնելիս՝ անդրադարձավ Դավիթ Առուշանյանի քննադատությանը։
Ավետիս Առաքելյանն ասաց․ «Թողնում եմ այդ ամենը մեր գյումրեցիների գնահատականին, որովհետև պոպուլիզմը և գեղեցիկ մտքեր շարադրելը, նախադասություն կազմելը 8 տարիների ընթացքում քայքայել է Հայաստանի Հանրապետությունը։ Բա ո՞ւր է գործը, աշխատանքը․ 13 տարի հեռու լինելով քաղաքային իշխանությունից՝ Գյումրու քաղաքապետը վերընտրվեց, որովհետև աշխատանք ուներ արած։ Նրա ծրագրի 31 կետից 22-ը ընտրական մեկ տարին լրանալուն պես կատարված է։ Սա է, ամբողջը տեսանելի է, և գյումրեցին դա զգում է։
Ինչ վերաբերում է փոսալցմանը, ասֆալտապատմանը, ինչքան ուսումնասիրել եմ 2023, 2024 թվականները, այդ աշխատանքները միշտ կատարվել են մայիսի կեսերից։
Կարդացեք նաև
Հիմա ապրիլ ամսից փոսալցման աշխատանքներ են կատարվում Գյումրի քաղաքում։ Այնպես չէ, որ մենք եկանք՝ էդ փոսերը գոյացան Գյումրիում, տարիների կուտակվածի արդյունքն է, մենք էլ կատարելու ենք որակով, հետևողական»։
Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն էլ ասաց․ «Ես չէի ուզենա, որ Շիրակի մարզպետը նման անզգույշ հայտարարություն աներ, ես մարզպետին խորհուրդ կտայի, որ ոչ թե նման կոշտ ու կոպիտ պատասխան տար, այլ ասեր՝ ինչո՞վ է աջակցել Շիրակի մարզում գտնվող խոշոր քաղաքային իշխանություններին՝ որպես մարզային կառույց, որտեղ ինչ աջակցություն է ցուցաբերել, որ մենք չենք ընդունել կամ չենք արել, հետո նոր թիրախավորեր»։
Մանրամասները տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































