Ապրիլի 27-ին Բարձրագույն դատական խորհրդում կլսվի Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Արդարադատության նախարարի այս տարվա հունվարի 14-ի թիվ 06-Ա որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Արդարադատության նախարարը մարտի 16-ին միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի նիստը նախ նշանակվել էր ապրիլի 13-ին, ապա` 27-ին:
Հիշեցնեմ, որ նա նշանակվել էր դատավոր ՀՀ էքս-նախագահ Արմեն Սարգսյանի 08.06.2018թ. հրամանագրով: Մինչ այդ Գեւորգյանը 2012 թվականի սեպտեմբերի 27-ից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն էր:
Կարդացեք նաև
Նշեմ, որ այս նույն օրը նշանակվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասի հրապաեւակումը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարը: Նախարարի հունվարի 7-ի 01-Ա որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Ապա նախարարը դիմել է ԲԴԽ:
Այս գործով հայտնի է, որ պատասխանատվության ենթարկելու հիմքում դրվել է երեխայի որդեգրման մասին դատավորի որոշումը, առանց եզրակացության, իրավական հիմնավորվածության: Որդեգրման դիմում ներկայացրած անձը հաշվառված չի եղել, իսկ երեխան ներառված չի եղել որդեգրման ենթակա երեխաների ցուցակում:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ռուբինա Աթոյանը ԲԴԽ-63-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թ. սեպտեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.04.2026


















































