Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես ձեռքբերում ներկայացվում է ոչ թե առաջընթացը, այլ՝ վատթարացումից խուսափելը. 168.am

Ապրիլ 17,2026 16:09 Share

168.am. Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում որպես լուրջ ձեռքբերում ներկայացված է այն հանգամանքը, որ առաջատար միջազգային վարկանիշային գործակալությունները չեն նվազեցրել Հայաստանի վարկանիշը։

Զեկույցի 25-րդ էջում նշված է. «2025 թվականին առաջատար երեք միջազգային վարկանշային գործակալությունները վերահաստատել են Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ ընդգծելով երկրի մակրոտնտեսական կայունությունը: Մասնավորապես, «Մուդի’զ»-ը պահպանել է «Ba3» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով, իսկ «Ֆիթչ»-ը և «Ստանդարդ ընդ Փուրզ»-ը վերահաստատել են «BB-» վարկանիշը՝ փոխելով հեռանկարը «կայուն»-ից «դրական»-ի:»։

Սակայն այս ձևակերպումների տակ թաքնված իրականությունը շատ ավելի համեստ է, քան փորձում է ներկայացնել ՀՀ կառավարությունը։ 2025թ. «Մուդի’զ»-ի գնահատմամբ ՀՀ սուվերեն վարկանիշը կազմել է «Ba3», մինչդեռ 2017թ. այն եղել է «B1»՝ ընդամենը մեկ հորիզոնականով ցածր: Նմանատիպ պատկեր է նաև «Ֆիթչ»-ի դեպքում: 2025թ. վարկանիշը եղել է «BB-», իսկ 2017թ.՝ «B+», որը կրկին ընդամենը մեկ հորիզոնականով է զիջում ներկայիս մակարդակին։ Այսինքն՝ ավելի քան 7 տարվա ընթացքում արձանագրվել է ոչ թե որակական առաջընթաց, այլ գրեթե աննշան տեղաշարժ։

Ավելին, և՛ «Մուդի’զ»-ի «Ba3», և՛ «Ֆիթչ»-ի «BB-» վարկանիշները հանդիսանում են «ոչ ներդրումային», «սպեկուլյատիվ»:

Արդյունքում ստացվում է, որ 2018-ից հետո ձևավորված իշխանության ավելի քան յոթ տարվա գործունեությունը հանգեցրել է ընդամենը մեկ աստիճանի բարելավման՝ առանց համակարգային առաջընթացի։ Սա խոսում է այն մասին, որ իրականացված «բարեփոխումները» չեն ստեղծել ո’չ վստահելի ինստիտուցիոնալ հիմք, ո’չ էլ անվտանգային և տնտեսական այնպիսի միջավայր, որը կարող էր իրականում բարձրացնել երկրի վարկային հեղինակությունը։

Այս համատեքստում հատկապես խոսուն է ՀՀ կառավարության մոտեցումը. որպես ձեռքբերում ներկայացվում է ոչ թե առաջընթացը, այլ՝ վատթարացումից խուսափելը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել