Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

«Չլինելով արևելագետ՝ հե՞շտ է ղեկավարել ինստիտուտը» հարցը վրդովեցրել է Գոհար Իսկանդարյանին

Սեպտեմբեր 11,2026 22:00 Share

Aravot.am-ը հարցում էր ուղարկել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանի անունով: Խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ինչու են Արևելագիտության ինստիտուտում գիտական աստիճան և կոչում ունեցող բազմավաստակ գիտնականներին ազատում աշխատանքից՝ Scopus-ում հոդված չունենալու պատճառով կամ կես դրույքով տեղափոխում լաբորանտի և նման այլ հաստիքների:

2. Արդյոք Scopus-ում հրապարակվելը որակի երաշխիք է:

3. Ինչու հաշվի չի առնվում վաստակաշատ գիտնականների վաստակը, գրած գրքերը, մենագրությունները:

4. Անձամբ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը քանի հոդված ունի Scopus-ում:

5. Չլինելով արևելագետ՝ հե՞շտ է ղեկավարել Արևելագիտության ինստիտուտը:

 

Տիկին Իսկանդարյանից ստացել ենք հետևյալ գրավոր պատասխան, որտեղ մասնավորապես նշված է. «2023 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» N 2298-Ն որոշումը, համաձայն որոշման՝ գիտահետազոտական կենտրոնները պետք է իրականացնեն գիտական համակազմի ատեստավորման գործընթաց՝ համապատասխան նոր չափորոշիչների։

Արևելագիտության ինստիտուտ ՊՈԱԿ-ը (2026 թ. մարտից ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն այլևս գոյություն չունի), լինելով ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ, պարտավոր է կատարել կառավարության ընդունած որոշումը։

Հավելենք, որ այս որոշման մասին՝ Արևելագիտության ինստիտուտ ՊՈԱԿ-ի գիտական ողջ անձնակազմը պատշաճ կերպով իրազեկվել է։ Որոշումը քննարկվել է Գիտական խորհրդում, որի անդամ են եղել նաև վաստակաշատ գիտնականները։ Ատեստացիայի անցկացման օրը, ժամը, հանձնաժողովի կազմը միաձայն հաստատվել են Ինստիտուտի գիտական խորհրդի կողմից (Գիտական խորհրդի բոլոր քաղվածքները առկա են)։

Ատեստացիոն գործընթացը իրականացվել է որոշման պահանջներին համապատասխան՝ հանձնաժողովի կողմից։ Որոշման համաձայն՝ յուրաքանչյուր գիտաշխատող իրավունք ուներ եռօրյա ժամկետում բողոքարկել հանձնաժողովի որոշումը։ Նման բողոք հանձնաժողովը և տնօրենը չեն ստացել»։

Տիկին Իսկանդարյանը նշել է, որ 2-րդ հարցը, ըստ էության, չպետք է ուղղվեր Արևելագիտության ինստիտուտ ՊՈԱԿ-ին, քանզի ոչ որոշման կազմմանը, ոչ էլ չափորոշիչների ընդունման գործընթացին ինստիտուտը մասնակցություն չի ունեցել։ Նաև հավելել է, որ սահմանված չափորոշիչների համաձայն՝ ընդունելի են ոչ միայն Scopus, այլև Web of Science միջազգային գիտական շտեմարաններում (ՄԳՇ) ընդգրկված պարբերականներում հրապարակված հոդվածները։

Ինչ վերաբերվում է 3-րդ հարցին, Իսկանդարյանը նշել է. «Անշուշտ, գիտաշխատողների կողմից կատարված աշխատանքների արդյունքները հաշվի են առնվել, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ բոլոր գիտաշխատողները իրենց կատարած աշխատանքի համար վարձատրվել են ամենամսյա ռեժիմով։ Վաստակաշատ մի քանի գիտնական իրենց դիմումի համաձայն անցել են հեռավար աշխատանքի, ինչով ապահովվել է նրանց առավել ազատ գործունեությունը։ Հաշվի առնելով նրանց աշխատանքի կարևորությունը՝ Արևելագիտության ինստիտուտ ՊՈԱԿ-ն իր միջոցներից ֆինանսներ է հատկացրել՝ նրանց արժեքավոր, սակայն նոր չափորոշիչներով չհաշվարկվող աշխատանքները տպագրելու համար։ Ի պատասխան Ձեր 4-րդ հարցի՝ նշենք, որ Արևելագիտության ինստիտուտ ՊՈԱԿ-ի ատեստավորման արդյունքում ստուգվել են բոլոր գիտաշխատողների կատարած հնգամյա աշխատանքները։ Այն հոդվածները, որոնք տպագրվել են ՄԳՇ ամսագրերում, առկա են համացանցում»։

Արևելագիտության ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրենին, սակայն, դուր չեն եկել մեր վերջին երկու հարցերը, և նա հետևյալ կերպ է արձագանքել. «Հատկանշական է, որ, լինելով պրոֆեսիոնալ լրագրող և քաջածանոթ ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների բովանդակությանը, Դուք, այնուամենայնիվ, անտեսել եք, որ դրանց հղում կատարելը չի վերացնում անձնական տեղեկությունների պաշտպանության պահանջները և չի կարող արդարացնել լրագրողական էթիկայի նորմերի խախտմամբ նման տեղեկություններ ստանալու փորձը։ Այնուամենայնիվ, Ձեր 5-րդ հարցին ի պատասխան՝ նշենք, որ ես Արևելագիտության ինստիտուտի տնօրեն եմ ընտրվել ինստիտուտի կոլեկտիվի բացարձակ քվեներով՝ 41 կողմ, 10 դեմ, ինչը խոսում է մասնագիտական կարողություններիս և կոլեկտիվի կողմից ընդունված լինելու մասին։ Ավելին, իմ հարցազրույցները և սոցիալական ցանցում կատարած մասնագիտական գրառումները տեղ են գտել նաև aravot.am կայքում. ընդհանուր առմամբ այդ հարթակում առկա է 31 նմանօրինակ հրապարակում։

Արևելագիտության ինստիտուտ ՊՈԱԿ-ի ակտիվությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում կարող եք տեսնել ինչպես ինստիտուտի պաշտոնական կայքէջում, այնպես էլ ֆեյսբուքյան հարթակում։ Ի դեպ, երկու հարթակներում էլ կգտնեք վաստակաշատ գիտնականների մեծարման և նրանց հրապարակումների մասին նյութեր»։

Փաստենք, որ մեր հարցերը ոչ թե տնօրենի անձնական կյանքի մասին էին, այլ նրա մասնագիտական համապատասխանության և ղեկավար պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ, առավել ևս, որ դա հանրային հետաքրքրության հարց է, երբ խոսքը պետական կազմակերպության ղեկավարի մասին է։ Մենք չենք խնդրել տրամադրել գաղտնաբառ, բժշկական տվյալներ, ընտանեկան հանգամանքների և այլնի վերաբերյալ տեղեկատվություն։ Մենք հարցրել ենք պետական գիտական կազմակերպության ղեկավարի մասնագիտական գործունեության և մասնագիտական համապատասխանության մասին։ Տնօրենի պատասխանը՝ «41 կողմ, 10 դեմ», իրականում պատասխանում է այլ հարցի, հատկապես որ չենք հարցրել՝ «Ինստիտուտի կոլեկտիվն ընդունո՞ւմ է Ձեզ»։

Հարցրել ենք՝ արդյոք արևելագետ չլինելը դժվարություն է Արևելագիտության ինստիտուտ ղեկավարելու համար։ Այսինքն՝ 41/10 հարաբերակցությունը կարող է ցույց տալ, որ նրան ընտրել է կոլեկտիվը, բայց չի պատասխանում մասնագիտական դիսցիպլինային համապատասխանության հարցին։

«Արդյոք Scopus-ը որակի երաշխիք է» հարցի հասցեատերն, այո, կառավարությունն է, ու հենց այդ պատճառով մեր՝ տնօրենի սեփական հրապարակումների մասին հարցն ավելի տրամաբանական է: Եթե ղեկավարությունը կիրառում է արտաքին չափորոշիչներ իր ղեկավարած գիտական կազմակերպության գիտաշխատողների նկատմամբ, հանրությունը կարող է հարցնել նաև ղեկավարի սեփական գիտական գործունեության մասին։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930