📢 Ապրիլի 17-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ։ Պաշտպանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
ℹ️ Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցներ են ունեցել նաև ՄԻՊ ներկայացուցիչները, արձանագրել նրանց բարձրաձայնած հարցերը:
➡️ Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները տեղում քննարկվել են ինչպես քրեակատարողական ծառայության, այնպես էլ բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ։
➡️ Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմաններին: Պաշտպանին ներկայացվել են հիմնարկում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։
Կարդացեք նաև
➡️ Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանների էական բարելավումը, միևնույն ժամանակ կարևորելով, որպեսզի այդ բարեփոխումները լինեն շարունակական։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այդ հանգամանքը նպաստում է ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետ իրականացմանը։
➡️ Այցի շրջանակում հավաքագրված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:
➡️ Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է Քրեակատարողական ծառայության հետ համագործակցությունը՝ արձանագրվող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի դիտանկյունից։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
➡️ Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։
➡️ Արձանագրված խնդիրները պարբերաբար ներկայացվում են հրապարակային, ընդգրկվում ՄԻՊ զեկույցներում, քննարկվում իրավասու մարմինների հետ` պահանջելով շուտափույթ և ամբողջական լուծումներ:
📌 Քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերը կրում են շարունակական բնույթ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան


















































