«Հայաստանի քաղաքական համակարգը շարժվում է սխալ ուղղությամբ, ու մենք փորձում ենք ուղղել այդ սխալ ընթացքը»,- այս մասին հայտարարեց լրագրող, հասարակական գործիչ Կարպիս Փաշոյանը՝ ապրիլի 18-ին կայացած «Լուսավոր Հայաստան» կուսակցության 10-րդ համագումարում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարպիս Փաշոյանը հայտարարել էր, որ լինելու է կուսակցության ընտրացուցակում։
Կարպիս Փաշոյանի խոսքով, ամիսներ շարունակ «Լուսավոր Հայաստան»-ը փորձել է հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանին ու հակապետական տարրերին իշխանությունից հնարավոր է հեռացնել միայն միասնական ընդդմիադիր մեկ ընտրացուցակով, սակայն հավակնոտ, բայց արդյունավետ այդ ծրագիրը կյանքի չկոչվեց։
«Քաղաքական ուժերի սխալ հաշվարկները, էգոիզմը, ագահությունը, վարչապետական մոլեռանդ մրցավազքին մասնակցելու բարդույթը խանգարեցին։ Մենք տեսնում ենք մարդկանց, որոնք ամեն ինչի պատրաստ են, որպեսզի մի քանի վայրկյան իրենց անվան դիմաց գրվի վարչապետի թեկնածու»,-հայտարարեց Փաշոյանը։
Կարդացեք նաև
Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները, ըստ այդմ, դառնում են սովորական մի ընտրություն, ինչպիսին էին Հայաստանում տեղի ունեցած բոլոր խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, սակայն, Կարպիս Փաշոյանի դիտարկմամբ, սա չի կարող լինել սովորական ընտրություն։
«Սա չի կարող լինել 10 հազար դրամ թոշակ բարձրացնելու, 300 հազար աշխատեղերի, տիեզերական խոստումների ընտրություն։ Սա Հայաստանի անկախ, ինքնիշխան պետություն լինել-չլինելու հարցն է»,-հայտարարեց Փաշոյանը։
Ի դեպ, «Լուսավոր Հայաստան»-ը չի այրելու ընդդիմադիր գործընկերների հետ կամուրջները, քանի որ, ըստ Փաշոյանի՝ համոզված են, որ «մի օր, մի պահ փոփոխություններ բերելու հրամայականը մեզ նստեցնելու են նույն սեղանի շուրջ» ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ




















































