Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

Մենք կլինենք պառլամենտում ու կկատարենք մեր դերը․ Էդմոն Մարուքյան

Ապրիլ 18,2026 16:16 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցության 10-րդ համագումարում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ հնչող այն տեսակետներին, որ իբր  փոքր ուժերը փոշիացնելու են քվեները։  «Ուժեր կան, որոնք մեկնարկային պայմաններում ունեն զրոյական ռեյտինգ, ուժեր կան, որ ունեն 1-3 տոկոս։ Այդ ուժերին ասել, որ ձայները կփոշիացնեք, մի քիչ աբսուրդի ժանրից է։ Ուժեր կան, որ կարող է քարոզարշավի մեջ մտնեն 7-8% ռեյտինգով, բայց վերջում 2%-ով դուրս գան, մենք ունեցել ենք նման փորձ»,-ասաց Մարուքյանը։

Ըստ Մարուքյանի,  այնպես չի լինելու, որ եթե «Լուսավոր Հայաստանը» չմասնակցի ԱԺ ընտրություններին, ապա իրենց ընտրողները քվեարկելու են այլ ընդդիմադիր ուժի։ «Ես ձեզ ասում եմ՝ մեր պարագայում այդպես չի, մեր ընտրողները լավագույն դեպքում չեն գնալու ընտրության։ Կարող է՝ կան ուժեր, որոնք համընկնումներ ունեն, եւ այդ համընկնումները բերում է նրան՝ որ մասնակցում են, ձայները կիսում են, տանում են տարբեր տեղեր, մեր պարագայում այդպես չէ։ Էլի ուժեր կան, որ իրենց պարագայում էլ այդպես չի, օրինակ ՀՅԴ-ն»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդն ու հիշեցրեց նաեւ վատթարագույնի մասին՝ «ընտրական մասնակցությունը կնվազի, իշխող ուժի կոնսոլիդացված ընտրողը կգնա ընտրական տեղամաս եւ իշխանության տոկոսը կավելանա»։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Մարուքյանին չհաջողվեց ընդդիմադիր ուժերին միավորել ու մեկ միասնական ցուցակով մասնակցել  խորհրդարանական ընտրություններին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ դրան խանգարեց նաեւ Գյումրիի ընտրություններ։ «Շատ ընդդիմադիր ուժեր մտածեցին, որ ԱԺ ընտրություններում էլ կարող են առանձին մասնակցել, ընտրություններից հետո միավորվել»,-ասաց նա։

Մարուքյանի համոզմամբ, իրենք  դաշտն ու իրենց քվեարկողներին բաց չեն թողել, ինչպես նաեւ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած ծրագիրը որեւէ այլ ուժի չի առաջարկելու։

«Մենք կլինենք պառլամենտում եւ կկատարենք այն դերը, որը պետք է կատարենք»,-ասաց նա։

Նշենք, որ համագումարում կուսակցության պատգամավորության թեկնածու Կարպիս Փաշոյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստան»-ը այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ կամուրջները չի այրելու։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930