Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանը դիմում է բոլոր կուսակցություններին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալու խնդրանքով

Ապրիլ 18,2026 21:08 Share

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի (Թանգարանի) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը:

Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ երջանկահիշատակ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով՝ Թանգարանը կազմակերպել է բազմազան ցուցահանդեսներ, այդ թվում ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Գաֆէսճեան Արթ Թրասթից: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Թանգարանը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրել է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպել է դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն:

Գաֆէսճեան քանդակների պարտեզն ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող Ա․ Թամանյանի անվան պուրակի տարածքը: Պուրակում են զետեղված բազմաթիվ արվեստանմուշներ, այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետներ Ֆերնանդո Բոտերոյի, Ժաումե Պլենզայի, Ջեք Յանգերմանի, Յուե Մինջունի, Ջի Յոնգ-Հոյի և այլ արվեստագետների ստեղծագործությունները:

Հաշվի առնելով Ազգային ժողովի ընտրությունների առնչությամբ իրականացվող քաղաքական գործընթացները, այդ թվում՝ սպասվող նախընտրական քարոզչությունը, հավաքները (երթերը), Թանգարանը դիմում է բոլոր կուսակցություններին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում, այդ թվում՝ Կասկադ համալիրում և Թամանյան պուրակում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալու խնդրանքով:

Հիշեցնում ենք, որ «Թանգարանների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արգելվում է թանգարանների օգտագործումը քաղաքական գործունեության նպատակով։

Քաղաքական նպատակով անցկացվող բազմամարդ միջոցառումները կարող են անդառնալի վնաս հասցնել թանգարանային նմուշներին:

«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930