Հայաստանի տնտեսության արտաքին առևտրային հաշվեկշիռը տարիներ շարունակ բնութագրվում է խոր և կառուցվածքային անհավասարակշռությամբ, որտեղ ներկրումը զգալիորեն գերազանցում է արտահանմանը՝ ստեղծելով ավելացող առևտրային դեֆիցիտ, որը հասնում է միլիարդավոր դոլարների և սպառնում է երկրի տնտեսական կայունությանը, արժութային անվտանգությանը, ինքնիշխանությանը և երկարաժամկետ զարգացման հեռանկարներին։ Այս խոր անհավասարակշռությունը ոչ միայն վկայում է տնտեսության կառուցվածքային խնդիրների մասին, այլև բացահայտում է Հայաստանի արտադրական հզորությունների սահմանափակությունը, մրցունակ արտադրանքի պակասը, արտաքին շուկաներում դիրքերի թուլությունը և, ընդհանրապես, տնտեսական մոդելի անկայունությունը, որը հիմնված է ոչ թե արտադրության և արտահանման, այլ սպառման և ներկրման վրա։
Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ներկրումը կազմում է տարեկան շուրջ 7-8 միլիարդ դոլար, մինչդեռ արտահանումը հազիվ հասնում է 3-4 միլիարդ դոլարի, ինչը նշանակում է, որ առևտրային դեֆիցիտը կազմում է մոտ 3-4 միլիարդ դոլար կամ ավելի՝ կախված տարվանից։ Սա հսկայական թիվ է փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, որի տարեկան ՀՆԱ-ն կազմում է մոտ 20-30 միլիարդ դոլար։ Առևտրային դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ զգալի է, ինչը համարվում է վտանգավոր բարձր՝ միջազգային ստանդարտների համաձայն։ Տնտեսագետները սովորաբար SOS են հնչեցնում, երբ այս ցուցանիշը գերազանցում է 5-10 տոկոսը, քանի որ դա սկսում է սպառնալիք դառնալ տնտեսական կայունության համար։ Հայաստանի դեպքում մենք ունենք էական գերազանցում, ինչը նշանակում է, որ երկիրն ավելի շատ կախված է ներկրումից։
Արտահանման կառուցվածքը բացահայտում է Հայաստանի տնտեսության մեկ այլ լուրջ խնդիր՝ ավանդական արտահանումը, որը ներառում է Հայաստանում արտադրված ապրանքները, կազմում է ընդհանուր արտահանման ավելի փոքր մասը, քան պետք է լիներ։ Վերջին տարիներին Հայաստանի արտահանման կառուցվածքում կարևոր դեր է ստանձնել վերաարտահանումը՝ այն գործընթացը, երբ ապրանքները ներկրվում են Հայաստան և հետո, առանց էական վերամշակման կամ փոփոխության, կրկին արտահանվում են այլ երկրներ։
Սակայն վերաարտահանման այս ուժեղ աճը միաժամանակ պարունակում էր լուրջ վտանգներ և խոցելիություն։
Կարդացեք նաև
Առաջին և հիմնականն այն է, որ վերաարտահանումը հիմնականում տրանզիտային գործունեություն է, որը չի ստեղծում էական ավելացված արժեք Հայաստանում։
Վերաարտահանումը չի զարգացնում տեղական արտադրությունը, չի ստեղծում նոր տեխնոլոգիաներ, չի բարձրացնում աշխատուժի որակավորումը, չի նպաստում երկարաժամկետ տնտեսական զարգացմանը։
Մյուս վտանգը վերաարտահանման անկայունությունն է։
Հայաստանի դեպքում, եթե Արևմուտքն սկսի ավելի խիստ վերահսկել պատժամիջոցների շրջանցման փորձերը և նույնականացնի Հայաստանը որպես երկիր, որտեղով սանկցիոն ապրանքները հասնում են Ռուսաստան, կարող են կիրառվել երկրորդային սանկցիաներ կամ սահմանափակումներ Հայաստանի նկատմամբ։ Սա կարող է արգելափակել արևմտյան ընկերություններից ապրանքների ներկրումը, դժվարացնել բանկային գործարքները, սահմանափակել հասանելիությունը միջազգային ֆինանսական համակարգերին։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































