Հայոց աշխարհի չքնաղ բնությամբ բնակավայրերից է Ձորագլուխը՝ փռված Ծաղկունյաց լեռների արևմտյան մոտ 2000 մ բարձրությամբ լանջերին՝ Քասախ գետի ձախակողմում։ Պատմական Մեծ Հայքի Այրարատ աշխարհի 15-րդ Նիգ գավառի գյուղերից է Ձորագլուխը, որը մշտապես բնակեցված է եղել իր տերերով։ Այսօր Ձորագլուխն ունի մոտ 300 բնակիչ։ Գտնվում է Ապարան քաղաքից մոտ 10 կմ արևելք, մարզկենտրոն Աշտարակից՝ 39 կմ հյուսիս-արևելք։ Ձորագլուխը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով, որոնց մի մասը հազարամյակներ առաջ են կերտվել տարածքի տերերի կողմից։ Գյուղից մոտ 700 մ հյուսիսարևելյան կողմում՝ բարձրադիր դիրքում է մ.թ.ա. X-VIII-րդ դարերի «Բերդի գլուխ» ամրոցը։ Գյուղն ունի նաև գեղատեսիլ շրջակայք՝ մի մասը՝ անտառապատ։ Առավել գեղեցիկ է այս օրերին՝ գարնանը, երբ Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջերի ձորակներում դեռ ձյուն կա, որոնց հալոցքից առաջացած գետակներն ու առուները, ինչպես կասեր Վարպետը․
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Ու այս պատկերներն առավել են դառնում մեր նախնիների թողած ժառանգությամբ։ Մայիսի 27-ին հնագետ Լևոն Մկրտչյանի և ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության (ՊՄՀՊՎ) Արագածոտնի մարզային ծառայության աշխատակից Արմենակ Հովհաննիսյանի հետ եղանք Ձորագլխի տարածքում։ Գյուղից 1, 5 կմ հյուսիս-արևելքում՝ անտառապատ լեռնալանջին ավերակ վիճակում պահպանվել է այսպես կոչվող Կարմիր վանք սրբատեղին։ Ըստ մասնագետների՝ վանքի 2 փոքր չափերով եկեղեցիները հիմնվել են 10-րդ դարում, հնարավոր է՝ շուտ կամ ուշ։
Կարմիր վանքի տարածքում պահպանվել է սրբատաշ տուֆից ու կրաշաղախով կառուցված 2 եկեղեցու ավերակ։ Սրբատներն իրար կից են։ Հյուսիսային կողմի եկեղեցին կիսով չափ կանգուն է։ Բազիլիկ տիպի եկեղեցի է՝ մոտ 6×7 մ չափերով։ Կառուցված է սրբատաշ տուֆից և կրաշաղախով։ Հարավայինն ավելի նեղ չափեր ունի, հիմքեց վերև մոտ 1 մ բարձրությամբ պատեր են պահպանվել։ Ունեցել են 1 մուտք՝ արևմուտքից։ Հյուսիսային եկեղեցու Խորանի պատուհանը պահպանվել է, սակայն վերին հատվածը բաց է։
Մուտքի անկյունաքարերը մոտ 2 մ բարձրությամբ ամբողջական տուֆից են։ Քարերն ունեն հիմնականում կարմիր գույն․ երևի այդ պատճառով է կոչվում Կարմիր վանք։ Իհարկե, պատերի մեջ կան նաև սև գույնի քարեր։ Ինչ-որ ժամանակ փորձել են հիմնանորոգել եկեղեցին, բայց մնացել է կիսավեր վիճակում։ Տարածքում պահպանվել են պատերի քարերը։
Հնարավոր է՝ ժամանակին այստեղ վանական համալիր է եղել, սակայն, բացի հիշյալ սրբատների ավերակներից, պահպանվել են նաև մի ավելի մեծ չափերով կառույցի հիմքեր։ Տարածքում կան նաև տապանաքարեր ու խաչքարեր, խաչքարերի պատվանդաներ, զարդանախշ քարեր։ Շատ են հատկապես խաչքարերի բեկորներ, որոնք հավաքված են մի տեղում։ Խաչքարերից մեկը համեմատաբար լավ է պահպանվել, վերին հատվածն է պակասում։
Ունեցել ե մոտ 110 սմ բարձրություն և 98 սմ լայնություն։ Խաչքարը կենտրոնում ունի շրջանաձև, արձանագիր քանդակ, որի մեջ է ներառված մեծ խաչի ներքին հատվածը։ Մեկ այլ գեղաքանդակ խաչքարի դարձյալ վերին հատվածը կոտրված է։ Ունի 1 մ լայնություն, պահպանված հատվածը մոտ 90 սմ է։ Սրբավայրի տարածքում վերջին տարիներին 2 խաչքար են տեղադրել։ Ձորագլուխ գյուղի կենտրոնում կանգուն է 19-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ հարևանությամբ հուշաղբյուր է՝ նվիրված Մեծ հայրենականում նահատակված Ձորագլխի մարտիկներին։ Գյուղի սկզբնամասում էլ Ձորագլուխ գյուղից նույն պատերազմում նահատակված 40-ից ավելի (հուշակոթողի սյուներին քանդակված են նահատակների անունները) մարտիկների հիշատակին կանգնեցրած հուշակոթողն է։ Ունի արձանագրություն․ «Կոթողը կառուցված է հայրենանվեր ու երախտապարտ ձորագլխեցիների նախաձեռնությամբ ու ջանքերով․ 1985թ․»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ











































































