«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, համապետական ընտրությունների ժամանակ (Ագգային ժողովի ընտրություն, Հանրաքվե) քվեարկելու իրավունք ունեն նաեւ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։ Մասնավորապես, ՔԿՀ-ներում հաշվառված ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության օրը 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող կալանավորված անձինք եւ ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալները։ Ըստ այդմ, վաղը՝ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությանը կմասնակցեն նաեւ անազատության մեջ գտնվող ընտրելու իրավունք ունեցող անձինք։
Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) քվեարկությունը չի սկսվում առավոտյան ժամը 8-ից։ «ՀՀ ընտրական օրենսգրքի» 63-րդ հոդվածի համաձայն՝ ՔԿՀ-ներում քվեարկության սկիզբը սահմանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ըստ այդմ, ՔԿՀ-ում քվեարկությունն անցկացվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրողների թվից, սակայն այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:
ԿԸՀ-ն մայիսի 28-ին կայացած նիստում որոշում է ընդունել ՔԿՀ-ներում քվեարկությունը սկսելու մասին։ Այսպես, «Նուբարաշեն» (ընտրական տեղամաս 10/56), «Արմավիր» (ընտրական տեղամաս 14/65) եւ «Սեւան» (ընտրական տեղամաս 26/41) քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը մեկնարկելու է ժամը 11․00-ին։
Կարդացեք նաև
Ժամը 12-ից սկսած ընտրելու հնարավորություն կունենան «Արթիկ» ՔԿՀ-ում (ընտրական տեղամաս 33/55) պատիժ կրող անձինք։
«Գորիս» (ընտրական տեղամաս 34/75) եւ «Աբովյան» (ընտրական տեղամաս 29/51) ՔԿՀ-ների ընտրելու իրավունք ունեցող անձինք կքվեարկեն ժամը 15․00-ից։ Նշենք, որ «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ են կրում կանայք ու անչափահասները։
Ժամը 14․00-ին քվեարկությունը մեկնարկելու է «Վարդաշեն» (ընտրական տեղամաս 10/57) ու «Վանաձոր» (ընտրական տեղամաս 23/64) ՔԿՀ-ներում։ Իսկ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում քվեարկության մեկնարկը ժամը 17․00-ից է։
Մեկ կարեւոր հանգամանք եւս․ բոլոր ՔԿՀ-ներում տեղամասային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների ամփոփումն սկսում է ժամը 20.00-ին` անկախ ընտրողների թվից:
Ըստ ԿԸՀ-ի հաստատած կարգի՝ վստահված անձինք, դիտորդները, այցելուները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվելու քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում անցկացվող քվեարկությանը եւ/կամ արդյունքների ամփոփման նիստին, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում գրավոր հայտ։ Պետք է նաեւ հիշել, որ վստահված անձինք, դիտորդները, այցելուները եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկ մուտքի եւ ելքի ժամանակ պարտավոր են պահպանել քրեակատարողական հիմնարկ մուտքի եւ ելքի սահմանված կարգը եւ ենթարկվել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացվող պահանջներին:
Ի դեպ, 2021թ․ հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Հայաստանի ՔԿՀ-ներում պատիժ կրող 2019 անձանցից ընտրելու իրավունք ունեին 999-ը։ Քվեարկելու իրենց իրավունքը 5 տարի առաջ իրացրել է 812 անձ։
Ավելացնենք, որ ըստ «ՀՀ ընտրական օրենսգրքի» քվեարկելու իրավունք ունեն նաեւ ձերբակալված անձանց պահելու վայրերում գտնվող ձերբակալված, ինչպես նաեւ տնային կալանքում գտնվող անձինք։
Լուսանկարներում՝ «Գորիս» ՔԿՀ-ի մասնաշենքերը
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































