Հոգեբանական մի կարծրատիպ է վաղուց ձևավորվել։ Որևէ նյութ ընթերցելիս՝ անպայման նախ որոնում են հայհոյանք կամ թեկուզ անարժան օրհնանք՝ կա՛մ-կա՛մ․․․․․․ Սթափ խոսք լսողները քչացել են: Դարձել ենք թամաշա սիրող խալխ․․․ Գիտե՞ք որն է իսկական խեղճությունը: Անօգնական վիճակը դեռևս խեղճություն չէ․․․ Խեղճը նա չէ, ով հանգամանքների բերումով հայտնվել է խղճուկ ու անօգնական վիճակում, բայց ամեն ինչ անում է այդ վիճակից դուրս գալու համար, հույսը իր վրա դնում: Իրականում խեղճը նա է, որ մտածում է՝ ինքը խեղճ է, ոչինչ չի կարող անել, սպասում է, որ գուցե մեկը կամ Աստված իրեն կհանեն այդ վիճակից, որ մարդիկ իրեն կխղճան, ողորմություն կտան, այդպես էլ յոլա կգնա… Նույնիսկ ճահիճը հաճելի է դառնում նմանների համար։ Դա արդեն հոգեվիճակ է, էություն, անգամ՝ մարտնչող տգիտություն… Առաջին դեպքում խեղճությունը սեփական ուժերով հաղթահարելի իրավիճակ է, իսկ երկրորդ պարագայում խեղճությունը՝ կործանարար ողբերգություն․․․
Այսօր այս երկու իրավիճակն ու հոգեվիճակն էլ կան Հայաստանում, սակայն հատկապես մեր երիտասարդ սերնդի վճռականությունն ու հավատը բարեբախտաբար ավելացնում են խեղճությունը սեփական ուժերով հաղթահարելու կողմնակիցների, սեփական ուժերին ապավինողների թիվը։
Իսկ մի տեսակ իներտ զանգված կա, որ սպասում է երկնային հրաշքին, ձրի մանանային, ու կախարդական փայտիկի շարժումին՝ «Նստել թախտին, սպասել բախտին»:
Մի հետաքրքիր անեկդոտ կա: Կույր հավատացյալ մեկը ծովում ալեկոծության մեջ է ընկնում: Աստծուն խնդրում է, որ իրեն փրկի: Այդ պահին կողքին հայտնվում է մի նավակ: Վարողն առաջարկում է նստել, խեղդվողը ասում է՝ «Դու գնա՛, աստված ինձ խոստացել է փրկել»: Քիչ հետո մի նավակ էլ է հայտնվում և առաջարկում նստել: Նույն ձևով խեղդվողը մերժում է երկրորդին: Ալիքներն ավելի են ուժեղանում, ծանր պահ է: Մոտենում է երրորդ նավակը և առաջարկում փրկել: Դարձյալ մերժում է կույր հավատացյալը՝ «Չէ՛, դու էլ հեռացի՛ր, աստված խոստացել է ինձ փրկել»: Ի վերջո՝ հիմար մարդը խեղդվում է, հոգին էն աշխարհում գնում է աստծու մոտ և խռովկան դիմում՝ «Տե՛ր աստված, ես քեզ այդքան պաշտում եմ, դու էլ ինձ խոստացար փրկել, բայց խեղդվեցի…»: Աստված պատասխանում է՝ «Այ անմի՛տ, բա էդ երեք նավակները ո՞ւմ համար էի ուղարկել, նստեի՛ր…»:
Կարդացեք նաև
Է~, խեղդվողների փրկությունը լողալ սովորելու մեջ է, անկաշառ փրկարարներ չեն լինում: Մանավանդ շահամոլ փրկարարները շատ մեծ փրկագին են պահանջում։ Այդպես է նաև օտար փրկարար որոնող ժողովուրդների համար…
Իսկ անծով Հայաստանի խռովահույզ ծովում բազմախոստում փրկարար նավակները պտտվում են բազմաթիվ խեղդվողների կողքերին և, վստահության փրկագին չստանալով, երբեմն դատարկ հեռանում …
Ինչևէ, խեղդվողը պետք է արժանի լինի փրկվելուն:
Իրո՛ք որ՝ մարտնչող տգիտությունը ամենավտանգավոր չարիքն է՝ անկախ բոլոր հանգամանքներից։ Եվ պատահական չէ, որ մեր թշնամիները առաջինը մեր լուսավորիչներին ու մտավորականներին են ոչնչացրել։ Իսկ երբ մարտնչող տգետին հասկացնում ես, որ ինքը տգետ է, նա իրեն անմիջապես հայտարարում է հալածյալ․․․ Այ դա «սուրբ-սուրբ» խաղալու առաջին քայլն է․․․
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
արձակագիր, հրապարակախոս
Հ.Գ. Խնդրում եմ չանձնավորել, չքաղաքականցնել և չշահարկել: Պարզապես՝ լող տալ սովորենք…
«Առավոտ» օրաթերթ
05.06.2026


















































